«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2001-06-09 | #107, 2001-06-12 | #108, 2001-06-13


ԹԱԼԱՆՎԱԾ ԸՆԴԵՐՔ, ՉՀԱՐԿՎԱԾ ՄԻԼԻՈՆՆԵՐ

Ստվերային եւ բարբարոս շահագործում

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ոչ մետաղական հանքերի շահագործման եւ շինանյութերի արտադրության բնագավառում ստվերային շրջանառությունը տարեկան 28-48 մլն դոլար է: 1998-2000 թթ. իր ուսումնասիրություններով այս տվյալներն է ի հայտ բերել ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարի խորհրդական Ստեփան Բաբայանը: Մերկապարանոց չերեւալու համար պրն Բաբայանը ներկայացրեց այն «շատ պարզ հաշվարկը», որն ինքը կատարել է Վիճակագրության պետական ծառայությունից ստացած եւ նախարարության ունեցած ցուցանիշները վերլուծելով: Ըստ դրանց, 1998-ին արտադրվել է 9 մլրդ դրամի, 1999-ինՙ 8 մլրդ 400 մլն, 2000 թ.ՙ 7 մլրդ 350 մլն դրամի շինանյութ: Մինչդեռ վաճառված շինանյութերի ցուցանիշներն անհամեմատ բարձր են: Նույն երեք տարիներից 1998 թ. ձեռք է բերվել 29 մլրդ, 1999 թ.ՙ 26 մլրդ, 2000 թ.ՙ դարձյալ 26 մլրդ դրամի շինանյութ: Ստացվում է, որ ավելի շատ օգտագործվել, քան արտադրվել է: Բնականաբար, հենց այս տարբերությունն էլ կազմում է չհարկվող շրջանառությունը:

Լուրջ մտահոգության արժանի հաջորդ հարցը հանքավայրերի բարբարոսական շահագործումն է: Դարձյալ վկայակոչենք Ստեփան Բաբայանի ներկայացրած թվերը: 1998-ին Հայաստանում կառուցվել է 301 հազար քմ, 1999-ինՙ 200 հազար քմ, 2000 թ.ՙ 200 հազար քմ բնակելի մակերես: Համեմատության համար նշենք, որ խորհրդային տարիներին, մասնավորապես 80-ական թթ. տարեկան շահագործման էր հանձնվում 1,3-1,5 մլն քմ բնակմակերես: Սակայն այդ նույն տարիներին Հայաստանում շահագործվում էին 59 տուֆի, 51 բազալտի, 10 մարմարի, 2 ֆելզիտի հանքավայրեր, մինչդեռ այժմ առնվազն 7-8 անգամ պակաս բնակելի մակերես կառուցվելու պարագայում շահագործվում են 69 տուֆի, 56 բազալտի, 13 մարմարի, 5 ֆելզիտի եւ 10 պեռլիտի հանքավայրեր: Դարձյալ տարօրինակ իրավիճակ է ստեղծվում: Կառուցվում է ավելի քիչ, արդյունահանվում է ավելի շատ: Պատճառներից հիմնականն այն է, որ իրենց «իսկական տղամարդ» համարող մեր մեծահարուստները, որոնք իրենց «սուրբ» պարտքն են համարում տուն կառուցելը, շինարարության համար նախընտրում են միայն ամենաբարձրորակ քարը: Իսկ շինարարություն անողներն այսօր հիմնականում նրանք են: Եթե նախկինում գերակշռում էր միաձույլ, պանելային շենքերի շինարարությունը, որոնց մեջ օգտագործվում էին տարբեր որակի քարեր եւ այլ շինանյութ, ապա վերջիններս քարե դղյակների կառուցման ներկա ժամանակներում պարզապես վերածվում են թափոնի: Օրինակ, տուֆից նախկինում ստացվում եւ օգտագործվում էին 4 տեսակի (ըստ որակական հատկանիշների) քարեր, ապա այժմ բացառությամբ 1-ին տեսակի, մնացածը չի ստացվում եւ օգտագործվում: Այսինքնՙ հանքավայրի 8-10 տոկոսն է արդյունահանվում, իսկ 90 տոկոսը դառնում է անօգտագործելի:

Ինչպես են շահագործման իրավունք ստանում

Եթե կարճՙ ապա անցնելով պետական մի քանի գերատեսչությունների «սրի տակով»: Նախապես թույլտվություն պետք է ստանալ իշխանության տեղական մարմիններից, այնուհետեւ Երկրաբանական հիմնադրամից տեղեկանքՙ հանքավայրի մասին: Տեղեկանքի հիման վրա հանքավայրի ապագա շահագործողը դիմում է ներկայացնում ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարություն եւ ստանում համապատասխան թույլտվությունըՙ արտոնագիրը: Վերջինս ներկայացվում է բնապահպանության նախարարության ընդերքի վարչություն եւ պայմանագիր կնքվում հանքավայրի շահագործման մասին: Շրջապտույտի հաջորդ օղակը արտակարգ իրավիճակների պետական վարչության կառուցվածքում գտնվող լեռպետհսկողության վարչությունն է, որը հանքավայրերում տեխնիկայի օգտագործման իրավունք է տալիս: Եվ վերջապես, դարձյալ տեղական իշխանությունները կատարում են համապատասխան հողահատկացումը: Միայն այս ամենն անցած տնտեսվարող սուբյեկտն է համարվում տվյալ հանքավայրերի օրինական շահագործողը: Սակայն հասկանալի է, որ դրա ցանկությունը կամ հնարավորությունը ոչ բոլորն ունեն: Արդյունքում արտոնագիր եւ համապատասխան սարքավորումներ ձեռք բերելուց հետո շատերը ձեռնամուխ են լինում հանքավայրի շահագործմանը: Դարձյալ խոսենք թվերի լեզվով:

1994-1997 թթ. ֆինանսների եւ էկոնոմիկայի, 1997-2000 թթ. արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունների կողմից Հայաստանի մոտ 160 ոչ մետաղական հանքավայրերի շահագործման համար տրամադրվել է 300 արտոնագիր: Սակայն արտոնագիր ստացածներից ընդամենը 161-ն է պայմանագիր կնքել բնապահպանության նախարարության ընդերքի վարչության հետ, 91-ը ստացել լեռպետհսկողության թույլտվությունը, իսկ հողը հատկացվել է 70-80-ին: Դա նշանակում է, որ արտոնագիր ստացածների 25-30 տոկոսն է հանքավայրերը շահագործում օրինական ձեւով: Համաձայն օրենքի, մնացած բոլոր հանքավայրերի ապօրինի շահագործման դեպքում դրանք պետք է փակվեն եւ հարուցվեն քրեական գործեր: Սակայն դա չի կատարվումՙ պաշտոնապես «սոցիալական վիճակը չսրելու», իսկ իրականում այլ շահերի առկայության պատճառով, որին փոքր-ինչ ուշ կանդրադառնանք:

Պարզեցնել եւ սահմանափակել

ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության կողմից կառավարությանը ներկայացրած առաջարկում նախատեսվում են պարզեցնել արտոնագրի տրամադրման կարգը եւ սահմանափակել արտոնագրերի տրամադրումը: Այսինքնՙ սահմանել քվոտաներ եւ դրանց ձեռքբերման համար անցկացնել մրցույթներ: Եթե ներքին շուկայի պահանջարկը կարող է 10 հանքավայր բավարարել, ապա այլ հանքավայրերի շահագործման թույլտվություն պետք չէ տրամադրել: Սակայն բնական հարց է առաջանումՙ ինչպե՞ս վարվել մինչ այժմ տրամադրված 300 արտոնագրերի հետՙ հե՞տ վերցնել: Մեր այս հարցին Ստեփան Բաբայանը բացասական պատասխան տվեց եւ առաջարկեց այսպես կոչված համաներում հայտարարել բոլոր ապօրինի շահագործողների համար, ապա մղել նրանց միավորվելու: Միավորման նպատակն է ջանքերը կենտրոնացնել արտաքին շուկա դուրս գալու համար: Այդ դեպքում արտոնագրերը կպահպանվեն:

Գլխավորՙ ստվերայնության նվազման հարցը կարգավորելու համար առաջարկվում է բյուջեից համապատասխան գումարներ (20 մլն դրամ) հատկացնել արդյունաբերության եւ առեւտրի նախարարության երկրաբանական հետազոտությունների եւ մարկշեյդերական չափումների վարչությանը, որպեսզի տարեկան երկու անգամՙ տարեսկզբին եւ տարեվերջին չափեն հանքավայրերի լեռնային զանգվածի շարժը: Եթե չափումներից պարզվի, որ տվյալ հանքավայրից արդյունահանվել է, ենթադրենք, 1000 խմ հանքանյութ, ապա ակնհայտ կլինի, թե որքան շինանյութ է արտադրվել եւ վաճառվել: Նախարարի խորհրդականը վստահ է, որ այս կերպ ստվերայնությունը 80 տոկոսով կբացահայտվի: Սակայն առկա իրողությունները թույլ չեն տալիս համաձայնել այս լավատեսական կանխատեսմանը:

Ովքեր են կանգնած ստվերի հետեւում

1994 թ.-ից առ այսօր հանքավայրերի շահագործման վերահսկողության իրավունք ունեցող բնապահպանության նախարարության ընդերքի վարչությունը եւ արտակարգ իրավիճակների պետական վարչության լեռպետհսկողության վարչությունն իրենց կատարած ստուգումների ժամանակ որեւէ խախտում չեն հայտնաբերել: Այսինքնՙ այն մարկշեյդերական չափումները, որ Ստեփան Բաբայանն առաջարկում է թույլատրել կատարելու արդյունաբերության եւ առեւտրի նախարարությանը, վերոնշյալ երկու վարչությունները մինչ այժմ դրանք կատարելով 7-8 տարվա ընթացքում, «չեն նկատել» տարեկան 28-48 մլն դոլարի հասնող հանքանյութի ստվերային արդյունահանումը: Ի՞նչ երաշխիք, որ երրորդ պետական մարմինը դա կնկատի: Ոչ մի: Եվ ահա թե ինչու: Քարհանքերի արդյունահանումը եւ շինանյութերի ստացումը թերեւս ամենակլանացված ոլորտներից է: Դա պատահական չէ: Ինչպես արդեն նշեցինք, ներկայումս շինարարություն հիմնականում կատարում են մերօրյա մեծահարուստները, որոնց մեջ զգալի թիվ են կազմում մեծ ու միջին տրամաչափի պաշտոնյաները, պատգամավորները: Նրանց շահավետ է այս հանքավայրերի նման շահագործումը, քանի որ այս դեպքում շատ ավելի շահավետ եւ ցածր գներով շինանյութ է ձեռք բերվում: Սակայն առավել էականն այստեղ այն է, որ հարկ եղած դեպքում նման գներով ձեռք բերված շինանյութը հավելյալ ապացույց կծառայի սեփական ստվերի գոյությունը ժխտելու համար: Մյուս կողմիցՙ հանքավայրերն այսպես թե այնպես որեւէ պաշտոնյայի հովանու ներքո են: Եվ այն փաստը, որ մինչ այժմ տրամադրված արտոնագրերից որեւէ մեկը հետ չի վերցվել ապօրինի շահագործման պատճառով (կամ որեւէ խախտում չի արձանագրվել), ապացույց է, որ այս կլանների դեմ «խաղ չկա»: Եվ հայտնի չէ, թե ով կկանգնեցնի այս ընթացքը, քանի որ ցանկացած նորանշանակ պաշտոնյա տեսականորեն ապագա առանձնատուն կառուցող է.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4