«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2001-05-31 | #100, 2001-06-01 | #101, 2001-06-02


ՆԻԿՈԼԱՅ ԳՐԻԲԿՈՎ. «ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՐ ՄԵՐ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ ՉԱՓԻՑ ԱՎԵԼԻ ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ ԷԻՆ»

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, Մինսկ

Նախորդ տարվա հունվարին եւ հունիսին ռուսական կողմի նախաձեռնությամբ Մոսկվայում կայացան այսպես կոչված «Ղարաբաղյան եռյակի»ՙ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումները Մոսկվայում, որոնք էական որեւէ արդյունք չարձանագրեցին կարգավորման գործընթացում:

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ԱՊՀ անդամ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների խորհուրդների նիստից առաջ կայացավ հանդիպում նույն ֆորմատով: Հիշեցնենք, որ հանդիպումը կայանում է լուրջ հարցականի տակ դրված ժնեւյան հանդիպումից առաջ եւ հաջող ընթացքի դեպքում կարող էր նախադրյալներ ստեղծել Ժնեւում նախագահների հանդիպման համար: Ռուսական կողմը, սակայն, ինչպես պարզ դարձավ Մինսկում գտնվող համանախագահներից մեկիՙ Նիկոլայ Գրիբկովի խոսքերից, առանձնապես հույսեր չի փայփայում, թե այս հանդիպումը նոր լիցք կհաղորդի բանակցային գործընթացին: Այսպես, Գրիբկովի խոսքերովՙ Ռուսաստանը երբեք էլ չի կարծել, թե հարցը կարող է լուծվել արագ եւ այս տարվա ընթացքում. «Մենք (մինսկյան համանախագահողները- Գ. Ա.) կարծում ենք, որ ժնեւյան հանդիպումը դեռեւս բավարար նախապատրաստված չէ, որպեսզի բավարար հաջող ստացվի»:

Սակայն հետաքրքրականն առավելապես Գրիբկովի հայտնած երկու մտքերն էին, որոնք ուղղակիորեն կարող են առնչվել բանակցությունների ընթացքում արծարծվող դետալներին: Նախ համանախագահն ասաց, թե ղարաբաղյան կարգավորման ավարտից հետո Ռուսաստանը պատրաստ է Ղարաբաղի անվտանգության երաշխավորը դառնալ: Ադրբեջանցի լրագրողի հարցին, թե ի՞նչ է նշանակում «երաշխավոր դառնալ» արտահայտությունը, Գրիբկովը խուսափողական պատասխան տվեց. «Երբ խաղաղությունը հաստատվի, մենք մանրամասն կանդրադառնանք այդ հարցին»: Հիշեցնենք, որ ամենաակտիվ կերպով այսօր քննարկվում է խաղաղարար ուժերիՙ տարածաշրջանում տեղաբաշխման խնդիրը, եւ Գրիբկովի խոսքը կարող է ուղղակի ակնարկ լինել այդ հարցում ռուսական կողմի լուրջ շահագրգռվածության մասին:

Պարզ է, որ Ռուսաստանը երբեւէ չի ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը, սակայն, համենայն դեպս, վերջին շրջանի բանակցային գործընթացներում շրջանառության մեջ չի դրել, որպես կարգավորման գործընթացում «հետաքրքրված» կողմ, այսպես կոչված Ղարաբաղի ադրբեջանական համայնքի առկայությունը: Գրիբկովը պարզորոշ հայտարարեց, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ոչ թե երկու կամ երեք շահագրգիռ կողմ է տեսնում, այլ. չորս: Որպես հակամարտող կողմեր նա նկատի է առնում Հայաստանը եւ Ադրբեջանը (չնայած հայկական կողմն ի սկզբանե հայտարարում էր, թե հակամարտող կողմ է նաեւ ԼՂՀ-նՙ պահանջելով որպես իրավահավասար սուբյեկտի նրա մասնակցությունը բանակցային գործընթացին), իսկ շահագրգիռ կողմերՙ Ղարաբաղը եւ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքը»: Ավելինՙ Գրիբկովը փաստարկ է ներկայացնում, թե 1992 թ. ԵԱՀԿ նախարարների խորհուրդն ընդունել է այդպիսի մի որոշում: Կարճ ասածՙ Ռուսաստանի կողմից սեղանին է դրվում ԼՂՀ տարածքից գաղթած ադրբեջանցիների վերադարձի եւ վերաբնակեցման խնդիրը: Թե որն է ռուսական դիրքորոշման նման շրջադարձի պատճառը, Գրիբկովը ոչինչ չի հայտնում:

Ինչեւէ, եռակողմ հանդիպումից հետո նախագահները ոչինչ լրատվամիջոցներին չհայտնեցին, որին հաջորդեց քառյակիՙ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստան, նախագահների հանդիպումը, որը քննարկում էր տարածաշրջանային համագործակցության եւ խաղաղության ամրապնդման հեռանկարները: Քառյակը հանդես եկավ համատեղ հայտարարությամբ, որով կողմերը պարտադրվում են համատեղ համագործակցել հումանիտար օգնության ոլորտում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շեշտեց, որ իրենց սիրտն ավելի է ցավում Կովկասում ստեղծված իրավիճակի համար, իսկ Ռուսաստանն ամեն ինչ կանի Մինսկի խմբի շրջանակներում նպաստելու ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորմանը: Այս առումով հատկապես Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւն ակնարկեց, թե առանց հարցի կարգավորման որեւէ համագործակցություն հնարավոր չէ:

Անդրադառնալով ժնեւյան հանդիպման ձախողմանը, մեր հանրապետության նախագահը ձեռնպահ մնաց խոսելուց, ասելով միայն, թե պարզաբանման որոշ խնդիրներ կան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4