«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2001-05-31 | #100, 2001-06-01 | #101, 2001-06-02


ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Կասպիական ավազանն իր սեւ ոսկու եւ բնական գազի պաշարներով, ինչպես նաեւ դրա հետ կապված տարածաշրջանի, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրները շարունակում են մնալ աշխարհի եւ հատկապես ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում: Չնայած հավաստիացումներին, թե Մ. Նահանգները չի հավակնում Ռուսաստանին մեկուսացնել կամ սպառնալ, որոշ հետազոտական կենտրոնների հրատարակություններում նշվում է, որ երկու պետությունների միջեւ լարվածությունը սրվում է այն աստիճան, որ որոշ տեսաբաններ դրան տալիս են «մինի սառը պատերազմ» անվանումը: Այդ կենտրոններից մեկի վերջերս կազմակերպած կոնֆերանսի մասին է հետեւյալ նամակը, որը «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթին է ուղարկել Մուրադ Աչեմօղլի անունով մի թուրք:

Անդրադառնալով ապրիլի 23-ին Հարվարդի համալսարանի «Կառավարման Քենեդի դպրոցում» տեղի ունեցած «Բանակցություններ Լեռնային Ղարաբաղի շուրջ: Դեպի ո՞ւր» խորագրով բանավեճին, նա նշում է ակադեմիական շրջանակներում դիտավորյալ աղավաղումների եւ ապատեղեկատվությունների մասին: Ստորեւ այդ հոդվածի հիմնական մասերի թարգմանությունը:

Կոռուպցիան ակադեմիական շրջանակներում հայտնի երեւույթ է: Կառավարություններ, շահագրգիռ խմբակցություններ եւ նրանց կողմից վարձված քարոզչական աշխատանքներ տանողները սերտորեն համագործակցում ենՙ ստեղծելու ամբիոններ, հետազոտության կենտրոններ, հրատարակելու գրքեր եւ հոդվածներ, ինչպես նաեւ անցկացնելու կոնֆերանսներ եւ սեմինարներ իրենց որդեգրած որոշակի քաղաքականությանը կանաչ ճանապարհ հարթելու նպատակով:

Հարվարդում կայացած վերոհիշյալ բանավեճն ուներ որոշակի ադրբեջանամետ ուղղվածություն եւ այնտեղ ներկայացված զեկուցումները պատմականորեն թերի էին, աղճատված եւ մոլորեցնող: Նախկինում պետքարտուղարության աշխատակից, իսկ ներկայիս Կասպիական ուսումնասիրությունների ծրագրի տնօրեն տիկին Բրենդա Շաֆֆերը, որը հայտնի է «Լոս Անջելես թայմսում» «Կշռադատված ամերիկյան օժանդակությունը մնում է լուծման բանալին Կովկասում» եւ «Մայամի հերալդում» տպագրված «Խաղաղություն Կովկասին» իր ադրբեջանամետ հոդվածներով նախագահում էր բանավեճը, որի մասնակիցներն էին պետքարտուղարության հատուկ բանագնաց Քերի Քավանոն, Բաքվի Խազար համալսարանի նախագահ պրոֆ. Համլետ Իսախանլին եւ Չիկագոյի համալսարանից քաղաքագետ պրոֆ. Ռոնալդ Սյունին:

Հենց սկզբից Շաֆֆերը կանխորոշեց բանավեճի ընթացքը, նշելով. «Մենք դեպի առաջ ենք նայում, ոչ դեպի ետ: Չենք ցանկանում հանգամանալից կանգ առնել անցյալի ատելությունների, կրոնական հակամարտությունների եւ անարդարությունների վրա: Խնդրում եմ ձեր հարցերն ուղղեք այդ շրջանակներում»: Ավելին, ձեռք բարձրացրածներից ընդամենը մի քանի հոգու թույլատրվեց հարց տալ: Մյուսներին, որոնք կարող էին բանավեճի բնույթին հակասող բաներ ասել, ընդհանրապես ձայն չտրվեց: Քերի Քավանոն նշելով, որ «խաղաղությունը նախապայման է առաջադիմության, եւ որ առանց խաղաղության տարածաշրջանը երբեք էլ ի վիճակի չի լինի իրագործել իր ամբողջական հնարավորությունները», մոռացավ անդրադառնալ Հայաստանի դեմ ուղղված ադրբեջանական թշնամական պրոպագանդային: Իսկ երբ հայկական սփյուռքի հարցն առաջ քաշվեց, եւ Քերի Քավանոն ասաց, որ «իրենց գյուղերից դուրս գալով հայերը Առաջին աշխարհամարտի օրերին հաստատվեցին Միացյալ Նահանգներումՙ կազմելով նոր գաղութներ եւ համայնքներ», Ռոնալդ Սյունին, որը հայտնի է ազգայնամոլության դեմ իր բացասական հայացքներով, իմանալով հանդերձ այդ կազմավորումների իսկական պատմությունը, փորձ անգամ չարեց ուղղելու սխալ արտահայտությունը: Ընդհակառակը, նա ուժեղ քննադատության ենթարկեց ազգայնականներին, որոնք Ղարաբաղը ցանկանում են միացնել Հայաստանին, եւ լռության մատնեց Ղարաբաղի, Նախիջեւանի կամ Անատոլիայի հայերից ազատվելու ադրբեջանցիների կամ անցյալում թուրքերի ձեռնարկած փաստերը: «Մենք պետք է վերանայենք եզակի ինքնորոշման հասկացությունը եւ առավել ուշադրություն դարձնենք բազմակի ինքնորոշումներ հասկացությանը», ասաց նաՙ ցանկանալով նշել, որ Ղարաբաղը կարող է միայն դե ֆակտո անկախություն ունենալ Ադրբեջանի կազմում: Հուրախություն ադրբեջանցիների, նա նույնիսկ Լաչինի միջանցքը Ղարաբաղին թողնելը գործնականորեն ճիշտ չհամարեց:

Այնուհետեւ ադրբեջանցի պրոֆ. Համլետ Իսախանլին խոսք առնելով, ասաց հետեւյալը. «Կոմպրոմիսային ձեւ է նաեւ տարածաշրջանի երեք հանրապետությունների միջեւ իշխանությունը բաշխելու հնարավորությունը: Ապագան կառուցելու լավագույն տարբերակը թափանցիկ սահմաններ ունենալն է, առեւտրի, ակադեմիական կենտրոնների եւ կրթական համագործակցության լայն ապահովումով»: Հիանալի բառեր, որոնք, սակայն, չեն բացատրում թուրք-ադրբեջանական ներկա շրջափակումը եւ հակահայկական հիստերիան, թե ցեղասպանություն տեղի չի ունեցել:

Բանավեճն, այսպիսով, չկարողացավ ճիշտ ու հստակ պատկերացում տալ ներկա իրադարձությունների ու քաղաքական նպատակների մասին: Հայկական կողմը փաստորեն չէր ներկայացված, քանի որ հայկական ծագումով միակ մասնակիցը, իր իսկ ասելով, եկել էր իր անձնական տեսակետները հայտնելու:

Նման բանավեճերն օգուտ չեն կարող տալ: Անցյալ տարվա բանավեճըՙ Վաշինգտոնի ամերիկյան համալսարանում («Ղարաբաղի ճգնաժամը»: Լուծումներ գտնելու ժամանակը» խորագրով) շատ ավելի արդյունավետ էր եւ կոնստրուկտիվ:

Ավելացնենք, որ գիտության եւ միջազգային խնդիրների Բելֆեր կենտրոնը Հարվարդի համալսարանում, որի Կասպիական ուսումնասիրությունների ծրագրի նախաձեռնությամբ էր կազմակերպվել վերոհիշյալ բանավեճը, հիմնվել է 1973-ին, համալսարանի արվեստի եւ գիտության ֆակուլտետում: Դրա հիմնական նպատակն է եղել լուրջ ուսումնասիրություններ կատարել միջուկային վտանգների եւ զինամթերքի մրցավազքի հսկողության ուղղությամբ: Հիմնադրումից հինգ տարի անց Ֆորդ հիմնարկության հատկացրած մեծագումար գրանտը հնարավոր է դարձնում կառավարման Քենեդի դպրոցում բացել հետազոտությունների մշտական մի կենտրոն, որը 1990-ին ընդլայնելով իր գործունեությունը, ընդգրկել է նաեւ գիտության, տեխնոլոգիայի եւ հասարակական-քաղաքական ծրագրեր: Կասպիական ուսումնասիրությունների ծրագիրը վերջերս է հիմնվել այդ տարածաշրջանի պրոֆիլը բարձրացնելու, ինչպես նաեւ դրա հետագա ճակատագիրը ձեւավորող ապագա մասնագետներ պատրաստելու նպատակով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4