«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#100, 2001-06-01 | #101, 2001-06-02 | #102, 2001-06-05


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԱԶԴԵՑԻԿ 20 ԳՈՐԾԻՉՆԵՐԸ

Մայիսի վերջին մոսկովյան «Պանորամա» ինֆորմացիոն-փորձագիտական կենտրոնը, որը զբաղվում է Ռուսաստանի - ԱՊՀ երկրների հասարակական-քաղաքական կյանքի հետազոտությանբ (www.panorama.ru), «Ազգ»-ի հետ համատեղ արդեն երկրորդ անգամ անցկացրեց փորձագիտական հարցում, նպատակ ունենալով պարզել այն գործիչներին, որոնց գործունեությունը առավելագույնս ազդում է Հայաստանի քաղաքական զարգացումների վրա:

Նախորդի համեմատ (մարտի 19-23) փորձագետների թիվը աճել է, այս անգամ հարցմանը մասնակցել են ոչ միայն Հայաստանի ամենաազդեցիկ լրատվամիջոցների եւ ինֆորմացիայի աղբյուրների ներկայացուցիչներ, այլ նաեւ հայտնի քաղաքագետներ եւ սոցիոլոգներՙ թվով 24 փորձագետ:

Գնահատման համար օգտագործվեց 10 բալանոց սանդղակ: Առաջարկված 100 հոգանոց քաղաքական, մեդիայի գործիչներից եւ գործարարներից կազմված ցուցակից յուրաքանչյուր փորձագետ ընտրեց ամենաազդեցիկ գործիչների տասնյակը, որոնք ստացան 10-ից 1 ազդեցիկության միավորներ, նշված տեղին համապատասխան: Հավաքած միավորների քանակը փոխանցվել է ազդեցիկության գործանիշով: 2,4 միավորը համապատասխանեցվեց մեկ նիշի: Փակագծերում նշված են նախորդ հարցման արդյունքները:

1. (1) ՔՈՉԱՐՅԱՆ Ռոբերտ - ՀՀ նախագահ 98.9 (93.2)

2. (2) ՍԱՐԳՍՅԱՆ Սերժ - ՀՀ պաշտպանության նախարար 90.6 (89.1)

3. (3) ՄԱՐԳԱՐՅԱՆ Անդրանիկ - ՀՀ վարչապետ 48.9 (35.6)

4. (4) ՕՍԿԱՆՅԱՆ Վարդան - ՀՀ արտգործնախարար 24.6 (22.9)

5. (14) ԴԵՄԻՐՃՅԱՆ Ստեփան - ՀԺԿ առաջնորդ 14.8 (9.7)

6. (6) ՄԱՐԳԱՐՅԱՆ Հրանտ - ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ 14.1 (17.1)

7. (20) ԳԵՂԱՄՅԱՆ Արտաշես - ԱԺ Իրավունք եւ միաբանություն ֆրակցիայի նախագահ 13.50 (7.6)

8. (9) ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ Աշոտ - Սոցիալիստական ուժերի դաշինքի առաջնորդ 13.5 (12.6)

9. (18) ՄԱՆՈՒԿՅԱՆ Անդրանիկ - ՀՀ պետական եկամուտների նախարար 12.5 (8.2)

10. (10) ՎԱՐԴԱՆՅԱՆ Հրանտ - «Գրանդ տոբակո»-ի նախագահ 12.1 (12.4)

11. (5) ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ Լեւոն - ՀՀ առաջին նախագահ 11.9 (20.3

12. (8) ՍԱՐԳՍՅԱՆ Արամ - նախկին վարչապետ 11.2 (14.7)

13. (25) ՆԱՂԴԱԼՅԱՆ Տիգրան - հանրային հեռուստատեսության տնօրեն 10.4 (5.3)

14. (25) ՆԱԶԱՐՅԱՆ Ռոբերտ - Երեւանի քաղաքապետ 9.1 (5.3)

15. (13) ՍԱԴՈՅԱՆ Արշակ - ՀՀ ԱԺ պատգամավոր 8.8 (10)

16. (28) ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Վահան - ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ 8.8 (4.1)

17. (11) ԹՈՐՈՍՅԱՆ Տիգրան - ԱԺ փոխնախագահ 8.3 (11.2)

18. (30) ՄԱՆՈՒԿՅԱՆ Վազգեն - ԱԺՄ նախագահ 8.1 (3.2)

19. (7) ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Արթուր - «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ 7.9 (15)

20. (29) ԽԱՉԱՏՐՅԱՆ Վարդան - ՀՀ ֆինանսների նախարար 7.9 (3.5)

Անմիջապես երեւում է, որ ցուցակը կրել է զգալի փոփոխություններ, ինչը պետք է կապել առաջին հերթին զգալի թվով նոր փորձագետների ներգրավման հետ: Այս կազմը կարելի է համարել ձեւավորված, եւ ռեյտինգի հետագա ամիսներին փոփոխությունները ավելի շատ կարտահայտեն ամսվա ընթացքում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները:

Սակայն կան նաեւ որոշակի նմանություններ, որոնց վրա կարելի է բեւեռել ուշադրությունը եւ որոշակի եզրակացություններ անել արդեն այսօր:

Ամենամեծ ազդեցությունը հանրապետության քաղաքական կյանքի զարգացման վրա ունի բնականաբար նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որի ազդեցիկության գործանիշը մոտ է բացարձակի - 98,9: Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գործանիշն է 90,6: Ի դեպ, նա միակն է նախագահից բացի, որ մեր փորձագետներից մի քանիսի կարծիքով համարվել է ամենաազդեցիկ գործիչը:

Իրենց դիրքերը պահպանել են նաեւ վարչապետության 1 տարին նշած Անդրանիկ Մարգարյանը, չնայած արդեն երկար ժամանակ պտտվող մոտալուտ պաշտոնանկության մասին լուրերի, եւ անզգույշ հայտարարության համար քննադատության ենթարկված ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը:

Առաջին տասնյակում են մնացել նաեւ դաշնակցական Հրանտ Մարգարյանը (ի դեպ, 20-ում է հայտնվել ՀՅԴ եւս մի ներկայացուցիչՙ Վահան Հովհաննիսյանը), սոցիալիստ Աշոտ Մանուչարյանը եւ գործարար Հրանտ Վարդանյանը (եւս մեկ գործարարՙ Միքայել Բաղդասարովը 21-ն է):

Անմիջապես «մեծ քառյակին» հաջորդում է ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, որի դիրքերի կտրուկ ամրապնդումը կարելի է բացատրել նաեւ նրանով, որ հարցման անցկացման օրերին ժողովրդականներին հաջողվեց ԱԺ-ում անցկացնել «Հոկտեմբերի 27»-ի դատավարության պատգամավորական հանձնաժողովի ստեղծման նախագիծը: Իսկ պետեկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանի հայտնվելը առաջատարների թվում սպասելի էր եւ կարելի է նույնիսկ կանխատեսել նրա հետագա առաջընթացը:

Երեւի թե անսպասելի պետք է համարել ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանի զբաղեցրած 7-րդ հորիզոնականը, որը չնայած չի նշվել ամենաազդեցիկների թվում, բայց ընդգրկվել է ցուցակների մեծամասնության մեջ:

Առաջին անգամ 20-յակում հայտնվել է ԶԼՄ ներկայացուցիչՙ Հայաստանի հանրային հեռուստատեսության նախագահ Տիգրան Նաղդալյանը:

Կարելի է նաեւ նշել «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի վարկանիշի կտրուկ անկումը եւ Երեւանի քաղաքագլուխ Ռոբերտ Նազարյանի վերելքը:

Ցածր է մնում ԱԺ ղեկավարության ազդեցությունը:

ՍՈՒՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ, Նախագծի հեղինակ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4