«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2001-05-31 | #100, 2001-06-01 | #101, 2001-06-02


«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ»

Երկլեզու հրատարակություն մեր երկրի մասին

Քրիստոնեությունը Հայաստանում որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակի առթիվ թե՚ Հայաստանում, թե՚ դրսում բազում նախաձեռնությունների շարքում Մոսկվայում հրատարակվել է «Հայաստանը քաղաքակրթությունների խաչմերուկում» վերնագրով մի գիրք:

2001-ին լույս տեսած երկլեզու այս հրատարակությունը տեղեկագրի բնույթի է, որն օտար ընթերցողներին ռուսերենով ու անգլերենով հանրագիտական համառոտ տեղեկություններ է ընձեռում մեր երկրի մասին:

Մասնավորապես, ներկայացված են Հայաստանի աշխարհագրությանը, պատմությանը, եկեղեցուն, մշակույթին, տնտեսությանը, սփյուռքին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին վերաբերող ընդհանուր տեղեկություններ:

«Այս հողի վրա ապրող մարդիկ հյուրընկալ են ու տաքՙ ինչպես հայկական արեւը եւ հպարտ ու աննկունՙ ինչպես հայկական լեռները: Ասում ենՙ հացն այստեղ քարից են քամում: Քարերի մեջ էլ հենց ամփոփված է հնագույն այս երկրի պատմությունը»: Գրքում «Պետական կառուցվածք» վերնագրով մի բաժին կա, որում Հայաստանի Հանրապետությունից զատ ներկայացված է նաեւ ԼՂՀ-նՙ ավանդական Արցախի մասին պատմական ակնարկով եւ վերջինիսՙ Ադրբեջանի կազմում հայտնվելու բոլոր մանրամասներով: Նյութերը գրքում համադրված են քարտեզներով, լուսանկարներով, հայկական ձեռագրերի մանրանկարներով, խաչքարերի պատկերներով:

210 էջանոց աշխատանքի կազմությանը մասնակցել են ինչպես հայ, այնպես էլ ռուս մասնագետներ: Գիրքը 3000 օրինակով լույս է տեսել Մոսկվայում գործող «Բամո» հայկական ընկերության միջոցներով:

Լ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4