«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2001-06-09 | #107, 2001-06-12 | #108, 2001-06-13


ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԸ ԿԼՌԵ՞Ն

ՀՀ շինարարների միությունը ահազանգով դիմել է ՀՀ նախագահին, վարչապետին ու համապատասխան նախարարներին

Վերջին մեկ ամսվա ընթացքում շինանյութերի շուկայում նկատվում է գների դինամիկ աճ: Ամենակարեւոր շինանյութիՙ ցեմենտի 1 տոննայի մանրածախ գինը մեկ ամսվա ընթացքում բարձրացել է 3-4 անգամ: Եթե մոտ մեկ ամիս առաջ Հայաստանի երկու ցեմենտի գործարանների «Հրազդանցեմենտի» ու «Արարատցեմենտի» թողարկման գները մեկ տոննայի համար համապատասխանաբար 23 եւ 21 հազար էին, մի քանի շաբաթ առաջ հասան մինչեւ 40 հազարի եւ միայն երկու օր առաջ «Հրազդանցեմենտի» վերաբացումից հետո դարձան 27 հազար դրամ: Ինչպես «Ազգին» տեղեկացրեց Հայաստանի շինարարների միության նախագահ Վազգեն Պողոսյանը, անգամ այդ գներով այսօր շինարարական կազմակերպությունները դժվարությամբ են ձեռք բերում անհրաժեշտ քանակությամբ ցեմենտ: Վիճակն առավել ծանր է մանրածախ շուկայում, որտեղ գները 1 տոննայի համար հասել են մինչեւ 50, իսկ վերջին օրերինՙ 60 հազարի: Մասնավորապես «Երեւանշին» տրեստը, որն իրականացնում է Երեւանի Սբ. Գր. Լուսավորչի տաճարի շինարարությունը, երեկ արդեն կանգնել էր այսուայնտեղից պարկերով ցեմենտ հայթաթելու խնդրի առջեւ: Վ. Պողոսյանի խոսքերով, որը նաեւ այդ կազմակերպության գործադիր տնօրենն է, ցեմենտի ճգնաժամը եւս 3-4 օր կամ առավելագույնը մեկ շաբաթ շարունակվելու դեպքում հարցականի տակ կդրվի տաճարի շինարարությունը ժամանակին, այսինքնՙ սեպտեմբերի 23-ին, ինչպես նշված է 1700-ամյակի պետական ծրագրում, շահագործման հանձնելը: Նման բարդ խնդրի առջեւ են կանգնած նաեւ աղետի գոտու շինարարական կազմակերպությունները: Վերջիններս, հայաստանյան այլ շինարարական կազմակերպությունների հետ մոտ 70 կազմակերպություն, երեկ տարածեցին մի ահազանգող հայտարարությունՙ ուղղված ՀՀ նախագահին, վարչապետին, քաղաքաշինության ու արդյունաբերության նախարարներին: Հայտարարության մեջ նշված է, որ շինարարական կազմակերպությունները հայտնվել են անելանելի վիճակում: Ինչպես «Ազգի» հետ զրույցում պարզաբանեց միության նախագահը, շինարարական կազմակերպությունները գլխավորապես աշխատում են նախապես կազմված, մրցույթների արդյունքում ընդունված բիզնես-պլաններով, եւ եթե շինարարության նախահաշիվը կազմված է 1 տոննան 21 կամ 23 հազ. դրամի սահմաններում, ապա բարձր գների պայմաններում ուղղակի հնարավոր չի լինի շարունակել շինարարների վնասով աշխատանքը:

«Եթե նման իրավիճակը շարունակվի եւս մի քանի օր, ապա կաթվածահար կլինեն բոլոր գործող շինարարական կազմակերպություններն ու շինարդյունաբերության ձեռնարկությունները: Այն կբերի պետպատվերով եւ ներդրումային տարբեր ծրագրերով իրականացվող շինարարական օբյեկտների ժամկետների խախտման կամ առհասարակ դադարեցման, որով եւ վտանգի տակ կդրվի նաեւ աղետի գոտում այս տարի իրականացվող շինարարությունը», ահազանգում են Հայաստանի շինարարները: Միությունը վերոհիշյալ հայտարարությամբ խնդրել է անհապաղ միջոցներ ձեռնարկելՙ «առանց այն էլ անմխիթար վիճակում գտնվող շինոլորտը արհեստականորեն ստեղծված ցնցումից ժամ առաջ ազատելու համար»:

Ինչ վերաբերում է արհեստական ցնցումներին, ապա պրն Պողոսյանը հրաժարվեց ենթադրություններ անելուց: Մեր կողմից կարող ենք տեղեկացնել, որ ցեմենտի դեֆիցիտը հանրապետությունում ստեղծվել է երկու գործարանների մասնավորեցման գործընթացին զուգահեռ: Այդ ընթացքում «Հրազդանցեմենտը» գտավ իր նոր տիրոջըՙ «Միկա Արմենիա» ընկերությանը, եւ միայն երկու օր առաջ սկսեց աշխատանքը, իսկ «Արարատցեմենտը» դեռ շարունակում է մնալ անորոշ կարգավիճակում ու պարապուրդի մեջ: Ձեռնարկությունը ընդգրկված է մասնավորեցման ենթակա 14 առաջնահերթ ձեռնարկությունների ՀՀ կառավարության ծրագրում: Հունիսի 15-ին կբացվեն այս ձեռնարկության մասնավորեցման մրցույթի փաթեթները: Հետեւաբար, դատելով մեկ ամսում այս ոլորտում տիրող վիճակից, ներքին խնդիրներից, մասնավորեցման շարունակական ձգձգումներից, կարելի է, թերեւս, համաձայնել շինարարների միության «արհեստական դեֆիցիտ» բնորոշմանը:

Օրվա վերջում ցեմենտ արտադրող շրջանակներից տեղեկատվություն եղավ, ըստ որի գների կտրուկ բարձրացումը հանրապետություն մուտք գործող գազի ճնշման անկման հետեւանք է: Տեղեկացվեց նաեւ, որ համապատասխան ատյանները զբաղվում են հարցի շուտափույթ կարգավորմամբ: Գազի ճնշման նախկին մակարդակի վերականգնման դեպքում, ենթադրաբար, շինանյութի գները կիջնեն նախկին մակարդակին:

Գ. ՄՈՒՔՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4