«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2001-05-31 | #100, 2001-06-01 | #101, 2001-06-02


ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Առաջիկա երկու շաբաթվա մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն, ամենայն հավանականությամբ, Մոսկվայում: Այս մասին հունիսի 1-ին հայտնել է ՄԽ ամերիկյան ներկայացուցիչ Քերի Քավանոն հայ եւ ադրբեջանցի լրագրողների ինտերակտիվ երկխոսության ընթացքում, որը կազմակերպել էին Երեւանում եւ Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանությունները:

Քավանոն հերթական անգամ լրագրողներին հավաստիացրել է ՄԽ-ում ԱՄՆ, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի համանախագահների միջեւ որեւէ տարաձայնության բացակայության մասին: Նրանց դիրքորոշումները հակամարտության հնարավորինս շտապ կարգավորման, խաղաղության եւ կայունության հաստատման եւ տարածաշրջանի ժողովրդավարական զարգացման անհրաժեշտության առնչությամբ գործնականորեն նույնական են: Ենթադրվում է, որ Սլովենիայում հանդիպմանը նախագահներ Ջորջ Բուշը եւ Վլադիմիր Պուտինը կհաստատեն դա, նշել է Քավանոն:

Ամերիկյան դիվանագետը ձեռնպահ է մնացել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ համանախագահների Ժնեւի հանդիպման կոնկրետ ժամկետներ նշելուց:

Ինչպես հաղորդում է CNA գործակալությունը, Քերի Քավանոն հերքել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ֆիլիպ դե Սյուրմենի վկայակոչմամբ կանխավ տարածված այն հաղորդումները, որ հունիսին ծրագրվող Ժնեւի հանդիպումը հետաձգելու խնդրանքով միջնորդներին դիմել են նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Հեյդար Ալիեւը: Հանդիպումը հետաձգելու որոշումը, ըստ Քավանոյի, ընդունվել է տասը օր առաջ համանախագահների տարածաշրջանային այցի ժամանակ: Բաքվում եւ Երեւանում կոնսուլտացիաներից հետո բոլորը հանգել են բանակցային գործընթացում առանց էական առաջընթացի հասնելու հեռանկարի այդպիսի հանդիպում անցկացնելու աննպատակահարմարության վերաբերյալ եզրակացության, նշել է դիվանագետը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4