Եթե այո, ապա ինչպե՞ս
Վերջերս Մեծ Բրիտանիայի դեսպանության հովանավորությամբ եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի զարգացման ընկերակցության» ու «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվել է մի սոցիոլոգիական հարցում, որի նպատակն էր պարզել չորրորդ իշխանության ներկայացուցիչների մասնագիտական եւ քաղաքացիական պատրաստվածության մակարդակըՙ էկոլոգիական պրոբլեմների ճշգրիտ եւ անկողմնակալ լուսաբանման, դրանք վերլուծելու եւ պատշաճ ձեւով հանրությանը մատուցելու հարցում: Անցկացված հարցման ակնկալիքների, խնդիրների եւ արդյունքների, ինչպես նաեւ ընդհանրապես էկոլոգիական իրավիճակի շուրջ զրուցում ենք կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանի հետ:
- Պրն Ադիբեկյան, ինչո՞վ է պայմանավորված նման հարցում անցկացնելը:
- Էկոլոգիան, որպես սոցիալ-քաղաքական պրոբլեմ, առաջ քաշվեց 1975 թ., երբ պարզվեց, որ բնակչության առողջության պահպանման խնդիրը սերտորեն կապված է շրջակա միջավայրի իրավիճակի հետ: Մինչ այդ էկոլոգիա բառը հայտնի էր միայն ակադեմիական շրջաններում, որպես բնության պաշտպանություն: Բժիշկների կատարելագործման ինստիտուտի փիլիսոփայության ամբիոնը, ի դեմս վարիչ Բ. Մեհրաբայի եւ ձեր խոնարհ ծառայի, մշակեց մի ծրագիր սոցիալ-աշխարհագրական տարածքում էկոլոգիական ճգնաժամը հաղթահարելու վերաբերյալ:
- Արդյոք այն ժամանակ արդեն խոսվո՞ւմ էր էկոլոգիական ճգնաժամի մասին:
- Մենք այն ժամանակ մեծ դժվարությամբ հավաքեցինք տեղեկություններ, որոնք պահվում էին հույժ գաղտնի կնիքի տակ: Դա հիմք ծառայեց Մոսկվայից պահանջելու, որ մեր հանրապետությունը վերածվի նոոսֆերային ուսումնասիրությունների փորձադաշտի: Սակայն փոքր Հայաստանը չէր կարող դառնալ մարդկային մտքի զարգացման մի նոր ուղղության առաջատար, իսկ կոմունիզմն էլ չէր կարող հղի լինել էկոլոգիական վտանգներով, այդպիսով հարցն ուղղակի հանվեց օրակարգից: Մեր հայեցակարգի հիմքում ընկած էր այն համոզմունքը, որ էկոլոգիական պրոբլեմը կառավարման ճգնաժամի հետեւանք է եւ լուծելու համար անհրաժեշտ է կառավարման արմատական բարեփոխում: Խնդիրը նորից արդիական դարձավ 88-ի երկրաշարժից հետո, երբ առաջ քաշվեց աղետի գոտու վերականգնման խնդիրը: Սակայն այս անգամ էլ ԽՍՀՄ-ի փլուզման հետ հօդս ցնդեցին այդ ծրագրերը:
- Այսօր, երբ արդյունաբերությունը «պարապուրդի» մեջ է, արդիակա՞ն է խոսել էկոլոգիական վերահաս աղետների մասին:
- Խորհրդային տարիներին Հայաստանը, զարգացած երկրների հաշվարկով, համարվում էր էկոլոգիապես վտանգված տարածքՙ իր արդյունաբերական եւ ժողովրդագրական ծանրաբեռնվածությամբ, ինչը, ճիշտ է, այսօր նվազել է, սակայն առաջ են եկել էկոլոգիապես այլՙ ոչ պակաս բարդ խնդիրներ, որոնք իրենց լուծման համար պահանջում են բացակայող միջոցներ: Այսինքն, այսօր մեզ մոտ էկոլոգիական ճգնաժամն ընթանում է որակապես նորՙ թերի զարգացած երկրների սցենարով: Այսպես, Սեւանի կործանման սպառնալիքը, խմելու եւ ոռոգման ջրի պակասը, չվերամշակվող աղբի կուտակումները, վարելահողի գերխոնավացումն ու աղակալումը, բնական պաշարների գիշատչային թալան հիշեցնող շահագործումը, չհսկվող թունաքիմիկատների եւ պարարտանյութերի օգտագործման հետեւանքով սննդամթերքի որակի անկումն ու մարդկանց վտանգված առողջությունը. ահա սրանք են առկա պրոբլեմների ոչ լրիվ ցանկը:
- Իսկ, ըստ Ձեզ, ո՞վ պետք է լինի էկոլոգիական իրավիճակի երաշխավորը:
- Միջազգային իրավունքի համաձայն, երկրագնդի ամեն մի բնակիչ առողջ միջավայրում ապրելու իրավունք ունի, իսկ պետությունը, որտեղ նա ապրում է, ինքնուրույն կամ միջազգային հանրության հետ պարտավոր է ապահովել պահանջվող ստանդարտները: Ակնհայտ է, որ ժողովրդավարության պայմաններում, երբ իշխանության ապակենտրոնացման հետեւանքով աճում են տեղական ինքնակառավարումը եւ չորրորդ իշխանության դերը, էկոլոգիական խնդիրները դառնում են նաեւ նրանց հոգսերի առարկան: Քանի որ մեր ժողովրդավարության ինստիտուտները դեռ նոր-նոր են ձեւավորվում, պետության դերը դեռեւս շարունակվում է մնալ վճռորոշՙ նույնիսկ նման հարցերի վերաբերյալ, բայց դա չի նշանակում, որ հասարակական կազմակերպությունները եւ ԶԼՄ-ները պետք է մնան դիտորդի դերում եւ սպասեն, թե երբ է չինովնիկը հիշելու էկոլոգիական աղետի վտանգի մասին եւ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու: Այլ կերպ ասած, քանի որ էկոլոգիական պրոբլեմների հանգույցը բեւեռվում է միայն Սեւանի եւ ատոմակայանի շուրջ, պարզ է, որ իշխանություն իրականացնողները լրջորեն չեն վերաբերվի մի շարք այլ կարեւոր հիմնահարցերի, որոնց միջոցով միայն կարելի է ապահովել մեր երկրի էկոլոգիական նորմատիվները:
- Իսկ ի՞նչը կարող է ստիպել նույն այդ չինովնիկինՙ փոխել իր վերաբերմունքը:
- Այստեղ կարեւորվում է ճնշման խմբերի ձեւավորումը, եւ այդ դերում սովորաբար հանդես են գալիս հասարակական կազմակերպությունները, գիտական շրջանները եւ միջազգային պարտավորությունները: Սրանց շարքում առավել մեծ դեր ունեն ԶԼՄ-ները, նախՙ որպես ձայն բազմաց, եւ հետոՙ որպես 4-րդ իշխանություն: Վերջիններս պետք է օգնեն հասարակությանըՙ ձեւակերպելու էկոլոգիական անվտանգության գերխնդիրը, եւ հասարակական վերահսկողության շնորհիվ հասնելու այդ խնդիրների լուծմանը:
- Ինչո՞վ է այն պայմանավորված հարցախույզը եւ ի՞նչ նպատակներ է հետապնդում:
- Հասարակության կողմից էկոլոգիական հիմնահարցերի միակողմանի ընկալումն ու գնահատումը եւ ԶԼՄ-ների անտարբեր կեցվածքը ստեղծված իրավիճակի պատճառները ուսումնասիրելու առիթ դարձան: Արդյունքները հաստատեցին մեր մտավախությունները, որ ցածր է թե՚ լրագրողների, թե՚ ակտիվիստների եւ թե՚ չինովնիկների իրազեկության աստիճանը: Ազգային առաջնահերթ խնդիրների մեջ էկոլոգիական պրոբլեմները նախորդ տարիների 11-րդ տեղից բարձրացել են ընդամենը մինչեւ 5-րդ հորիզոնականը: Խնդրի լուծումները հիմնականում կապում են պետության հետ, ինչը սխալ է, քանի որ այդ ձեւով անտեսվում են հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների ոչ պակաս հնարավորությունները: Էկոլոգիան, մոտավոր ըմբռնմամբ, գիտություն է տան մասին, իսկ տան բարեկեցության համար պետք է հոգան այդ տան բոլոր անդամները, հակառակ դեպքում կստանանք այն, ինչը մենք ունենք:
- Ի՞նչ լուծումներ եք տեսնում:
- Այս հարցը մենք դարձնելու ենք իշխանության, հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների բանավեճ-քննարկման առարկա: Սպասենք մի փոքր, եւ արդյունքները կհրապարակվեն: Պարզ է միայն, որ ցանկացած ընդունված որոշում պետք է բոլորի կողմից ընդունված լինի, եւ բոլորս միասին ձեռնամուխ լինենք դրանց իրականացմանը:
ԼԵՎՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ