«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2001-06-09 | #107, 2001-06-12 | #108, 2001-06-13


ՄԵԿՆՈՂՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ, ՔԱՆ ՎԵՐԱԴԱՐՁՈՂՆԵՐԸ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա հինգ ամիսներին, պաշտոնական վիճակագրության համաձայն, հանրապետությունից մեկնել է 180 հազար 350 մարդ, ժամանելՙ 134 հազար 665-ը: Ընդ որում, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տվյալներով, մայիս ամսին օդային ճանապարհով մեկնել է 30 հազար 500, ժամանելՙ 23 հազար 400 մարդ, հունվար-մայիս ամիսներին մեկնողների թիվը կազմել է 130 հազար 800, վերադարձողներինըՙ 102 հազար 300: Երկաթուղային փոխադրամիջոցներով մայիսին մեկնողների թիվը կազմել է 2600, վերադարձողներինըՙ 1200 մարդ, իսկ հինգ ամիսների կտրվածքով, համապատասխանաբարՙ 9100 եւ 3000 մարդ: Ցամաքային չորս անցակետերի ամփոփ տվյալներով, մայիս ամսին մեկնել է 9962, մուտք գործելՙ 7257 մարդ, հունվար-մայիսին համապատասխանաբարՙ 40 հազար 450 եւ 29 հազար 365: Այսպիսով, ընթացիկ տարվա հինգ ամիսներին հանրապետությունից մեկնողների եւ վերադարձողների բացասական տարբերությունը կազմում է 45 հազար 685 մարդ:

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Սուսաննա Ղարիբյանի, որը նոր է վերադարձել Ժնեւում կայացած միգրացիային նվիրված համաժողովից, «Հայաստանում դեռեւս գոյություն չունի միջազգային միգրացիայի ստանդարտներին համապատասխան հաշվառման համակարգ»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4