«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2001-05-31 | #100, 2001-06-01 | #101, 2001-06-02


«ՄԱՆԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ» ՈՉ ՈՔ 1,5 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՉԻ ՏԱԼԻՍ

Հունիսի մեկին, զարմանալի զուգադիպությամբ, երեխաների պաշտպանության միջազգային օրը, «Մանկական աշխարհը» երկրորդ անգամ հանվեց աճուրդով վաճառքի ու չվաճառվեց:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության արտաքին կապերի ու լրատվության վարչությունից, աճուրդին, որը երկրորդն էր (առաջինը կայացել է ապրիլի 27-ին), ոչ մի հայտ չներկայացվեց: Հանրախանութը երկամսյա ժամկետում վաճառքի էր ներկայացվել ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ: Հանրախանութի մասնավորեցման գործընթացում հաջորդ քայլի իրավունքը «Կենտրոն» համայնքի ավագանու խորհրդինն է, քանի որ հաստատությունը պատկանում է այդ համայնքին: Թերեւս հանրախանութը աճուրդի հանվի վերանայված գնով: Հիշեցնենք, որ հանրախանութի նախնական գինը 1,5 մլն դոլար է եղել: Մասնագետների կարծիքով, մայրաքաղաքի կենտրոնում, Հանրապետության հրապարակի հարեւանությամբ, ամենանաթանկ գնահատվող տարածքում գտնվող հանրախանութի այդ գինը լիովին իրատեսական է, քանի որ 1 քառ. մետրը այդ տարածքում գնահատվում է 250-300 ԱՄՆ դոլար, եւ ինչ-որ առումով զարմանալի է, որ 1 քառ մետրը նույնիսկ 150 դոլարով մի ամբողջ շենք գնել ցանկացողներ չկան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4