«Ավելինՙ քրեական գործ չկա», հայտարարեցին փաստաբանները
ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար, ներկայումս դատապարտյալ Աշոտ Բլեյանի դատապաշտպան Ռոբերտ Գրիգորյանը հունիսի 1-ին լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ մեկնաբանեց իր պաշտպանյալի նկատմամբ ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանի կայացրած դատավճիռը: Փաստաբանի ասելով, թեպետ վերաքննիչ դատարանը որոշակիորեն սրբագրեց առաջին ատյանի կայացրած դատավճիռըՙ 7 տարի սահմանված պատժաժամկետն իջեցնելով 5-ի, նրան ազատելով նաեւ պետությանը հասցված վնասը փոխհատուցելու պահանջից, այնուամենայնիվ «տեխնիկական» փոփոխությունն իրենց չի կարող բավարարել:
Ռոբերտ Գրիգորյանը նշեց, որ դատական երկու ատյաններում քննվելուց հետո Ա. Բլեյանը որոշակիորեն թոթափվել է նախաքննության ներկայացրած բազում մեղադրանքներից: Մեղադրանքներից մեկը վերադարձվել է նախաքննություն, մյուսից մեղադրող կողմն է հրաժարվել, վերաքննիչ դատարանը վերաորակել է որոշ հոդվածներ, բայց եւ այնպես կայացված դատավճիռն օրինական չի կարող համարվել, որովհետեւ մնացյալ 4 մեղադրանքները հիմնված են ենթադրությունների վրա: Դատավճիռն արդեն բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարանում:
Իրավապաշտպաններից բացի, հանդիպմանը մասնակցում էր նաեւ փաստաբան Ռուբեն Սահակյանը, որը պարզաբանման համար մի քանի հարց ուղղեց գործընկերոջըՙ Ռ. Գրիգորյանին, հետո հայտարարեց, թե իբրեւ վճռաբեկ դատարանում արտոնագրված փաստաբան, կստորագրեր ներկայացված վճռաբեկ բողոքը: Երկու փաստաբանների հարցուպատասխանից վերջապես պարզ դարձավ, թե որտեղից ծնունդ առավ «Բլեյանի գործ» կոչվածը: Հայտարարությա՞ն հիման վրա, դիմումի՞, թե՞ քաղաքական պատվերի արդյունքում, ինչը պնդում էին որոշ իրավապաշտպաններ եւ մեծ ցանկություն ունեին դա լսելու դատապաշտպանի շուրթերից, սակայն հուսախաբ եղան:
Ռոբերտ Գրիգորյանը բացատրեց, որ ուսումնասիրել են դպրոցի հաշվապահական գործունեությունը, որի արդյունքում քր. գործ է հարուցվել, որոշ փաստաթղթերի հիման վրա դրանից մի մաս է առանձնացվել, որը հետին թվով համարակալվել է իբրեւ քր. գործ: Ռուբեն Սահակյանը նշեց, որ դա նույն երեւույթն է, ինչ «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալ Միսակ Մկրտչյանինը, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանինը: Նրանց դեմ նույնպես քրեական գործ չի հարուցվել, սակայն մեղադրանք կա:
Փաստաբանները ցույց տվեցին, որ դա իրավապահ մարմինների եւ դատարանների արատավոր գործելաոճի արդյունք է, որից բաժին է հասել նաեւ Աշոտ Բլեյանին: «Քրեական գործ գոյություն չի ունեցել, հետեւաբար այդ գործով կայացված բոլոր գործողություններն ապօրինի են, էլ ինչի մասին ենք խոսում», կտրուկ հայտարարեց Ռ. Սահակյանըՙ դրանով վերջ տալով բոլոր սրտառուչ ու հուզիչ մեկնաբանություններին:
ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ