«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2001-05-31 | #100, 2001-06-01 | #101, 2001-06-02


ԲԵՅՐՈՒԹՈՒՄ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՂՊԱՇՅԱՆԻ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլի սկզբին Բեյրութում լույս տեսավ լիբանանահայ ականավոր հասարակական-քաղաքական գործիչ, երկար տասնամյակներ Լիբանանի Կոմկուսի ղեկավար մարմինների անդամ, խմբագիր, հրապարակագիր, երգիծաբան ու թարգմանիչ Հովհաննես Աղպաշյանի (1910-1987) կուսակցական հուշերի առաջին մասըՙ «Պայքարի ոլորապտոյտին մէջ» վերնագրի տակ: 88 էջանոց հուշագրությունը հրատարակիչ միությանՙ Լիբանանահայ գրական շրջանակի մատենաշարի թվով 18-րդ հրատարակությունն է, որի շնորհանդեսը տեղի ունեցավ ապրիլի 6-ին, միության Բեյրութի կենտրոնատեղիում:

Բուն հուշագրությունը գրավում է գրքույկի ծավալի կեսը միայն: Մնացյալը հրատարակիչ միության «Երկու խոսքն» է, հրատարակության խմբագիր Գասպար Տերտերյանի «Նախաբանն» ու 21 էջ գրավող ծանոթագրությունները, նաեւՙ հեղինակի ինքնակենսագրությունըՙ գրված երգիծական ոճով:

Հովհաննես Աղպաշյանի այս հուշագրությունը, փաստորեն, շարունակությունն է 1985-ին Բեյրութում լույս տեսած նրա «Անուրախ մանկութիւն» 50 էջանոց գրքույկի, որը հեղինակի կյանքի մանկության ու պատանեկության անցքերի հուշագրությունն էր: ներկա հրատարակության խմբագիրն իր «նախաբանում» բացատրում է, թե հեղինակի երիտասարդական ու հասուն շրջանների հուշերը հարմար է համարել հրատարակել անջատաբար, երկու գրքույկներով: Առաջինը (ներկայացվող գրքույկը) ներառում է 1927-1964 ժամանակաշրջանը, այսինքնՙ հասնում Լիբանանի Կոմկուսի 60-ականների լրջագույն ճգնաժամը, իսկ երկրորդ մասն ընդգրկելու է 1964-ից մինչեւ 1987 երկարող ժամանակաշրջանը:

Հովհաննես Աղպաշյանի այս հուշագրությունը թեեւ կիզակետ ունի հեղինակի կուսակցական կյանքը, այսուհանդերձ, կարեւոր, հաճախՙ սկզբնաղբյուրային արժեք ներկայացնող տեղեկություններ է պարունակում Սիրիայի եւ Լիբանանի կոմկուսների, այդ երկրների հասարակական-քաղաքական կյանքի, ազգային ու սոցիալական ազատագրական պայքարների, հայկական գաղթօջախների ու հայկական եւ արաբական մամուլների պատմության, ներհայկական հակամարտությունների ու եղբայրասպանությունների, հայ-արաբական առնչությունների (մասնավորաբարՙ գրական-թարգմանչական) ու հարակից ոլորտների մասին: Իր հերթին, Գ. Տերտերյանի ծանոթագրությունները (որոնք երբեմն անհարկի ընդարձակ են ու թեմայից դուրս են գալիս) կարեւոր հավելումներ են, առանց որոնց հուշագրության հրատարակությունը շատ թերի պիտի լիներ:

Լիբանանահայ գրական շրջանակի այս հրատարակությունը հիշատակի տուրք է մի երախտավորի հանդեպ, որի անունն այսօր մոռացության ընթացքում էր սփյուռքում, իսկ Հայաստանում, ցավոք, կարելի է հաստատել, թե արդեն վերջնականապես մոռացվել է.

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4