«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2001-05-31 | #100, 2001-06-01 | #101, 2001-06-02


«ՄԱՅԻՍԻ ՄՈՒՏՔԵՐԻ ԳԵՐԱԿԱՏԱՐՈՒՄԸ ՍՏՎԵՐԱՅՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ Է»

Հավաստիացնում է պետեկամուտների նախարարը

Պետական եկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանի երեկ հրավիրած մամուլի ասուլիսի նպատակն էր հրապարակել մայիս ամսին պետբյուջե կատարված մուտքերի չափը: Այն կազմել է 15 մլրդ 700 մլն դրամ, որը 1 մլրդ 700 մլն դրամով ավելի է նախատեսվածից: Դրա շնորհիվ հաջողվել է մասամբ լրացնել ապրիլ ամսվա թերհավաքումը: Համեմատելով 1999 թ. մայիսի (11 մլրդ դրամ) եւ 2000 թ. մայիսի (10 մլրդ դրամ) տվյալների հետ, նախարարը նշեց, որ ավելի է հավաքվել առաջինի դեպքում 4 մլրդ, երկրորդի դեպքումՙ 5 մլրդ դրամ: Ամփոփելով իր ներածական ելույթը, նա լրագրողներին վստահեցրեց, որ հունիս ամսին նույնպես անհրաժեշտ մուտքերը կհավաքվեն եւ կիսամյակային ցուցանիշները կապահովվեն:

«Ազգի» հարցը Անդրանիկ Մանուկյանին վերաբերում էր ապրիլ ամսվա թերհավաքմանը: Ավելի կոնկրետՙ ի՞նչը խանգարեց պետեկամուտների նախարարությանն այդ ամսին եւ ինչի՞ շնորհիվ հաջողվեց ապահովել մայիսի մուտքերը: Նախարարը հայտնեց, որ ինքը նախապես համոզված էր, որ ապրիլը կլինի լավ ամիս եւ կապահովվեն ավելի շատ մուտքեր, քան նախատեսված էր: Սակայն հաշվի չէր առնվել, թե «ինչքան խանգարողներ» կլինեն: Մայիսին նախարարությունը պատրաստ էր դրան եւ կարողացավ հաղթահարել այդ խոչընդոտը: «Ովքե՞ր էին խանգարողները» հարցին Անդրանիկ Մանուկյանը պատասխանեց, որ երբ ինքն ամբողջությամբ համոզված լինի այդ հարցում, առանձին կանդրադառնա: Նա միայն նշեց, որ հարկատուն միշտ ձգտում է քիչ հարկեր վճարել, փաստորեն ակնարկելով, թե խոսքը ում մասին կարող է լինել:

Անդրադառնալով մայիս ամսվա ցուցանիշներին, պետեկամուտների նախարարը վերստին հավաստեց, որ դրանք կատարվել են «ստվերի» բացահայտման, այլ ոչ թե կանխավճարների շնորհիվ: Ընդհանրապես ստվերայնության մասին բազմաթիվ հարցեր եղան: Անդրանիկ Մանուկյանն այդ առնչությամբ հայտնեց, որ ինքն ունի հաշվարկներ, թե որքան է ստվերայնությունը, բայց առայժմ չցանկանալով ասել, սահմանափակվեց «շատ մեծ է» արտահայտությամբ: Եթե «ստվերը» 50 տոկոսով բացահայտվի, ապա ամսական բյուջեի մուտքերը ներկայումս կկազմեն ոչ պակաս, քան 18 մլրդ դրամ: Ներկաներին նախարարը հիշեցրեց իր նշանակման սկիզբը, երբ կարծիք էր հայտնվում, որ ինքը կձախողվի, սակայն դա տեղի չունեցավ, եւ պայքարը ստվերի դեմ քայլ առ քայլ շարունակվելու է, քանզի «եթե միանգամից սկսենքՙ մեզ կուտեն»:

Գերավճարների վերաբերյալ տեղեկացվեց, որ ապրիլին վերադարձվել է 1 մլրդ 300 մլն, մայիսինՙ 460 մլն դրամ, հիմնականում «Մանես եւ Վալեքսին» ու «Մաքուր երկաթի գործարանին»: 8 մլրդ դրամով կրճատվել են նաեւ տարբեր կազմակերպությունների ապառքները (պարտքերը պետբյուջեին): Դեղերի վաճառքից գանձված ավելացված արժեքի հարկի գումարներն արդեն հավաքվել են համապատասխան հաշվին, եւ խորհրդարանը պետք է որոշի դրանց բաշխման կարգը: Ծխախոտի հաստատագրված դրույքաչափերի վերաբերյալ պետեկամուտների նախարարը տեղեկացրեց, որ կառավարությունը քննարկել եւ ԱԺ է ներկայացրել օրենքի նախագիծ, համաձայն որի ներմուծվող ֆիլտրով ծխախոտի համար բարձրացվել է 20 դոլարով եւ կազմել 120 դոլար, արտադրվողի համար մնացել 80 դոլար: Առանց ֆիլտր ներմուծվող ծխախոտի հաստատագրված վճարը 30 դոլարից բարձրացվել է 60 դոլարի, արտադրվողինըՙ 22 դոլարից 35 դոլարի: Պատճառը տեղական արտադրողի դժգոհությունն է դեռեւս գործող դրույքաչափերից, ինչի հետեւանքով «Գրանդ տոբակոն» արդեն 1 ամիս չի աշխատում: Ընկերության ղեկավարությունը հայտնում է, որ ավելի շահավետ է ծխախոտ արտադրել Նիժնի Նովգորոդում գտնվող իրենց գործարանում եւ ներմուծել Հայաստան: Օրենքի նոր նախագիծը հիմնավորելիս Անդրանիկ Մանուկյանը վկայակոչեց հարեւան Վրաստանի մոտեցումն այս հարցում, որտեղ տեղական ֆիլտրով ծխախոտի օգտին հաստատագրված վճարի տարբերությունը 61 դոլար է:

Վերադառնալով այս տարվա բյուջեինՙ նախարարը նշեց, որ այն հնարավորինս իրատեսական է: Ներկայումս արտահանման ծավալները կտրուկ աճել են, ներմուծմանըՙ ընկել են 25-30 տոկոսով: Դա, ճիշտ է, դրական երեւույթ է, բայց այս պահի համար նշանակում է մուտքերի նվազում: «2002 թ., երբ կլինի տնտեսական աճ, եւ կսկսեն հարկեր վճարել այն խոշոր ձեռնարկությունները, որոնք այժմ ազատված են դրանցից, այդ ժամանակ կարելի է ավելի բարձր մուտքեր նախատեսել», իր խոսքը եզրափակեց երկրի գլխավոր հարկահավաքը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4