«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2001-06-09 | #107, 2001-06-12 | #108, 2001-06-13


ՀԱՄԻԴՌԵԶԱ ԱՍԵՖԻ. «ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ»

«Այսօր երկրի արտաքին քաղաքականության մեջ նոր էջ է բացվում: Կրոնական ժողովրդավարության հաջողված փորձը պատմական հնարավորություն ստեղծեց, որպեսզի Իրանը սերտ համագործակցություն հաստատի տարածաշրջանի մահմեդական պետությունների, ինչպես նաեւ ամրապնդի կապերը մյուս երկրների հետ», երեկ ԱԳՆ-ում տված մամլո ասուլիսում հայտարարեց Իրանի արտգործնախարարության մամլո խոսնակ Համիդռեզա Ասեֆին:

Խոսնակն անդրադարձավ Հայաստանի հետ Իրանի հարաբերություններին, ասաց, որ «Իրանի արտաքին քաղաքականության մեջ առաջնահերթություններից է Հայաստանի հետ հարաբերությունը»: Թեհրանի համար Իրան-Հայաստան հարաբերություններն առանձնապես կարեւորվում են Իրան-Ռուսաստանՙ Հարավ-Հյուսիս առանցքի ամրապնդման ենթատեքստում: Ի դեպ, պաշտոնական Թեհրանը կարեւորում է նաեւ Բաքվի հետ բնական հարաբերությունների պաշտպանումը, ինչը միշտ չէ, որ հաջողությամբ է պսակվում:

«Ազգի»ՙ «Իրանը եւ Ադրբեջանն ունեն մշակութային, կրոնական աղերսներ, սակայն երկու հարեւան երկրների հարաբերությունները սառն են ու բարդ: Կարո՞ղ եք նշել պատճառը կամ պատճառները», հարցին ի պատասխան պրն Ասեֆին ճշտեց, թե «Բաքու-Թեհրան հարաբերությունները սառը չեն, բայց, համաձայն եմ, բարդ են»: Խոսնակի մեկնաբանությամբ բարդություններից գլխավորը Կասպիցի իրավական կարգավիճակի հարցում Իրանի եւ Ադրբեջանի մոտեցումների տարբերությունն է: «Ուրբաթ օրը փոխարտգործնախարար Ալի Ահանին մեկնում է Բաքուՙ մասնակցելու Կասպիցի ավազանի հինգ պետությունների իր գործընկերների հետ նախապատրաստական հանդիպմանը: Ձմռանը Թուրքմենստանի մայրաքաղաքում նախատեսվում է Կասպիցի ավազանի երկրների առաջին գագաթաժողովըՙ նախագահների մակարդակով», ասաց Ասեֆին, ավելացնելով, որ փոխարտգործնախարար Ահանիին Բաքվում կընդունի նախագահ Հ. Ալիեւը:

Կասպիցի հարցում Իրանի դիրքորոշումը չի փոխվել. ծովը հատվածների բաժանելու համաձայնության դեպքում Իրանը պետք է ստանա 20 տոկոսը:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թեհրան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4