ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Լեւոն Գրիգորյանը ներկայումս կասկածյալ է անզգույշ սպանության գործով: Այս մասին թղթակցին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից, որի վարույթում է գտնվում գործը:
Ըստ գործով ձեռք բերված տվյալների, անցած շաբաթ 15-ից ավելի անձանց կողմից խուլիգանական հարձակում է եղել դատավորի տան վրա: Դատավորը նախ փորձել է կարգի հրավիրել նրանց, ապա իրեն ամրագրված ատրճանակից օդ է կրակել. ծայր առած քաշքշուկի մեջ սպանվել է Հայկ Ավետիսյանը: Դատավոր Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունըՙ չհեռանալու մասին, մինչեւ պարզվեն անզգույշ սպանության եւ խուլիգանության փաստով հարուցված քրեական գործի հանգամանքները: