«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#101, 2001-06-02 | #102, 2001-06-05 | #103, 2001-06-06


ՃՇՄԱՐՏԱՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Արեւելագիտության ինստիտուտի նոր հրատարակությունները

ՀՀ բյուջեից ԳԱԱ համակարգին իբր հատկացվող, բայց ամիսներով տեղ չհասնող ֆինանսների պայմաններում, համակարգի ինստիտուտները ստիպված են իրենք իրենց գլխի ճարը տեսնել: «Եղունգ ունեսՙ գլուխդ քորի», ասում է ժողովրդական ասացվածքը:

Բարի ավանդույթ է դարձել ԱՄՆ-ի «Արմեն եւ Բերսաբե Ջերեջյան» հիմնադրամի կողմից ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի հրատարակությունների հովանավորումը, որի շնորհիվ ինստիտուտը կարողանում է լույս աշխարհ բերել իր աշխատակիցների ուսումնասիրությունները, որոնք իրենց որակով չեն զիջում արեւելագիտության համաշխարհային կենտրոններում ստեղծված համանման աշխատանքներին:

Դրանցից է Քրիստինե Կոստիկյանի պարսկերենից թարգմանած, կազմած ու ծանոթագրած Միրզա Յուսուֆ Ներսեսովի «Ճշմարտացի պատմության» հայերեն ու անգլերեն թարգմանությունը: Հեղինակը 18-րդ դարի վերջին Արցախում ծնված հայ է, որը գերեվարվել է պարսիկների կողմից, բռնի մահմեդականացվել ու երկար տարիներ ծառայել Պարսկաստանի թագաժառանգի մորեղբոր դիվանումՙ որպես գրագիր: 1828 թ.-ին վերադարձել է հայրենի երկիրՙ իր ազգին ու կրոնին, գրել իր «Պատմությունը», որը բաղկացած է առաջաբանից, 9 գլուխներից եւ վերջաբանից: Պատմագիտական արժեք են ներկայացնում աշխատության միայն 8-րդ եւ 9-րդ գլուխները, որոնք էլ թարգմանաբար առաջին անգամ ներկայացվում են հայալեզու եւ անգլալեզու ընթերցողին:

Գրքի «Ներածությունում» Քր. Կոստիկյանը ներկայացնում է հեղինակի կենսագրությունը եւ գնահատում նրա «Պատմության» նշանակությունը: Ներսեսի որդի Հովսեփը գրում է Ղարաբաղի հայկական մելիքությունների, Վարանդայի Մելիք Շահնազարի դավաճանության ու դրա հետեւանքով Ղարաբաղի խանության առաջացման եւ ամրապնդման, Շուշի քաղաք-ամրոցի շինարարության, 18-րդ դարի վերջին Անդրկովկասում պարսկական արշավանքների եւ 19-րդ դարի սկզբին ռուս-պարսկական պատերազմների մասին: Ինչպես նկատել է տալիս Կոստիկյանը «Ներածությունում», Միրզա Յուսուֆ Ներսեսովի «Պատմության» տեղեկությունների հետ համեմատությունը «ցույց է տալիս նաեւ, որ խորհրդային իշխանության հաստատման տարիներին Ադրբեջանի ենթակայության տակ դրված ԼՂԻՄ-ը չէր ընդգրկում Ղարաբաղի հայկական տարածքները ամբողջությամբ» (էջ 21): Սույն «Պատմությունը» փաստում է նաեւ, որ Արցախը բնիկ հայկական հող է, ուր մահմեդական քոչվոր ցեղերը սկսել են նստակյաց կյանք վարելու նախանշաններ ցույց տալ միայն 18-րդ դարի վերջին: Ներսեսովը Ղարաբաղի պատմագիրներից միակն է, որ շարադրել է 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմի ամբողջ ընթացքը. այս անցքերի նրա նկարագրությունը վավերական է, քանի որ գրվել է իրադարձությունների անմիջական ականատեսի ու մասնակցի գրչով:

Թե՚ հայերեն եւ թե՚ անգլերեն թարգմանությունների ավարտին բերված են «Ճշմարտացի պատմության» մեջ հանդիպող հարկային, սոցիալական եւ այլ եզրերի բացատրական բառարաններ, թարգմանչի ներածության մեջ օգտագործված գրականության ցանկը, անձնանունների եւ տեղանունների ցանկեր: 360 էջանոց հատորի ավարտին արտատպված է պարսկերեն բնագիրըՙ լուսապատճենված տեսքով:

Միրզա Յուսուֆ Ներսեսովի այս աշխատությունը կարեւոր սկզբնաղբուր է 18-րդ դարի կեսերից մինչեւ հաջորդ դարի կեսերը ձգվող հարյուրամյակում Անդրկովկասի պատմությունն ուսումնասիրողների համար:

Ազգային մշակույթների պահպանման ու զարգացման, գլոբալիզացիայի դեմ հանդիման ներդաշնակ աշխարհի կազմավորման հիմնավորման տեսանկյունից ուսուցողական մեծ նշանակություն ունի Արեւելագիտության ինստիտուտի մյուս հրատարակությունըՙ «Նոր Ջուղայի կենցաղային մշակույթը»: Աշոտ Ստեփանյանն իր հեղինակած ուսումնասիրությունը նվիրել է մորՙ արվեստաբան Մանյա Ղազարյանի հիշատակին:

Գիրքը բաղկացած է երկու խոսքից, «Հայկականն ու ժամանակը» առաջաբանից, 12 գլուխներից ու հավելվածից:

Ա. Ստեփանյանի ուսումնասիրության կիզակետը Նոր Ջուղայի հայկական գաղութի կիրառական արվեստն է 17-րդ, մասամբ նաեւ 18-րդ դարում: Ներկայացվում եւ մշակութաբանական-արվեստաբանական վերլուծության են ենթարկվել Նոր Ջուղայի կիրառական արվեստի ու կենցաղային մշակույթի բոլոր դրսեւորումներըՙ քարգործություն, նկարչություն, ոսկերչություն, փայտամշակություն, երաժշտություն, ձեռագրական արվեստ, տարազ, կահույք, սպասք եւ այլն: Հեղինակը շեշտում է դրանց հայկական էությունըՙ մյուս մշակույթների, մասնավորաբար իրանականի, եվրոպականի (հատկապես ռուսականի), նվազ չափովՙ հնդկականի ու արաբականի հետ ունեցած փոխառնչությունների համատեքստում: Արդյունքում Նոր Ջուղան 17-րդ դարի վերջին հասել էր կենցաղային մշակույթի մի այնպիսի ճոխության, որի նմանը չի կրկնվել հայկական ոչ մի այլ հավաքականության մեջ: Գրքի վերջին մասում հեղինակը ներկայացնում է ծագումով նորջուղայեցի նկարիչներ Բոգդան Սալթանովի, Բելսկի եւ Հովնաթանյան տոհմերի նկարչական ու կից արվեստներում ներդրումները մասնավորաբար ռուսական, մասամբ նաեւՙ վրացական մշակույթների մեջ:

Ա. Ստեփանյանի գրքի արժանիքների մեջ կարեւորում ենք հեղինակի ներդրումն այն գործին, որն այսօր կոչվում է քաղաքակրթությունների երկխոսություն: Գիրքը փաստում է, որ ապրելով Ասիայի եւ Եվրոպայի սահմանային գոտում, հայերը եվրոպացի չեն, ոչ էլ զուտ ասիացի, այլ մի ինքնատիպ ժողովուրդՙ ինքնատիպ մշակույթով, որը եթե կրում է արեւելյան մշակույթների ուժեղ կնիքը, մյուս կողմիցՙ չի բացառում եվրոպական մշակույթներից փոխառնված այն տարրերը, որոնք չեն հակասում իր ինքնատիպությանը:

216 էջանոց գրքի յուրաքանչյուր բաժնի ավարտին բերված են աղբյուրագիտական ծանոթագրություններ: Թերությունները (լուսանկարների անորակություն, ցանկերի բացակայություն եւ այլն), մեր կարծիքով, ֆինանսական միջոցների սահմանափակությամբ են պայմանավորված: Այսուհանդերձ, ելնելով ուսումնասիրության արժեքից ու արդիական նշանակությունից, հարմար ենք գտնում, որ այն թարգմանվի առնվազն պարսկերենով, միջոցներ ճարելու դեպքումՙ նաեւ ռուսերենով եւ անգլերենով:

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4