«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#101, 2001-06-02 | #102, 2001-06-05 | #103, 2001-06-06


ԱՎԱՐՏՎԵՑ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ «ԱՐՇԱԿ ՏԻԳՐԱՆՅԱՆ» ՎԱՐԺԱՐԱՆԻ ՍԱՆԵՐԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

«Ազգի» ընթերցողներին արդեն տեղեկացրել ենք Լոս Անջելեսի Թեքեյան մշակութային միության «Արշակ Տիգրանյան» վարժարանի 20 շրջանավարտների Հայաստան այցի մասին: Ավարտվեց նրանց մեկշաբաթյա այցը: Մեկնելուց առաջ հանդիպեցի նրանց ու փորձեցի իմանալ, թե ի՞նչ տպավորություններով են վերադառնում, առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեն եւ, իհարկե, ինչպիսի՞ փոխհարաբերություններ ունեն իրենց տարեկից օտարազգի կամ Հայաստանից գնացած երիտասարդների հետ: Անին, Անգինեն, Մարին, Հասմիկը, Արմանը, մի խոսքով բոլորն անջնջելի տպավորություններով էին վերադառնում, ոմանք նաեւ ցավով էին նշում բացթողումների մասին ու լուրջ հարցեր բարձրացնում:

Անի.- Ինձ համար այս մեկ շաբաթն աննկարագրելի մի ժամանակ էր: Թվում էր, թե ես իմ այստեղի հասակակիցներին շատ վաղուց գիտեմ, եւ նրանք իմ քույրերն ու եղբայրներն են: Ես վստահ ու անկաշկանդ էի զգում ինձ Հայաստանում. մի բան, որը չկա Լոս Անջելեսում: Այսքան գեղեցիկ ու հյուրընկալ երկրում ցավում եմ, որ մուրացկաններ կան, հատկապես 3-4 տարեկան երեխաներ, որոնք կամ մուրում են, կամ ծաղիկ վաճառում: Այ, դա չէի ցանկանա, որ լիներ, ու կարծում եմ դա լուրջ խնդիր է:

Մարի.- Ուսումնառության տարիներին Հայաստանի ամեն ինչի մասին միայն լսել ու դիտել ենք տեսաժապավեններով, բայց երբ եկանք ու մեր աչքերով դիտեցինք, ավելի շատ տպավորված կվերադառնանք: Իսկ ինչ վերաբերվում է մուրացկանությանը, ես հակադրվելով իմ ընկերուհու կարծիքին, ասեմ, որ այո, կան մարդիկ, որոնք իսկապես դրամ չունեն ու մուրացկանությամբ են հաց վաստակում: Մեզ մոտ էլ կան մուրացկաններ, հետո՞ ինչ: Բայց ովքեր էլ որ դրամ ունեն, թող օգնեն նրանց: Եթե չորս տարեկան երեխան ծաղիկ է վաճառում, ուրեմն ծնողներն աշխատանք չունեն, մի բանով պիտի կարողանա՞ն գոյություն պահպանել, թե՞ ոչ: Դեռ ավելին, իմ կարծիքով, նրանք երեւի ամաչում են մուրալուց, բայց որտեղի՞ց այդ դեպքում դրամ հայթայթեն: Ես բացասական բան չեմ տեսնում դրա մեջ, չի կարելի մեղադրել նրանց: Դեռ կայուն կառավարություն չունենք Հայաստանում, եւ նման երեւույթները հասկանալի են ու ժամանակի ընթացքում պետական մակարդակով կլուծվեն:

Մարին չթաքցրեց, որ չէր ուզում գնալ Հայաստանից: Նրան հուսադրում էր ամռանը մայրիկի հետ նորից Հայաստան գալու միտքը: Մարի Ավագյանը որոշել է փաստաբան դառնալ եւ հենց կրթություն ստանա, անմիջապես կհաստատվի Հայաստանում եւ կաշխատի իր հայրենիքի համար:

Հասմիկ.- Ես հաճախ երազում Հայաստանն էի տեսնում եւ հիմա էլ դժվարանում եմ տարբերակել իրականը երազից: Ես հպարտ եմ, որ հայ եմ, ունենք անկախ Հայաստան եւ ես քայլում եմ նրա փողոցներով, մի բան, որ մեր բոլորիս թաքուն երազանքն է օտար ափերում: Ես որոշել եմ ուսումս շարունակել համալսարանի միջազգային հենց այն բաժնում, որը կապված է ԱՄՆ-ում հայկական գաղութի կապերի հետ, որպեսզի էլ ավելի օգտակար լինեմ իմ ժողովրդին: Եվ երեւի մոտ ապագայում մշտապես հաստատվեմ Հայաստանում:

Արմեն.- Ես ծնվել եմ ԱՄՆ-ում եւ իմ տպավորություններում այս ազգի շուրջ եւ լավը կա, եւ վատը: Լավըՙ որ հայրենի հողն է եւ արդեն բնազդային կապ կա նրա հետ ու աննկարագրելի գեղեցիկ է, որն էլ բոլորս սիրեցինք: Իմ կարծիքով այստեղ ընկերային կյանքը տարբերվում է ամերիկյանից: Մենք ավելի ազատ ենք, անկաշկանդ, իսկ այստեղՙ չափված-ձեւված են: Վատ է, որ հայ մուրացկաններ տեսա, մեզ մոտ էլ կան, բայց այլազգիներ են: Երբ մեր հայրենիքում հայն է մուրում, ցավ եմ զգում: Իմ ընկերները միայն հայեր են եւ ոչ մի տարբերակում չկաՙ որտեղ են ծնվել, որտեղից են եկել: Ես երբ աշխատում էի օտարազգիների հետ, դարձյալ դժվարություններ չունեի: Որոշել եմ համալսարանի կենսաբանության բաժինն ավարտել, բայց Հայաստան չեմ գա ո՚չ ապրելու եւ ո՚չ աշխատելու: Սովորել եմ Ամերիկային, եթե այստեղ էլ ամեն բան լավ լինի, ինչպես մեզ մոտ, այդ ժամանակ կմտածեմ:

Իսկ երբ ես Արմեն Մենեչյանին հարցրիՙ կուզե՞ր մասնակցել հայրենիքի զարգացմանը եւ հաստատվել Հայաստանում, ի զարմանս ինձ, հնչեց պատասխանը. «Ամերիկայում ամեն ինչ հեշտ է, մեզ համար ամեն պայմանները կան, եւ ես նախընտրում եմ հեշտը, դժվարություններն ինձ համար չեն, ես սովոր չեմ: Իսկ իմ հարսնացուն միանշանակ հայուհի կլինի, բայց ԱՄՆ-ից: Հայաստանից հարսնացուն մեծ ծախսեր է պահանջում»:

Անգինե._ Շատ ավելի լավ տեսա երկիրը, քան այն պատկերացնում էի: Երեւի դեղագործ դառնամ ու կփորձեմ գալ Հայաստանՙ օգտակար լինելու նրան: Այնքան հրապուրվեցի, որ որոշել եմ այստեղ հիմնել իմ ընտանիքը, հաստատ իմանալով, որ իմ զավակները մեծանալու են հայ: Շատ կարեւոր գործոն է դա ինձ համար: Այս ճամփորդությունն ինձ օգնեց կողմնորոշվելու իմ ապագայի հարցում: Այստեղի կյանքն ինձ ավելի հարազատ է, քան Ամերիկայինը: Իսկ երիտասարդության հետաքրքրասիրությունն այստեղինը ավելի հեշտ է, մեր հայրենակիցներն են, իսկ այնտեղՙ օտարազգի, այլ նախասիրություններ ունեցող երիտասարդների հետ դժվար է: Իսկ Հայաստանից եկածների մեջ որեւէ տարբերակում լինել չի կարող:

Իհարկե, խմբի ղեկավար, Ա. Տիգրանյան վարժարանի ուսուցչուհի օր. Լորա Գույումջյանի կարծիքը համեմատական էր անցած երկու տարիների այցի հետ: Նրա աչքից չէր վրիպել այն ամենը, ինչ փոխվել ու կառուցվել էր. «Ես այսքան կանաչ ու գեղեցիկ չէի տեսել: Մաքուր քաղաք է մեր Երեւանը, զգացվում է սրտացավություն ամեն ինչում, եթե այսպես շարունակվի, ապա աշխարհի շատ ու շատ գեղեցիկ քաղաքների շարքին կդասվի: Ես հպարտ եմ, որ իմ սաները հիացած ու անջնջելի տպավորություններով են մեկնում Հայաստանից: Ուրեմն մենքՙ ուսուցիչներս, զուր չենք տքնել այդքան տարիՙ մեր վարժարանում արժանի սաներ կրթելու»:

Հրաժեշտը շատ հուզիչ էր, բայց այն փաստը, որ այս 20 սաներից արդեն 18-ը ցանկություն ունեն ուսում ստանալուց հետո հիմնովին հաստատվել Հայաստանում, որն առիթ է տալիս հիշել Վահան Թեքեյանի խոսքերը, այս դեպքում ուղղված Լոս Անջելեսի ԹՄՄ կենտրոնական վարչությանը, գործադիր մարմնին ու «Արշակ Տիգրանյան» վարժարանի ուսուցչական անձնակազմին, նման հայրենասեր ու հայեցի երիտասարդ սերունդ կրթելու համար. «Կեցցեն անոնք, որ կայրին ազգին սիրովն անձկագին...»

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4