«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2001-06-09 | #107, 2001-06-12 | #108, 2001-06-13


ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՕՐԵՆՔԸ ԾՆՎԵՑ ԵՎ ՄԱՀԱՑԱՎ

Հունիսի 6-ից սկսվել են Սեւանա լճից ոռոգման նպատակով ջրբացթողումները: Այս մասին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի բնապահպանության վարչությունում: Նույն աղբյուրի վկայությամբ, անցած վեց օրերի ընթացքում, հունիսի 12-ի դրությամբ, լճից բաց է թողնվել 9 մլն 513 հազար խմ ջուր: Այս տվյալներն արձանագրվել են Գեղամավանի դիտակետում, որի չափիչ սարքերի ճշտությունը, սակայն, կասկած է հարուցումՙ մաշված եւ հնացած լինելու պատճառով: Մինչեւ այս տարի ջրբացթողումների վերաբերյալ տվյալներ էր տրամադրում նաեւ Սեւանի ՀԷԿ-ը, սակայն այս տարի, չգիտես ինչու, դադարեցվել են ջրբացթողումների չափագրման աշխատանքները:

Իսկ ՀՀ կառավարության որոշմամբ, այս տարի լճից բաց կթողնվի 190 մլն խմ ջուր, այնքան, ինչքան անցած տարի: Հետաքրքիր է, սակայն, որ վերջերս ընդունված «Սեւանա լճի մասին» օրենքը արգելում է լճից բաց թողնել այնքան ջուր, որը կնպաստի լճի մակարդակի իջեցմանը: Մինչդեռ, մասնագետների դիտարկմամբ, տարեկան 130 մլն խմ-ից ավելի ջրի բացթողումները զգալիորեն ազդելու են լճի մակարդակի իջեցման վրա: Գեղարքունիքի մարզպետարանին չի տրամադրվել ջրբացթողումների ժամանակացույցըՙ պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար: Մեր տեղեկություններով, Գեղարքունիքի մարզպետ Վ. Հակոբյանը դիմել է կառավարությունՙ ջրբացթողումների գրաֆիկը տրամադրելու եւ Գեղամավանի դիտարանի սարքավորումներն արդիականացնելու պահանջով: Կասկածից վեր է, որ 190 մլն խմ ջրբացթողման քանակ սահմանողները հիանալի գիտեն, որ այդ չափն աղետալի է լճի համար: Ուրեմն, արձանագրենք, որ այնքան երկար սպասված օրենքն էլ ի զորու չէ փրկելու Սեւանը:

ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4