Գագիկ Հովհաննիսյանը հաղորդում է Օհրիդից
Շախմատային Եվրոպան մինչեւ վերջին պահը կասկածում էր, որ աշխարհամասի առաջնությունը իսկապես կանցկացվի ազգամիջյան կոնֆլիկտների թեժ կետերից մեկումՙ Մակեդոնիայում: Ճիշտ է, մակեդոնացիների ու ալբանացիների բախումները կամ վերջիններիս ահաբեկչական գործողությունները ծավալվում են հիմնականում հյուսիսումՙ Կոսովոյի հետ սահմանի շրջակայքում, իսկ Եվրոպայի առաջնությունն ընթանում է հարավ-արեւմուտքում գտնվող Օհրիդ գեղատեսիլ լճի ափին: Բայց նախ Օհրիդն էլ իր հերթին անմիջապես Ալբանիայի հետ սահմանագլխին է, եւ հետո իր տարածքով ու ազգաբնակչության թվով Հայաստանից էլ փոքր Մակեդոնիայում հյուսիս-հարավ, արեւելք-արեւմուտք հասկացությունները մի փոքր պայմանական են:
Այնուամենայնիվ, Մակեդոնիայի իշխանությունները ապահովության բոլոր անհրաժեշտ երաշխիքները տվեցին, եւ Օհրիդ քաղաքի մոտակայքում գտնվող «Դեսարետ» հյուրանոցը երկու շաբաթով վերածվեց շախմատային մայրաքաղաքի: Բացառությամբ մի քանի գրոսմայստերների (ռուսաստանցի Խարլով, ֆրանսիացիներ Բաքրո, Բրաուն, Ֆրեսինետ), բոլոր պոտենցիալ մասնակիցները, անտեսելով տհաճ միջադեպերի թեկուզ տեսական հնարավորությունները, անվախ ճանապարհ ընկան: Ես Ցյուրիխից Մակեդոնիա էի թռչում շախմատային լեգենդ Վիկտոր Կորչնոյի եւ իսրայելցի շախմատային կազմակերպիչ Վիլլի Իկլիկիի հետ: Կորչնոյը գոհ չէր մրցավայրի ընտրությունից. «Եթե շախմատիստներից որեւէ մեկի գլխից մի մազ պակասի, շախմատի եվրոպական միության ղեկավարությանը պետք է խստագույնս պատժել»: Իկլիկին մռայլ կատակում էր. «Ինձ համար միեւնույն է, թե որտեղ կպայթեն ռումբերըՙ Իսրայելում, թե Մակեդոնիայում: Ես սովոր եմ, միայն անցյալ շաբաթ Երուսաղեմի իմ բնակարանից ոչ հեռու երեք ահաբեկչական գործողություն է եղել.»:
Փարատելու համար անհանգստությունները, նշեմ, որ կազմակերպիչներն իսկապես ձեռնարկել են անվտանգության խիստ միջոցներ: «Դեսարետի» տարածքը պահպանում է զինված պահակախումբը, մրցասրահ կարելի է մտնել միայն ստուգիչ սարքերի միջով.
39 երկրների ներկայացնող 204 շախմատիստներ են ելույթ ունենում Եվրոպայի առաջնությունում: Մասնակիցների մեջ են 145 գրոսմայստերներ, եւ սա մի ֆանտաստիկ թիվ է: Կարծում եմ, որ դեռ երբեք շախմատի անհատական մրցումների պատմության մեջ նման ռեկորդային թվով գրոսմայստերներ չեն խաղացել միատեղ: Ամենագայթակղիչը, որը ուժեղագույններին հավաքել է Օհրիդում, Եվրոպայի չեմպիոնի կոչումը կամ հսկայական մրցանակները չեն (հաղթողը, օրինակ, կստանա 40 հազար ամերիկյան դոլար): Հիմնական խայծը աշխարհի առաջնության 46 ուղեգրերն են, եւ մասնակիցների գերակշռող մասը Մակեդոնիա է եկել հենց այդ բաղձալի ուղեգրերից նվաճելու ակնկալիքով:
Յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել մինչեւ 20 շախմատիստ: Առավելագույն թվով մասնակիցներով ներկայացված են միայն Ռուսաստանը եւ տանտերերըՙ Մակեդոնիան: Հայաստանի պատվիրակությունն իր թվակազմով միջին է: Լուրջ հավակնորդներ են մեր այն բոլոր շախմատիստները, որոնք արդեն խաղացել են «նոկաուտ» համակարգով անցկացված աշխարհի վերջին առաջնություններումՙ գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Ռաֆայել Վահանյանը, Սմբատ Լպուտյանը, Կարեն Ասրյանը, Աշոտ Անաստասյանը, Արտաշես Մինասյանը, Լեւոն Արոնյանը: Մարտական տրամադրությամբ են մրցասպարեզ ելել նաեւ գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը, միջազգային վարպետներ Գաբրիել Սարգսյանը, Արա Մինասյանը (վերջին երկուսը մտադիր են լրջորեն պայքարել նաեւ գրոսմայստերի նորմայի համար): Ավելացնենք, որ Օհրիդում ելույթ է ունենում մեր եւս մեկ հայրենակիցՙ Չեխիայում բնակվող գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը:
Նվաճել աշխարհի առաջնության ուղեգիրՙ շատ դժվար կլինի: Պատկերացրեք, միայն այն շախմատիստները, որոնց վարկանիշն անցել է 2600-ի սահմանը, ուղիղ չորս տասնյակ են: Այնուամենայնիվ, կարծում եմ, մենք կարող ենք հավակնել երեք-չորս մրցանակային տեղերի:
Գլխավոր մրցավարն է հոլանդացի նշանավոր խաղավար Գերտ Գիյսենը: Տողերիս հեղինակին վստահված է վճռաբեկ հանձնաժողովի երեք անդամներից մեկը լինելու պատիվը: Մյուս երկուսը շախմատի եվրոպական միության նախագահ Բորիս Կուտինը (Սլովենիա) եւ վերն արդեն հիշատակված իսրայելցի Վիլլի Իկլիկին են: Մասնակիցներն իրենց բողոքները մեզ կարող են ներկայացնել խաղի ավարտից հետո մեկ ժամվա ընթացքում: Ըստ կանոնների, նրանք միաժամանակ որպես դեպոզիտ պետք է վճարեն 100 ամերիկյան դոլար, որը կարող են ետ ստանալ միայն բողոքն արդարացի ճանաչվելու դեպքում: Փորձը ցույց է տվել, որ բողոքներ քիչ են լինում: Հուսանք, որ ամեն ինչ հարթ կընթանա նաեւ այս անգամ, եւ մենք շատ աշխատանք չենք ունենա.
Ուրբաթ երեկոյան Մակեդոնիայի վարչապետ Լյուբչո Գեորգիեւսկին անդրանիկ քայլը կատարեց խաղատախտակի վրա, եւ Եվրոպայի առաջնությունը սկսվեց: Առաջին տուրում Հակոբյանի մրցակիցն է Մալախատոն (Ուկրաինա), Վահանյանինըՙ Միլադինովիչը (Հունաստան), Լպուտյանինըՙ Գրաբարչիկը (Լեհաստան), Ասրյանինըՙ Երմենկովը (Բուլղարիա), Անաստասյանինըՙ Ազարովը (Բելառուս), Արտաշես Մինասյանինըՙ Քրիստիանսենը (Իսլանդիա), Եղիազարյանինըՙ Շորտը (Անգլիա), Արոնյանինըՙ Պոնոմարյովը (Բելառուս), Սարգսյանինըՙ Դաուտովը (Գերմանիա), Արա Մինասյանինըՙ Կեմպինսկին (Լեհաստան), Մովսիսյանինըՙ Թիշբիրիեկը (Գերմանիա):
Մրցաշարում շվեյցարական կարգով կանցկացվի ընդամենը 13 տուր: