Հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Իլյա Կլեբանովը
ՄՈՍԿՎԱ, 1 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ կառավարության փոխվարչապետ Իլյա Կլեբանովը անիրատեսական է համարում երեք տարվա ընթացքում Բաթումից եւ Ախալքալաքից ռուսաստանյան ռազմակայանների դուրսբերման վերաբերյալ պաշտոնական Թբիլիսիի առաջարկությունը:
Ինչպես հաղորդում է Փրայմ նյուսի Մոսկվայի թղթակիցը, լրագրողների հետ այսօր կայացած հանդիպմանն Իլյա Կլեբանովն ասաց, որ, ըստ Ռուսաստանի գնահատման, այդ ռազմակայանների դուրսբերման նվազագույն ժամկետը 14 տարի է: Ընդսմին Ռուսաստանի փոխվարչապետը նշեց, որ Ռուսաստանի եւ Վրաստանի դիրքորոշումներն այդ հարցում «չեն մոտեցել»:
Դրա հետ մեկտեղ Կլեբանովն ընդգծեց, որ Վրաստանի տարածքումՙ Գուդաուտայում եւ Վազիանում ռուսաստանյան մյուս երկու ռազմակայանները, Ստամբուլի պայմանավորվածություններին համապատասխան, դուրս կբերվեն մինչեւ 2001 թվականի հուլիսի 1-ը: Կլեբանովի կարծիքով, այդ ռազմահանգրվանների առկայությունը «Վրաստանում Ռուսաստանի լուրջ ազդեցության տարր չէ»: Ազդեցության տարր կարող է դառնալ միայն երկու երկրների տնտեսական ինտեգրացումը, շեշտեց ՌԴ փոխվարչապետը: