«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2001-05-31 | #100, 2001-06-01 | #101, 2001-06-02


ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԲԱՑՈՒՄ ԹԵՔԵՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ

Երեկ երեխաների պաշտպանության միջազգային օրն էր

Կանանց միջազգային ակումբը, որի նախագահը Նանե Օսկանյանն է, երեկ, երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ գեղեցիկ նախաձեռնություն էր իրականացրել. Թեքեյան կենտրոնի հարեւանությամբ գտնվող այգում բացվեց մանկական խաղահրապարակ: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին առաջին տիկին Բելլա Քոչարյանը, Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը, կանանց միջազգային ակումբն իր ողջ կազմով, Կենտրոն համայնքի թաղապետ Արարատ Զուրաբյանը, դեսպաններն իրենց շքախմբերով եւ այլք: Իսկ ամենակարեւորըՙ խաղահրապարակի օրինական տեր ու տիրակալի իրավունքով եկել էին երեխաները, որոնք, տոնականորեն տրամադրված ու հագնված, անհամբերությամբ սպասում էին միջոցառման հանդիսավոր մասի ավարտին, որ «գրավեն» խաղահրապարակը: Քանի որ փոքրիկներինՙ մարդկության ամենաանհանգիստ, ամենաանմեղ ու գեղեցիկ զանգվածին կառավարելն իրոք անհնարին է, ելույթ ունեցող մեծահասակներն աշխատեցին հնարավորինս հակիրճ շարադրել իրենց մտքերըՙ շտապելով ասպարեզը զիջել օրվա հերոսներին:

Տկն Նանե Օսկանյանն իր երախտագիտությունը հայտնեց այն բարերարներին, որոնց նվիրատվությունների շնորհիվ կառուցվել էր թեպետ փոքրիկ, սակայն գեղատեսիլ խաղահրապարակը: Կենտրոնի թաղապետ Արարատ Զուրաբյանն իր հերթին երախտագիտություն հայտնեց կանանց միջազգային ակումբինՙ նշելով, որ նման խաղահրապարակների անհրաժեշտությունը քաղաքում վաղուց է զգացվում: Այնուհետեւ ելույթ ունեցավ Երեւանի քաղաքապետը, որն էլ ամենայն հանդիսավորությամբ խոստացավ, որ երեխաների իրավահավասարության սկզբունքից ելնելովՙ յուրաքանչյուր նորաբաց սրճարանի կողքին խաղահրապարակ է կառուցել տալու: Այս, ինչպես նաեւ խաղահրապարակում իրենց բաժանվելիք պաղպաղակների հեռանկարը չափազանց գրավիչ թվաց երեխաներին, եւ նրանք գոռում-գոչյուններով հայտնեցին իրենց գոհունակությունը: Խաղահրապարակի բացման արարողությանը նախորդեցին փոքրիկների պարային ելույթները, ապա տկն Բելլա Քոչարյանին վստահվեց ժապավենը կտրելու պատիվը: Խաղահրապարակը երեխաներին, ըստ ամենայնի, դուր եկավ, քանի որ արագորեն գրավեցին ողջ տարածքն ու բոլոր կարուսելները: Իսկ ծնողներին տեղեկացվեց, որ խաղահրապարակն անվճար է, մշտապես գործելու է եւ քաղաքապետարանի ու թաղապետարանի ջանքերով մշտապես պահվելու է մաքուր ու սարքին վիճակում:

ԱՆՈՒՇ ԴՈՎԼԱԹՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4