«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#105, 2001-06-08 | #106, 2001-06-09 | #107, 2001-06-12


ԱՄՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱՓԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔ ԳՅՈՒՄՐԻԻ «ԿՈՒՄԱՅՐԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑՈՒՄ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան ափի տեղական մարմինը ստանձնել է Գյումրիի Աբովյան փողոցի թիվ 121 բնակելի շենքի վերականգնման ծրագիրը, տեղեկացնում է հիմնադրամի գործադիր վարչությունը:

Աբովյան փողոցի թիվ 121 բնակելի շենքը գտնվում է Գյումրիի «Կումայրի» պատմամշակութային արգելոցի տարածքում, Սուրբ Նշան եկեղեցու հարեւանությամբ: Կառուցվել է 19-րդ դարի վերջին եւ մոտ քսան տարի ծառայել որպես օրիորդաց տուն: Հետագայում վերածվել է բնակելի շենքի եւ ունեցել չորս բնակարաններ: 1988-ի երկրաշարժի հետեւանքով թուլացել է, դարձել վթարային:

Ծրագրով նախատեսվում է շենքը ամրացնել եւ վերակառուցել: Վերականգնված չորս բնակարանները հանձնվելու են նախկին տերերին:

Ծրագրի արժեքը 41 միլիոն դրամ է: Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Վերականգնում» ՍՊԸ-ն:

Սա ԱՄՆ արեւմտյան ափի հայության առաջին ծրագիրն է Գյումրիում: Մինչ այդ Կալիֆոռնիայի հայությունը Լոս Անջելեսում կազմակերպված հեռուստամարաթոններով մասնակցել է Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը միմյանց կապող «Գորիս-Ստեփանակերտ» ավտոճանապարհի եւ Ղարաբաղի շրջաններն իրար միացնող «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարությանը:

2000 թվականի հեռուստամարաթոնի ընթացքում Լոս Անջելեսից Դորյան ընտանիքը ստանձնել է Գյումրիի թիվ 29 դպրոցի շինարարության ծրագիրը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4