«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2001-05-31 | #100, 2001-06-01 | #101, 2001-06-02


ՀԻՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՇՏԿԵԼ Է ՊԵՏՔ

Նախագահների համաժողովում Ղարաբաղի հարցին առանձնապես ուշադրություն չդարձվեց

Երեկ առավոտյան, նախքան ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների նեղ շրջանակով հանդիպումը, Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանն առանձնազրույց ունեցավ Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի հետ: Ինչպես պարզվեց երկու երկրների նախագահներիՙ լրագրողներին տված կարճ պատասխաններից, քննարկման թեման դարձյալ եղել է տարածաշրջանային համագործակցության խորացումը: Ռոբերտ Քոչարյանը մասնավորապես շեշտեց, որ իրենք պայմանավորվել են այդ նպատակի համար օգտագործել ցանկացած հնարավորություն: Նախագահը շեշտեց, որ համագործակցությունը կայունացնող կարող է լինել ողջ տարածաշրջանի համար: Անդրադառնալով Անդրկովկասում երկրների անկախություն ձեռք բերելուց հետո առաջացած հիմնախնդիրներին, ըստ նախագահի, Անդրկովկասում ժամանակին ձեւավորված ամենատարբեր աշխարհաքաղաքական կողմնորոշումներում անհրաժեշտ է շտկումներ մտցնել, քանի որ իրավիճակն էականորեն փոխվել է: Կոնկրետ որեւէ շտկման մասին ոչինչ չխոսվեց:

Դրանից հետո ԱՊՀ անդամ պետությունների բոլոր նախագահները նախ նեղ շրջանակով, ապա նաեւ ընդլայնված կազմով մասնակցեցին Բելառուսի նախագահի նստավայրում նախատեսված համաժողովին:

ԱՊՀ երկրների նախագահների խոսքերից կարելի էր եզրակացնել, որ համագործակցությունը կառույցի շրջանակներում զարգանում է: Հաստատելով այս մոտեցումըՙ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անփոխարինելի համարեց ԱՊՀ-ի գոյությունն ու գործունեությունը, որի շրջանակներում առավելապես հնարավոր է լուծել հետխորհրդային միջավայրում առկա մի քանի ռազմական կոնֆլիկտներ: Երեկվա նիստում դրանցից ուշադրության են արժանացել հարավից Ղազախստանին հուզող ահաբեկչական գործընթացները, որոնց կարգավորումն իրատեսական է դառնում ինչպես Հավաքական անվտանգության պայմանագրի երկրների շրջանակներում ստեղծվող արագ արձագանքման ուժերի ձեւավորմամբ, այնպես էլ կազմվող Մեծ բարեկամության պայմանագրով: Ինչ վերաբերում է ՎՈՒՈՒԱՄ-իՙ ԱՊՀ մի քանի երկրների համագործակցությանը, Ռուսաստանը դա լիովին օբյեկտիվ է համարում: Պուտինի համոզմամբ, այդ միությունն օգնում է անդամ պետություններին առավել նեղ շրջանակներով սեփական խնդիրները լուծելու, ինչը ԱՊՀ-ն միայն կարող է ողջունել:

Քննարկման առարկա է եղել նաեւ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ վիզային ռեժիմը հանելու հեռանկարը, որը, Ռուսաստանի նախագահի խոսքերից եզրակացնելով, մոտակա լուծում չի նախատեսում: Պուտինը բավարարվեց միայն ասելով, թե այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, երկու երկրների իրավապահ մարմինները մշտական կապերի մեջ են:

Ամենահետաքրքրականը թերեւս այն էր, որ ղարաբաղյան խնդրի կարգավորմանն էականորեն ուշադրություն չդարձվեց, չնայած դրա անհրաժեշտությունը կար: Երեկ առավոտյան արարողակարգով չնախատեսված հանդիպում է կայացել Պուտինի եւ Ալիեւի միջեւ: Հանդիպման մասին մանրամասներ չեն հաղորդվում: Ադրբեջանի նախագահն ասուլիսի ընթացքում միայն վերստին նշեց, որ համոզմունք է հայտնվել հակամարտությունը լոկ խաղաղ ճանապարհով լուծելու մասին: Հեյդար Ալիեւը դարձյալ բարձրացրեց իրենց 20 տոկոս տարածքների օկուպացման հարցը, որն այդպես էլ անարձագանք մնաց ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի նախագահների կողմից:

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, Մինսկ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4