ԼՈՆԴՈՆ, 12 ՀՈՒՆԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 11-ին Լոնդոնում կայացավ Սբ. Եղիշե եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը: Ինչպես հաղորդում է «Հայկական հորիզոնը», եկեղեցին օծել է Նորին Սուրբ օծություն Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը: Արարողությանը մասնակցելու համար հրավիրված են եղել հայտնի քաղաքական գործիչներ: Հրավիրյալների թվում էին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանըՙ տիկնոջ հետ, Լիբանանի նախկին նախագահ Էլիաս Հրաուին տիկնոջ հետ, ՀՀ ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանըՙ տիկնոջ հետ, Շառլ Ազնավուրը եւ Անգլիկան եկեղեցու ներկայացուցիչներ:
Ինչպես հաղորդվում է, եկեղեցին կառուցվել է հայտնի ձեռներեց Վաչե Մանուկյանի միջոցներով եւ անվանակոչվել է ի հիշատակ նրա հորՙ Եղիշե Մանուկյանի: Վերոհիշյալ հյուրերից բացի, օծման արարողությանը ժամանել էին նաեւ Վաչե Մանուկյանի բարեկամներն ու հյուրերը: