«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#105, 2001-06-08 | #106, 2001-06-09 | #107, 2001-06-12


ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԲԵԼԱՌՈՒՍ ՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՉԿԱ

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունիսի 10-ին ընդունել է Ռուսաստանյան Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Գենադի Սելեզնյովի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ Պետդումայի բոլոր պատգամավորական խմբակցություններից եւ խմբերից:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, Ռոբերտ Քոչարյանը երկկողմ կապերի զարգացման գործում բարձր է գնահատել խորհրդարանական դիվանագիտության դերը: Գենադի Սելեզնյովը հանրապետության նախագահին տեղեկացրել է արդեն իսկ ունեցած հանդիպումների եւ քննարկումների, ձեռք բերած պայմանավորվածությունների մասին: Ըստ նրա, կարեւորվել են Կովկասյան քառյակի շրջանակում միջխորհրդարանական շփումները:

Փաստելով հայ-ռուսական քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, զրուցակիցները միեւնույն ժամանակ ընդգծել են, որ դեռեւս լիարժեք չի օգտագործվում տնտեսական ոլորտում առկա ներուժը: Առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման հիմնական խոչընդոտը շարունակում են մնալ տրանսպորտային խնդիրները, որոնք հնարավոր է լուծել «Կովկաս» լաստանավային նավահանգստի կառուցման միջոցով:

Հյուրերի խնդրանքով իր տեսակետը ներկայացնելով Ռուսաստան-Բելառուս միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության վերաբերյալ, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ այդ հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում չկա: Ընդգծելով, որ Հայաստանն այսօր բավականին բարձր մակարդակի երկկողմ հարաբերություններ ունի եւ Ռուսաստանի, եւ Բելառուսի հետ, նա միաժամանակ ասել է, որ ամենեւին պարզ չէ, թե ինչ կարող է ավելացնել արդեն իսկ ձեւավորված հարաբերություններին այդ միությանն անդամակցելը:

Հանրապետության նախագահը պարզաբանումներ է տվել նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքի վերաբերյալ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4