«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2001-06-09 | #107, 2001-06-12 | #108, 2001-06-13


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ Է ԿՐԿՆՎՈՒՄ Է 1998-Ի ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՄՈԴԵԼԸ

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

95 կողմ, 1 դեմ եւ ոչ մի ձեռնպահ արդյունքով երեկ Ազգային ժողովը որոշում ընդունեց քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ Հայաստանում համաներում հայտարարելու մասին: Առաջարկը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ներկայացրել էր հանրապետության նախագահը, եւ հաջող քննություն էր անցել նաեւ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում:

Համաներման որոշման նախագիծն ըստ էության հանրապետությունում իրականացված վերջինՙ 1998-ի համաներման կրկնությունն է, որը տարածվելու է 2100 մարդու վրա: Դրանցից 1250-ն ազատ կարձակվեն ընդհանրապես, իսկ 867 մարդու պատժաժամկետը կկրճատվի:

Պատիժը կրելուց ազատվում են այն անձինք, ովքեր դատապարտվել են ազատազրկման մինչեւ 3 տարի ժամանակով եւ ովքեր դատապարտվել են ազատազրկման հետ չկապված պատիժների համար:

Ազատություն են ստանում նաեւ 5 տարի ժամանակով ազատազրկման դատապարտված այն անձինք, ովքեր Հայրենական մեծ պատերազմի, ԼՂ պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներ են, ունեն բռնադատվածի կարգավիճակ եւ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատազրկման ձեւով պատիժ չեն կրել: 5 տարով ազատազրկված առաջին կամ երրորդ խմբի հաշմանդամները, կանայք, 60 տարին չլրացած տղամարդիկ, մինչեւ 18 տարեկան դառնալը հանցագործություն կատարած եւ ազատազրկման վայրերում նախկինում պատիժը չկրած քաղաքացիները, անզգույշ հանցագործություն կատարելու համար դատապարտվածները (բացառությամբ քր. օրենսգրքի 173 հոդվածի 4-րդ մասով եւ 260 հոդվածով դատապարտված անձանց) եւս ազատություն կստանան: Այդ հնարավորությունից կօգտվեն նաեւ ՀՀ պաշտպանության համար մղված մարտական գործողություններում զոհված, ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց ամուսինները, զավակները կամ ծնողները:

Համաներման որոշման համաձայն, նշանակված պատժաչափի չկրած մասը կրճատվում է կիսով չափ հետեւյալ անձանց նկատմամբ.

ա) մինչեւ 5 տարի ժամանակով ազատազրկման դատապարտված ժամկետային ծառայության այն զինծառայողների նկատմամբ, ովքեր ազատազրկման վայրերում նախկինում պատիժ չեն կրել եւ որոնց վրա չի տարածվում արդեն նշված 5 տարով ազատազրկման դեպքերը:

բ) Հինգ տարուց ավելի ժամանակով ազատազրկման դատապարտված այն անձանց նկատմամբ, ովքեր ներկայացված էին մինչեւ 5 տարի ժամանակով ազատազրկման դատապարտված վերոշարադրյալ դեպքերի համար: Այսինքնՙ եթե նույն կարգի հանցագործությունների համար մարդը դատապարտվել է, ասենք, 5 տարուց ավելի ժամանակով, նրանց պատժաչափի չկրած մասը կրճատվում է կիսով չափ: Ավելացվում է եւս մի դեպք, երբ մարդն արդեն կրել է նշանակված պատժաչափի կեսը:

Որոշմամբ պատժաչափի չկրած մասն արդեն մեկ երրորդով կրճատում է նախատեսվում այն անձանց նկատմամբ, որոնց վրա չեն տարածվում արդեն ներկայացված դեպքերը:

Այս համաներումը չի վերաբերում ծանր հանցագործություններ կատարած անձանց, ինչպես օրինակ, 49 հոդվածում թվարկված հանցագործությունների կատարման դեպքում, ինչպես նաեւ նրանց, ովքեր արդեն պատիժը կրելուց ազատվել, կամ պատժաչափը կրճատվել է նախկինում ՀՀ-ում իրականացված բոլոր համաներումների դեպքերում, սակայն կրկին կատարել են դիտավորյալ հանցագործություն: Չի կիրառվի նաեւ մինչ այս որոշման ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ եւ նրանց, ովքեր խուսափել են իսկական զինվորական ծառայության հերթական զորակոչից, զորամասը կամ ծառայության վայրը թողել են ինքնագլուխ, բացակայությունը տեւել է մեկ ամսից ավելի, եւ որոնք այս երկու ամսվա ընթացքում չեն ներկայանա ՀՀ իրավապահ մարմիններին:

Համաներման իրականացումը դրվել է դատարանների, ՀՀ վճռաբեկ դատարանի, հետաքննության եւ նախաքննության մարմինների, ուղղիչ աշխատանքային հիմնարկների պետերի, ՆԳՆ տարածքային մարմինների պետերի, կարգապահական գումարտակի հրամանատարի վրա: Հատկապես վերջիններիս ընդունած որոշումները պետք է հաստատվեն դատախազի կողմից:

ԱԺ ընդունած այս որոշումը կիրառվում է այն անձանց նկատմամբ, ովքեր հանցագործություն են կատարել մինչեւ 2001 թ. հունիսի 11-ը: Որոշումն ուժի մեջ կմնա մինչեւ սեպտեմբերի 13-ը:

Խորհրդարանական քննարկումների արդյունքում որեւէ լուրջ, սկզբունքային առաջարկ չի ընդունվել, ինչը նշանակում է, որ պետաիրավական հարցերի հանձնաժողովի հույսերըՙ կապված համաներման ընդլայնման հետ, չարդարացան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4