«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2001-06-09 | #107, 2001-06-12 | #108, 2001-06-13


ՎԵՐԱՆԱՅԵԼ ԱՆՑՅԱԼԸ... ԱՌԱՋ ՇԱՐԺՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածը, որը հրատարակվել է անգլիական «Ֆայնենշլ թայմս» թերթի մայիսի 25-ի համարում, հետաքրքրական է ոչ միայն նրա համար, որ հատուկ հիշատակության է արժանացրել Հայկական ցեղասպանությունը, այլ մանավանդ որ, վերանայելով որոշ պատմական իրադարձություններ, Լոնդոնի Բիրկբեք քոլեջի պատմության դասախոս Մարկ Մազոուերը կարծում է, որ արտաքին ճնշումներն ու միջազգային իրադարձությունները չեն կարող հիմք ծառայել բռնարարքների կամ ազգայնամոլական միտումների համար:

Միջին Արեւելքում բռնարարքների սաստկացման հետեւանքով աննկատ անցավ Իսրայելի կրթության նախարար Լիմոր Լիվնատի անցյալ շաբաթվա հայտարարությունը, թե երկրի երեխաներն այսուհետ պետք է ստանան բացառապես հրեական-սիոնիստական կրթություն: Պատճառաբանելով, որ դպրոցները Իսրայելի պետության ներքին անվտանգության մաս են կազմում, նախարարը դրանով պատասխանում էր երկրի պահպանողականների այն մտահոգությանը, թե հիմնական հայրենասիրական արժեքները սկսել են թերագնահատվել:

Նախարարի նախաձեռնության խորքում ընկած է Իսրայելի պետության հիմնադրման ամենափայփայված առասպելի հիմնավորվածությունը վերահաստատելու մի փորձ: Վերջին տասնամյակում պատմաբանների մի նոր սերունդ հարցականի տակ է դրել այն գաղափարը, թե 1948-ի անկախության պատերազմը հրեա Դավթի փայլուն հաղթանակն էր պաղեստինցի արաբ Գողիաթի նկատմամբ: Նրանց հետազոտություններն առաջ են քաշում այն գաղափարը, որ արաբ քաղաքացիների դեմ ձեռնարկված դաժանությունները, որոնք հանգեցրին հաղթանակի, մարտադաշտում կռվող զինվորների քմահաճույքի արդյունք չէին, այլ ավագ սերնդի որոշ սիոնիստների մտահղացումը, որով պատերազմը առիթ էր էթնիկական զտում իրագործելու երկրում:

Այս եզրակացություններն, անշուշտ, խիստ անախորժ են Արիել Շարոնի կառավարության համար: Վարչապետն ինքը վերջերս նշեց, որ 1948-ի պատերազմը միայն սկիզբն էր շարունակվող այն պայքարի, որը դեռեւս ընթացքի մեջ է: Բայց մինչ իշխանությունները փորձում են այդ հաղթանակի փայլքը վերակենդանացնել, Իսրայելի արաբները 1948 թվականը հիշատակում են որպես աղետալի տարի: Պատմական հիշողության նման հակասական կարծիքներն ամենափայլուն վկայությունն են այն պառակտման, որ գոյություն ունի երկրում այժմ:

Իսրայելը միակը չէ, որ իր պատմական անցյալի առասպելն է հյուսում յուրովի: Իռլանդական Հանրապետությունում 1916-22 թվերի քաղաքացիական պատերազմից հաղթական դուրս գալը նույնպես ներկայումս հարցականի տակ է դրվում: Այնտեղ եւս պատմաբաններն այժմ լույս են սփռում այնպիսի հարցերի վրա, որոնք մինչեւ օրս անտեսվել են կամ թաքցվել նախորդ սերունդների կողմից:

Իտալիայում, որտեղ 1940-ական թվականներն ամենավիճելի տարիներն են, հնարավոր է, որ Սիլվիո Բեռլուսկոնիի կառավարությունը փորձի միջամտել դպրոցներում արդի պատմության դասավանդման ծրագրերի կազմմանը:

Անցյալի վերաբերյալ այս հակասությունների խորքում ընկած է ամոթալի եւ ոգեւորող բռնարարքների տարբերակումը: Մի կողմից նախահարձակ թշնամու հաղթական վռնդումն է, որը հիշատակվում է հասարակական միջոցառումներով, արձանների տեղադրումներով եւ փողոցների վերանվանումներով, մյուս կողմիցՙ անզեն ու անմեղ մարդկանց, հարեւան փոքրամասնությունների սպանություններն են, որոնք մոռացության են տրվում:

Հարցն այն է, որ ազգային պետությունների ստեղծման գործում երկու տարբերակներն էլ գործում են անխտիր: Թուրքիայի Հանրապետությունն, օրինակ, ծնունդ առավ հունական բանակի դեմ մղված պատերազմի, բայց նաեւ հարյուր հազարավոր հայերի կոտորածների հետեւանքով:

Հնդկաստանն ու Պակիստանը միասնաբար իրենց գոյության համար պարտական են այդ ենթատարածքի 1947-ի տարաբաժանմանը, որ պատճառ դարձավ որոշ նահանգների ծվատվելուն եւ մեկ շաբաթվա ընթացքում 1 մլն մարդկանց կոտորածի ու 10 մլն փախստականների առաջացմանը: Այս իրադարձությունները մինչեւ վերջերս երկու երկրների պատմաբանները չէին արծարծումՙ վախենալով ստվեր գցել ազգային անկախության հրաշափառ պատմության վրա:

Նման տաբուներ կարելի է տեսնել նաեւ Արեւելյան Եվրոպայում: Միայն ներկայիս լեհերն ու չեխերն են ընդունում, որ 1940-ի դեպքերը, որոնց ընթացքում գերմանացիներն սպանեցին իրենց հրեա համաքաղաքացիներին, պատճառ դարձան, որ իրենց համայնքներից անհետանան երկու խոշորագույն փոքրամասնությունները:

Այս բոլոր օրինակները ցույց են տալիս, թե ինչքան դժվար է պետությունների եւ ժողովուրդների համար ինքնակամ հրաժարվել իրենց իմիջից եւ ընդունել կոտորածներ ու վայրագություններ կազմակերպողի իրենց դերը, միաժամանակ ընդունելով նաեւ իրենց հերոսություններն ու բարեգործությունները:

Երկրորդ աշխարհամարտն էր, որ միջազգային հասարակությանը վարժեցրեց, ընտելացրեց այն գաղափարին, որ բռնի կարելի է ձերբազատվել բնակչության անցանկալի մասից: Հիտլերի հակառակորդների այդ ժամանակվա քաղած դասն այն էր, որ միայն էթնիկապես միատարր պետությունները կարող են ապահովել միջազգային անվտանգությունը: Արեւելյան Եվրոպայի քաղաքագետները որոշել էին պատերազմից անմիջապես հետո ձերբազատվել իրենց գերմանացի փոքրամասնություններից, եւ գործնականում միլիոնավորներ, այդ թվում նաեւ հականացիստներ եւ գերմանացի հրեաներ, վտարվեցին Արեւմուտքՙ ստեղծելով փախստականների մեծագույն խումբը Եվրոպայում: Պատմությանը քիչ է հայտնի նաեւ 1941 թվի հայտնի սիոնիստական առաջնորդներիՙ Բեն Գուրիոնի եւ Վայզմանի մտահղացումըՙ ապագա հրեական պետության սահմաններից դուրս վանելու արաբներին եւ նրանց փոխարեն Եվրոպայից փախստականներ ընդունելու: Ճակատագրի մեծագույն հեգնանքն է կարծես, որ էթնիկական զտման այդ գործընթացից կես դար անց Եվրոպան տնտեսական փոփոխությունների ազդեցության ներքո այսօր գլոբալիզացումից է խոսում եւ աշխատուժի ու կապիտալի շարժունակության անհրաժեշտությունն է զգում: Իսրայելում անգամ օտար, ոչ հրեական աշխատուժի պահանջ կա: Տնտեսության զարգացման դինամիզմը չի կարող հաշտվել նեղ, ազգային սահմանափակումների հետ:

Անցյալի նկատմամբ վերաբերմունքը վկայում է տվյալ երկրի ինքնաճանաչման մասին: Քաղաքական դաշտում հակառակորդի կամ հարեւանի հետ գործ ունենալը պահանջում է ջանք գործադրելՙ հասկանալու նրա անցյալի փորձառությունն ու հոգեբանական բարդությունը:

Ներկա պայմաններում բացախոսության պահանջին դեմ են Շարոնի կառավարության կրթական առաջարկները: Մերժելով ճանաչել պատմության փաստերը, Իսրայելը փաստորեն իր ապագայի քաղաքականության աղքատությունն է բացահայտում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4