Հունիսի մեկին ՀՀ պետական գույքի կառավարման նախարարությունում տեղի ունեցած ռազմավարական նշանակություն ունեցող ընկերությունների պետական գույքի առաջնահերթ մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն իրականացնող հանձնաժողովի նիստում ամփոփվեցին նաեւ «Հայէլեկտրամեքենա» եւ «Մարս» բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման առաջարկները:
Ինչպես «Ազգին» տեղեկացրին այդ նախարարության արտաքին կապերի ու լրատվության վարչությունից, «Մարսի» համար ստացվել է հինգ առաջարկ, որոնցից երկուսը մասնակի (գործարանի մի մասի համար), երեքըՙ ամբողջական: Քանի որ վարչության պետ Մ. Ստեփանյանը ոչինչ լրացուցիչ չտեղեկացրեց, մեր կողմից ավելացնենք, որ առաջին երկու հայտերից մեկը կոլեկտիվի կողմից է եղել (ավելի ճիշտՙ տնօրեն Ստեփան Դեմիրճյանի), իսկ մյուսըՙ այդ ձեռնարկության տարածքի մի մասը վարձակալած բրիտանական «Ֆարմատեկ» ընկերության: Եկող ուրբաթ, ամենայն հավանականությամբ, հանձնաժողովը որոշում կկայացնի եղած հայտերից մեկին նախապատվություն տալու մասին: Ինչ վերաբերում է «Հայէլեկտրամեքենայի» մոտ 57 տոկոս պետական բաժնեմասի հետագա «ճակատագրին», ապա նույն աղբյուրը տեղեկացրեց, որ հանձնաժողովը մերժել է միակ առաջարկըՙ ստացված կոլկտիվի կողմից (որն այսօր տնօրինում է մնացած բաժնեմասը): Առաջարկվել է կոլեկտիվին ներկայացնել առաջարկների նոր փաթեթ, որը ստացվելու դեպքում, ենթադրաբար, կքննվի հաջորդ ուրբաթ:
ԳԱՅԱՆԵ ՄՈՒՔՈՅԱՆ