«Որդեկորույս մայրերի մատուռ»
Այս շաբաթը կոչվում է Եղիական պահքի շաբաթ: Երկուշաբթի օրվանից սկսվում է սուրբ Հռիփսիմեի, Գայանեի, Շողակաթի եւ այլոց, իսկ կիրակի օրըՙ հունիսի 16-ին, տոնվում է Սուրբ Էջմիածնի տոնը: Մեր եկեղեցու կարգ ու կանոնով, այդ մեծ տոներին նախորդում է հնգօրյա պահք, որը ժողովրդական խոսքով կոչվում է Եղիական պահք (քանի որ շաբաթ օրը տոնվում է Եղիա մարգարեի տոնը): Կիրակի առավոտյան Երեւանից 40 ուխտավորներ ճանապարհ ընկան դեպի Արագածոտնի մարզի Արայի գյուղ, ուր բարձր բլրի վրա կառուցված է «Որդեկորույս մայրերի մատուռը»ՙ նվիրված սուրբ Մարիամին եւ սուրբ Եղիսաբեթին:
Մատուռը կառուցելու մտահղացումը իրավաբան Իրինա Գալստյանինն է, որը կորցնելով իր 25-ամյա դստերըՙ Լիզա Օհանյանին, մի շարք միջոցառումներ կազմակերպեց նրա հիշատակին: Մատուռն օծվեց եւ բացվեց հավատացյալների առջեւՙ Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ հայր Վազգեն վարդապետ Միրզախանյանի ձեռմամբ: Ուխտավորներին դիմավորելով, հայր սուրբը կատարեց «Արեւագալի ժամերգություն ու ուխտավորների բարի գալուստ» օրվա արարողությունը, օրհնեց հացն ու գինին: Ուխտավորները ծնկի եկան ու խնդրեցին Աստծուց, որ այլեւս որեւէ մայր որդեկորույս չլինի:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ