«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2001-06-09 | #107, 2001-06-12 | #108, 2001-06-13


ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ. «ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ԹՈՇԱԿՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ 1200 ԴՐԱՄՈՎ»

Կառավարությունը դարձյալ համաձայն չէ

«Մի տեսակ խանդի զգացում եմ նկատում: Այս կամ այն պատգամավորը, խմբակցությունը կամ կառավարությունը մտածում են, թե հարցը վերաբերում է 550 հազար թոշակառուներին եւ ինչո՞ւ պիտի նախաձեռնությունը իրենցից չսկսվի: Դա հիվանդագին մոտեցում եմ համարում»: ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանն այսպես բնութագրեց կառավարության դիրքորոշումը ԱԺ քննարկմանն իրենց ներկայացրած «ՀՀ քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ: ՀՅԴ խմբակցությունը երկուշաբթի օրը գրեթե ստիպողաբար պահանջեց ԱԺ խոսնակ Արմեն Խաչատրյանից կենսաթոշակներին ուղղակիորեն առնչվող այս նախագիծը մտցնել եռօրյա օրակարգՙ հաշվի առնելով, որ նստաշրջանի վերջին եռօրյան էր: Նախագծի քննարկումներն առաջին ընթերցմամբ տեղի ունեցան երեքշաբթի օրը, որին կառավարությունըՙ դատելով նրա դիրքորոշումներից, պատրաստ չէր:

ՀՅԴ-ն իր ներկայացրած նախագծով առաջարկում էր բազային կենսաթոշակի չափը սահմանել ՀՀ-ում հաստատված նվազագույն աշխատավարձի 350 տոկոսի չափով, իսկ աշխատանքային ստաժի յուրաքանչյուր մեկ լրիվ տարվա համար տրվող հավելման չափը դարձնել 60 դրամ: Եթե նկատի ունենանք, որ ներկայումս բազային կենսաթոշակի չափը չի գերազանցում 2200 դրամը, ապա ակնհայտ է դառնում, որ մեկ կենսաթոշակառուի համար դրա բարձրացումը մինչեւ 3500 դրամ զգալի ազդեցություն չի ունենալու: Խնդիրը սակայն գործընթացին հետեւողական եւ շարունակական բնույթ տալն է, ինչի հանդեպ կատարյալ անտարբերություն է ցուցաբերում կառավարությունը: ՀՅԴ պատգամավորների տվյալներով իրենց կատարած սոցիալ-տնտեսական վերլուծությունները ցույց են տվել, որ նախագծի ընդունումը կառավարության, առավել կոնկրետ կենսաթոշակային ֆոնդի վրա հավելյալ 6 մլրդ 200 մլն-ից մինչեւ 6,5 մլրդ դրամի բեռ է դնում:

Կենսաթոշակային ֆոնդի նախագահը սակայն հավատացնում է, թե իրենք եւս լուրջ վերլուծություններ են կատարել եւ հստակ հաշվարկել են, որ խոսքը գնում է ոչ թե 6,5 մլրդ-ի, այլՙ 8 մլրդ-ի մասին, եւ եթե նախագիծն ընդունվի, մի քանի ամսից ֆոնդը կհայտնվի աննախադեպ ծանր իրավիճակում: Սակայն կենսաթոշակային ֆոնդի նախագահը զարմանալիորեն խնդրի լուծման անհնարինությունը կապեց ոչ թե համապատասխան ռեսուրսների բացակայության հետ, այլ... որ օրենքի ընդունումից հետո այլ օրենքներում եւս պետք է փոփոխություններ կատարվեն: Սակայն, երբ «Ազգը» փորձեց ի վերջո հասկանալ, թե վերջապես կառավարությունը պատրա՞ստ է զուտ գումարների նախատեսման առումով ընդառաջել նախագծին, կառավարության ներկայացուցիչը պատասխանեց. «Այս պահինՙ ոչ: Դրա համար էլ կառավարությունն ուսումնասիրություններ է կատարում»: Ի դեպ օրենսդրական այս նախաձեռնությունն արդեն մի քանի ամիս է շրջանառվում է խորհրդարանում, եւ կառավարությունը տեղյակ էր այդ մասին:

Թե ինչու այդ ընթացքում չեն կատարվել ուսումնասիրությունները, կարելի է միայն ենթադրել: Ամեն դեպքում գործադիրը ոչ թե առաջարկեց քննարկումները որոշ ժամանակով հետաձգել, այլ ուղղակի հանել օրակարգից, որին, բնականաբար, խորհրդարանականները համաձայնել չէին կարող: Առավել եւս, որ հենց թերեւս նույն կառավարության ջանքերով (քանի որ ԱԺ մեծամասնությունը նրա հենարանն է) Հրանուշ Հակոբյանի նույն նպատակը հետապնդող օրենսդրական նախաձեռնությունը եռօրյայի օրակարգ ոչ մի կերպ չէր մտնում: Զարմանալի էր սակայն, որ Հրանուշ Հակոբյանը նախագծի հեղինակներին կոչ էր անում մի քիչ իրատես լինել եւ կառավարության հետ աշխատանքներ տանելովՙ ընտրել բազային կենսաթոշակի միջին մի որեւէ տարբերակ: ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը սակայն առավել «իրատեսական» էր եւ ժամանակավրեպ համարեց հարցի քննարկումն ընդհանրապես: Ըստ նրաՙ նման նուրբ սոցիալական հարցեր բարձրացնելիս պետք է չափել տնտեսության հզորությունները, որից է անմիջապես կախված ֆոնդում գումարների հավաքագրումը: ՀՅԴ ներկայացուցիչները, սակայն, ի դեմս խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանի, սկզբունքորեն էին տրամադրված. «Այն, ինչ մենք առաջարկում ենք, ամբողջովին ռեալ հնարավոր է, եւ մենք կարող ենք գոնե հոկտեմբերի 1-ից մեր թոշակառուների թոշակները բարձրացնել 1200-1500 դրամով: Ունենք երեք հիմնական տեղ, որտեղից այդ լրացուցիչ միջոցները կարող են գալ: Առաջինըՙ թոշակառուների իրական թիվը ճշտելն է: Արդեն թվերը ճշտվում են: Դրական աշխատանք կատարվել է եւ մոտ 45-50 հազարով այն կրճատվել է: Երկրորդըՙ Հայաստանում սարսափելի մեծ տոկոս է կազմում թաքնված զբաղվածությունը, որտեղից սոցիալական վճարներ չեն գանձվում: Այստեղ մի քանի կազմակերպական աշխատանքների դեպքում, որն առաջին հերթին կառավարության անելիքն է, մեծ արդյունքների կարող ենք հասնել: Երրորդ ռեսուրսը սոցիալական վճարների դաշտն է, որտեղ հավաքագրումը դարձյալ թերացումներով է կատարվում: Այստեղ վարչարարությունը մեծացնելու պարագայում դարձյալ մեծ գումարներ ի հայտ կգան»:

Աղվան Վարդանյանը թերեւս մեկ բացթողում արեց, որն անմիջապես առնչվում է կենսաթոշակային ֆոնդի գործունեությանը: Ոչ վաղ անցյալում անընդհատ խոսվում էր կառույցում առկա կոռումպատիպ երեւույթների մասին, որի արդյունքում մեծ գումարներ էին անհետանում: Այս ուղղությամբ վերջին շրջանում որոշակի դրական տեղաշարժ կա, որի վրա էլ հույս դնելով նման օրինագծեր են առաջադրվում: Սակայն այն ընթացք կստանա՞, թե՞ ոչ, պարզ կդառնա միայն այսօրՙ քվեարկության արդյունքում: Համենայն դեպս, ԱԺ մեծամասնության դիրքորոշումն անորոշ է:

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4