«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2001-06-09 | #107, 2001-06-12 | #108, 2001-06-13


ՆՇՎԵՑ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ 8-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1993 թվականի հունիս 12-ին, Աղդամի մատույցներում, թշնամու կրակահերթերը լռեցնելուց հետո զրահամեքենայի արկի բեկորից վիրավորվեց եւ զոհվեց ազատամարտիկ, Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը:

Այսօր, Մ. Մելքոնյանի (Ավո) մահվան 8-րդ տարեդարձի օրը նշվեց իբրեւ փառաբանման օր: Հիշատակի արարողությունն սկսվեց Երեւանի Սուրբ Զորավոր եկեղեցում, որտեղ պատարագ մատուցվեց: Այնուհետեւ նրա մարտական ընկերներն այցելեցին Եռաբլուր, որտեղ 1993 թվականի հունիսի 19-ից ամփոփված է ազատամարտիկի աճյունը:

Գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի խոսքերով, ազգային-ազատագրական շարժման ղեկավարներից Մոնթե Մելքոնյանը ամուր զինվորական էր, սիրում էր զինվորական կարգուկանոնը եւ տիրապետում մարտավարական բոլոր կանոններին: 1990 թվականին վերադառնալով հայրենիք, նա իր գործունեությունն սկսում է իբրեւ լրագրող, այնուհետեւ նվիրաբերվում Արցախյան հերոսամարտին: Նա եղել է Քելբաջարի ճակատամարտի ղեկավարը, առաջին հերթինՙ Դադիվանքի: Ա. Պետրոսյանն ասաց, որ Մոնթեն ուսումնասիրելու շատ գործեր է ավանդել, նրա աշխատությունները կհրատարակվեն ոչ միայն որպես պատմաբանի, այլ իբրեւ մարտիկի եւ զինվորի:

Այնուհետեւ մարտական ընկերներն ու լրագրողներն այցելեցին Մ.Մելքոնյանի անվան զինվորական ուսումնամարզական վարժարան, որտեղ սաները հերոսի հիշատակին հարգանքի երթ կատարեցին:

Վարժարանում 1997 թվականից գործում է նաեւ Մ. Մելքոնյանի անվան թանգարան, որտեղ զետեղված են նրա լուսանկարները, նամակները, անձնական իրերը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4