«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#105, 2001-06-08 | #106, 2001-06-09 | #107, 2001-06-12


ՇՈՒՐՋ 22 ՄԼՆ ԻՐԱՆՑԻՆԵՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՔՎԵ ՏՎԵՑԻՆ

Մ. Խաթամիի բարենորոգումների քաղաքականությանը

«Իրան դեյլի» օրաթերթի գլխավոր խմբագիր Մ. Խոդադին ասում է, որ թերթի այսօրվա համարի համար ընտրել է Մոհամադ Խաթամիի այն նկարը, որտեղ իրանցիների սիրելին ժպտում է ամբողջ դեմքով: Պակաս հրաշալի չէ նկարի մակագրությունըՙ «Ժպիտը վերադառնում է»: «Պայծառ նկար է, Ձեր թերթում կօգտագործես», ժպտաց Խոդադին:

Երեկ Թեհրանի բոլոր օրաթերթերը լույս տեսան Խաթամիի նկարներով: 21 մլն 656 հազար իրանցիներ կամ նախագահական 6-րդ ընտրություններին մասնակցածների 77,89 տոկոսը քվեարկել են Խաթամիի օգտին: Մյուս ինը թեկնածուները միասին չեն ստացել նույնիսկ 6 մլն քվե. Ահմադ Թավաքոլիՙ 4 մլն 387 հազար (15,61 տոկոս), Ալի Շամխանիՙ 737 հազար (2,62), Աբդուլահ Ջասեբիՙ 260 հազար (0,92 տոկոս), Մահմադ Քաշանիՙ 237.600 (0,84 տոկոս), Հասան Ղաֆուրիֆարդՙ 129 հազար (0,46 տոկոս), Մանսուր Ռազավիՙ 114,600 (0,41), Շահաբեդդին Սադրՙ 60.500 (0,22), Ալի Ֆալլահյանՙ 55.200 (0,20), Մուստաֆա Հաշեմիթաբաՙ 28 հազար (0,10), ավելի քիչ, քան նախագահական նախորդ ընտրություններում էր հավաքել պահպանողական Նաթեղ Նուրինՙ 7,2 մլն: Ի տարբերություն նախորդ ընտրությունների, որոնց մասնակցեցին ընտրելու իրավունք ունեցող իրանցիների 83 տոկոսը, այս անգամ մասնակցությունը համեմատաբար նվազ էրՙ 67 տոկոս:

Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին, որի վերահսկողության տակ է գտնվում համակարգի քաղաքականության ուղղությունների ընտրությունը, նրան է վերապահված զինված ուժերի հրամանատարությունը, պատերազմ հայտարարելը կամ խաղաղություն հաստատելը եւ մի շարք այլ առանցքային լիազորություններ, կիրակի, Մուհամեդ մարգարեի ծննդյան օրվա առիթով տված կրոնական արարողության ժամանակ ողջունեց նախագահական ընտրությունները, ասելով, թե դա «կրոնական ժողովրդավարության» հաստատման ապացույցն էր: Այստեղ պետական պաշտոնյաները եւ լրագրողները սովորաբար խուսափում են պատասխանել այն հարցին, թե արդյոք Խամենեի եւ Խաթամիի միջեւ կա՞ն տարաձայնություններ, մոտեցումների տարբերություններ: Հստակ է մեկ բան. Իրանում նախագահի պաշտոնն իշխանական համակարգում երկրորդն է, մոտավորապեսՙ ուժեղ նախագահական համակարգում վարչապետի պաշտոնին հավասար դիրքով:

Երկրորդ անգամ նախագահի լիազորությունները ստանձնող Խաթամին իր ուղերձում շնորհակալություն հայտնեց իրանցի ժողովրդին մասնակցության համար, ավելացնելով, թե իր առաջ լուրջ պատասխանատվություն է դրվել, որովհետեւ ժողովուրդն աջակցել է եւ դրա համար «պետք է վճարել պարտքերը»: Խաթամին դեռ ընտրություններից առաջ խոստացել է հաստատել եւ ամրապնդել ժողովրդավարությունը, խոսքի, մամուլի ազատությունը, «բուժել» Իրանի տնտեսությունը, ստեղծել աշխատատեղեր, կրճատել 15 տոկոսի հասնող գործազրկությունը: Եվ ամենագլխավորըՙ ամբողջ աշխարհում բարելավել Իրանի վարկը, երկիրը հանել պարտադրված շրջափակումից:

Կկարողանա՞ Խաթամին արդարացնել իրանցիների հույսերըՙ ժամանակը ցույց կտա: Մեկ բան հստակ է. Խաթամիի նախագահության նախորդ չորս տարիներին Իրանը վստահ քայլերով գնացել է դեպի ժողովրդավարություն: Համարձակվում եմ ասել. այսօրվա Իրանը շատ ավելի ժողովրդավարական եւ ազատ երկիր է, քան Եվրախորհրդի անդամ կամ նախկին ԽՍՀՄ մի շարք երկրներ:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թեհրան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4