Վերջերս իրանական ավիացիոն գործակալության ներկայացուցիչները, անդրադառնալով մայիսի 17-ին Իրանում վթարի ենթարկված «ՅԱԿ-40» ինքնաթիռին, որը պատկանում էր «Հայկական ավիաուղիներին» եւ որի անձնակազմի 5 անդամները հայեր էին, որպես ինքնաթիռի կործանման պատճառ էին նշել օդաչուի սխալը: Մինչդեռ, ըստ մեր տեղեկությունների, օդանավի հրամանատար Աշոտ Ամիրբեկյանը շուրջ 20 տարվա աշխատանքային փորձառություն ուներ, իսկ ինքնաթիռն էլ, ինչպես բազմիցս հավաստիացրել են «Հայկական ավիաուղիներից», տեխնիկապես լավ վիճակում էր: «Ազգի» թղթակիցը դիմեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Հովհաննես Երիցյանին:
Նա վերստին հավաստիացրեց, որ ինքնաթիռի վիճակը եւ անձնակազմի պատրաստվածությունը «հոյակապ» էին: Ինչ վերաբերում է օդաչուի սխալին, ապա ՔԱԳՎ պետը հայտնեց, որ իրանական կողմը ներողություն է խնդրել վաղաժամ հայտարարության համար: Հովհաննես Երիցյանը նշեց, որ վթարի պատճառներն ուսումնասիրող հանձնաժողովի գործունեությունը դեռեւս շարունակվում է, եւ վերջնական եզրակացության համար անհրաժեշտ են փորձագետների ուսումնասիրության արդյունքները:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ