«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2001-06-09 | #107, 2001-06-12 | #108, 2001-06-13


ԹՈՒՐՔԱԿԱՆ ԹԵՐԹՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ S-300 ՀՐԹԻՌԱԿԱՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Թուրքական «Թըրքիշ դեյլի նյուս» թերթը հունիսի 11-ի համարում տեղեկացնում է, որ «Ռուսաստանից Հայաստան տեղափոխված S-300 հրթիռակայանքը գործողության պատրաստ վիճակում կլինի սեպտեմբերի 1-ից»: Իր տեղեկությունը հաստատելու համար թուրքական թերթը վկայակոչում է Ռուսաստանի Դումայի փոխխոսնակ Արկադի (պետք է լինի Էդվարդ) Վորոբյովին, որն այդ մասին ասել է Ինտերֆաքս գործակալությանը: Սակայն, որպեսզի լղոզի այդ տեղեկության հավաստիության հարցը, «Թըրքիշ դեյլի նյուսը» ավելացնում է, որ «Վորոբյովը հստակ ակնարկություն չարեց S-300 հրթիռների մասին, սակայն նախապես հայտարարվել էր, որ «ռուսական օդային պաշտպանության համակարգ» արտահայտությունը սովորաբար վերաբերում է այդ համակարգին»:

Մինչդեռ հայտնի եւ պաշտոնապես հաստատված իրողություն է, որ S-300 զենիթահրթիռային մի կայանք Հայաստանում վաղուց տեղակայված է ռուսաստանյան ռազմակայաններից մեկում եւ գտնվում է գործունյա վիճակում: Այն մաս է կազմում Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության հակաօդային համատեղ պաշտպանության համակարգին: Եվ ինչպես հայկական, այնպես էլ ռուսական կողմը բազմիցս հայտարարել են, որ այդ կայանքի նշանակությունը զուտ պաշտպանողական է:

Մեր կարծիքով, թուրքական թերթի ապատեղեկատվության բուն նպատակը Պետդումայի խոսնակիՙ Գենադի Սելեզնյովի գլխավորությամբ անցյալ շաբաթ Հայաստանում գտնվող դումայական պատվիրակության այցին ռազմաստրատեգիական նշանակություն տալն է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4