«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2001-06-09 | #107, 2001-06-12 | #108, 2001-06-13


ԵՎՍ ԵՐԿՈՒ ԹՈՒՐՔ ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ

Հունիսի 12-ի լույս գիշերը ռուսաստանյան սահմանապահները Հայաստան-Թուրքիա սահմանագծում ձերբակալել են երկու սահմանախախտների: Այդ մասին մեզ հայտնեց ՌԴ սահմանապահ զորքերի Արտաշատի սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Վյաչեսլավ Բիրյուկովը: Միջադեպը տեղի է ունեցել այդ ջոկատի հատվածում, ժամը 0:45-ին:

Թուրքիայի երկու քաղաքացիներն անցել են պետական սահմանը, մոտեցել ինժեներա-տեխնիկական արգելափակոցներին, սակայն նկատելով ռուս սահմանապահներին, ետ են գնացել: Սահմանային Արաքս գետի մոտ նրանց բռնել է սահմանապահ կարգախումբը:

Ձերբակալվածները հայտարարել են, որ որոնում էին անասունների հոտը, որ իբր թե արածում էր սահմանային գոտում: Այնինչ, ինչպես նշեց ջոկատի պետը, ստուգումներից պարզվել է, որ սահմանն անասունների կողմից անցնելու որեւէ հետք վերջին օրերին չի արձանագրվել:

Սահմանախախտներից մեկի ձեռքին եղած բջջային հեռախոսում 20 հեռախոսահամար է մուտքագրված, որոնցից մեկը պատկանում է հարակից թուրքական տարածքում գտնվող Էդեկլու գյուղապետին:

Ձերբակալվածները քննչական մեկուսարանում են, նրանց նկատմամբ հետաքննություն է անցկացվում:

ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆ, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակից «Ազգի» համար


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4