«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2001-05-31 | #100, 2001-06-01 | #101, 2001-06-02


ՀՈԳԵՎՈՐԸ ՍԵՐՆ Է

Բացվեց հոգեւոր ժամանակակից արվեստի կենտրոնը

Երեկՙ հունիսի 1-ին, Կոմիտաս 44 հասցեում բացվեց մշակութային եւս մի օջախՙ հոգեւոր ժամանակակից արվեստի կենտրոն: Նորաբաց կենտրոնն իր այցելուներին ներկայացավ բնական ներկերով նկարված ժամանակակից հոգեւոր նկարչության հիանալի ընտրանիով: Երկու ոչ մեծ ցուցասրահներում ցուցադրված էին 11 հեղինակների 38 աշխատանքներ, այդ թվում Կայծ եւ Փայլ Վանիկյան եղբայրների, Ռուբեն Աբովյանի, Հենրիկ Ոսկանյանի, Վալերի Խաչատրյանի, Գեւորգ Եղիազարյանի եւ Գարիկ Մանուկյանի ստեղծագործությունները: Ներկայացված նկարիչներից ոմանք ապրում եւ գործում են արտերկրում:

Նկարները հիմնականում հոգեւոր թեմաներով էին: Շատերը պատկերում են աստվածաշնչյան կերպարներ ու դրվագներ, սակայն ցուցասրահում կային նաեւ ստեղծագործություններ, որոնք չէին տեղավորվում հոգեւորի շրջանակներում: Այս հանգամանքը հոգեւոր ժամանակակից արվեստի կենտրոնի հիմնադիրներից մեկըՙ Տիգրան Հակոբյանը բացատրեց այսպես.

- Ի՞նչ ասել է հոգեւոր: Մի՞թե դա միայն Քրիստոսն է կամ Աստվածածին Մարիամը: Հոգեւորը սերն է:

Ըստ նրա, հենց սա է լինելու կենտրոնում ցուցադրվող աշխատանքների գերիշխող թեման, իսկ նկարների հավաքածուն եւ հեղինակների անունները նախատեսվում է հաճախակի փոփոխել: Տիգրան Հակոբյանը նշեց նաեւ, որ քրիստոնեության պետականորեն ընդունման 1700-ամյակը դրդիչ ուժ հանդիսացավ նման կենտրոն ստեղծելու համար, բայց ոչ երբեքՙ նպատակ: Կենտրոնն իր առջեւ նպատակ ունի այցելուներին ներկայանալ արդի հոգեւոր մշակույթի անկրկնելի նմուշներով:

Հոգեւոր ժամանակակից արվեստի կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, որը ցանկություն հայտնեց համագործակցել կենտրոնի հետՙ կարեւորելով նման օջախների գոյությունը:

Թերեւս վերը նշված հասցեում գտնվող տարածքը կենտրոնի մշտական կացարանը չէ: Այն անվճար տրամադրվել է MES հայ-ֆրանսիական համատեղ ձեռնարկության կողմից: Սակայն հոգեւոր ժամանակակից արվեստի կենտրոնի հիմնադիրները հույս հայտնեցին, որ կունենան հիմնական տարածք ու կկարողանան ամուր, բարգավաճ կենտրոնի շուրջ համախմբել հայ ստեղծագործ մտքի կրողներին:

ԷԼԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4