Այսօր երեկոյան Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2002 թ. աշխարհի առաջնության ընտրական խաղ կանցկացնեն Հայաստանի եւ Բելառուսի ազգային հավաքականները:
Եվրոպական 5-րդ խմբում հանդես եկող այս երկու թիմերը մրցաշարային աղյուսակում հակադիր տեղեր են զբաղեցնում: Բելառուսի ընտրանին, 5 խաղից հետո վաստակելով 10 միավոր (3 հաղթանակ, 1-ական ոչ-ոքի եւ պարտություն), ընթանում է 2-րդ տեղում, իսկ մեր թիմը 2 միավորով (2 ոչ-ոքի) Նորվեգիայի հավաքականի հետ բաժանում է 5-6-րդ տեղերը: Սակայն, անկախ այժմյան գրաված տեղերից, կարծում ենք, որ կողմերի հնարավորությունները մոտավորապես հավասար են: Իհարկե, երկու թիմերն էլ պետք է պայքարեն հաղթանակի համար: Բելառուսները կջանան ամրապնդել իրենց դիրքերը, իսկ մեր ֆուտբոլիստները պարզապես այլեւս նահանջի տեղ չունեն: Եթե ոչ այժմ, ապա ե՞րբ...