«Կփափագիմ 1700-ամյակը Հայաստանում անցկացնել, եթե խնդիրներ չլինեն», ասում է Բրյուսելի հնաբնակ հայերից Անդրանիկ Ղազարյանը
Բրյուսելում գտնվելու մոտ չորս օրերի ընթացքում թերեւս ամենահաճելի անակնկալը այցելությունս էր լրագրողներիս իջեւանած հյուրանոցի դիմացի համեստ ու մարդաշատ խորտկարան. մենյուի վրա գրված էր «Սեւան»: Մատուցողները երկու երիտասարդներ էինՙ տղա ու աղջիկ: Տղան թուրք էր, որի առաջին հարցն էր, թե թուրքերեն գիտե՞մ, իսկ աղջիկըՙ «անշուշտ, հայ եմ, անունսՙ Սիրանույշ», կոտրատված հայերենով մի կերպ արտաբերեց, ինչն էլ եղավ երկրորդ անակնկալը: 18-ամյա Սիրանույշը, ինչպես բրյուսելաբնակ շատ հայազգի երիտասարդներ, անցյալ դարի երկրորդ կեսին Թուրքիայից գաղթած հայ ընտանիքից էր, ուսմանը զուգահեռ դրամ է վաստակում հայրենակցիՙ Անտոն Ագայանի մոտ:
«Սեւան» խորտկարանի տիրոջ հետ զրույցը շատ անկեղծ էր, ինչն էլ առիթ եղավ զրուցակցիս տված հարցերը հետո արդեն այլ բրյուսելաբնակ հայերի հետ մասնավոր զրույցներում քննարկելու ու պարզելու, որ այս տարի Հայաստան գալու ու 1700-ամյակն այստեղ անցկացնելու գրեթե բոլորի ցանկությունը շատ մեծ է, սակայն տեղեկատվություն չունեն Հայաստանից, իսկ եղած տեղեկություններն էլ շատ կցկտուր են, ոչ հստակ եւ մեծ մասամբ հիասթափեցնող: Մարդիկ մտահոգված են նաեւ առաջարկվող գներից. հայաստանյան յուրաքանչյուր մեկշաբաթյա տուրփաթեթը 800-1000 դոլար է, ինչը միջին ու միջինից ցածր կարողությունների տեր եվրոպաբնակ հայի համար պատկառելի գումար է: «Գները շատ սուղ են», պրն Ագայանի կարծիքը կարճ էր ու կոնկրետ: Մոտ 2 տարի առաջ նա, լինելով տեղի հայ համայնքի ակտիվ անդամներից մեկը, Բրյուսելի քաղաքապետարանի ավագանու խորհրդի անդամ եւ ինչ-որ կարողությունների տեր մարդ («Սեւանից» բացի Բրյուսելի կենտրոնական մեկ այլ փողոցում էլ նրա հայրն է ղեկավարում մեկ այլ խորտկարան), հերթական անգամ այցելելով Հայաստան, իր հետ այստեղ է բերել նաեւ մի քանի բելգիացի տուրիստական լրագրողների, որոնք հոդվածներ ու հաղորդումներ են պատրաստել Հայաստանի մասին տեղի տարբեր լրատվամիջոցների համար, սակայն, դրան հետեւած առաջարկներին ու նախագծերին հայկական կողմից ընթացք չեն տրվել:
Պրն Ագայանի կարծիքով, յուրաքանչյուր դեսպանատանը պետք է լինի գոնե մեկ աշխատակից, որը զբաղվի հատուկ տուրիզմի կամ ընդհանրապես բիզնեսի հարցերով եւ կարողանա համակարգել աշխատանքը, կազմակերպել, ապահովել անհրաժեշտ տեղեկատվությունը, փոխադարձ կապը: Ըստ նրա, ամենաճիշտ տարբերակը տեղացի հայի ընտրությունն է, որը ծանոթ է տեղական մտածելակերպին, ունի կողմնորոշում, կապեր ու շրջապատ, տիրապետում է իրավիճակին, որը կարող է նույնիսկ առանց գումարի աշխատել (եթե ՀՀ կառավարությունը լրացուցիչ հաստիքների վարձատրման խնդիր ունի): Նման մի քանի առաջարկներ ՀՀ դեսպանությանը բելգիահայ համայնքից եղել են, բայց ընթացք չի տրվել: Ինչ վերաբերում է այս տարվա ծրագրերին ու կազմակերպված աշխատանքին, ապա պրն Ագայանի գնահատմամբՙ լավ ռեկլամ չըրին:
Անմիջապես հակաճառեցի, նշելով մեկ փաստ, որ հյուրանոցի համարների դռների վրա փակցված են Հայաստանում քրիստոնեությունն իբրեւ պետական կրոն ընդունելու 1700-ամյակին նվիրված գովազդային պաստառներՙ «Austrian Airlines»-ի գովազդային մակագրությամբ (որոնք, սակայն ավելի ուշ պարզեցի, փակցված էին միայն հյուրանոցում ՀՀ պատվիրակության մեջ ընդգրկված հյուրերի համարների դռներին եւ վերջին օրը հանվեցին): Պրն Ագայանի կարծիքով, սխալ է ՀՀ իշխանությունների որդեգրած այն քաղաքականությունը, թե տուրիստները առաջին հերթին պետք է հայեր լինեն, ներդնողներըՙ հայեր եւ այլն: Ըստ նրա, Հայաստանի համար կարեւորը ոչ թե սփյուռքի հայերի վրա հույսը դնելն է, կոնկրետ այս տարվա տուրիստների ու ուխտագնացների հոսքի առումով, այլՙ օտարների, քանի որ հայն այսպես թե այնպես գումարներ կխնայի ու գոնե մեկ անգամ կփորձի լինել հայրենիքում, բայց որեւէ բելգիացի չի ծախսի հսկայական գումարներ ու գա Հայաստան, եթե այդ նույն գումարովՙ 1000-1500 դոլարով (ինչը Հայաստանում մեկշաբաթյա տուրփաթեթի գինն է) հիանալի ու ավելի երկար ժամանակ կարող է անցկացնել մեկ այլ երկրում: Պրն Ագայանը ինչքան էլ պրպտեց հիշողությունը, չգտավ իր շրջապատի հայերից մեկին, որը պատրաստվում է այս տարի մեկնել Հայաստան:
Ի տարբերություն նրա, մյուս զրուցակիցսՙ Բրյուսելի հայ համայնքի «հնաբնակներից» մեկը, 74 թ.-ին Հայաստանից Բելգիա գաղթած գորգավաճառ Անդրանիկ Ղազարյանը հաճույքով հայտնեց, որ թոռնիկը հունիսի 17-ին մեկ ամսով գալու է Հայաստան («աղվոր հայերեն կխոսի», հաճույքով տեղեկացրեց), սակայն դժվարացավ ասել, թե ծանոթ-բարեկամներից մեկ ուրիշն էլ է պատրաստվում գալ: Նրա կարծիքով, ամենաշատը մարդկանց հետ է կանգնեցնում Հայաստանի իրավիճակի, այս տարվա հետ կապված ծրագրերի մասին անտեղյակությունը, իսկ «ադիկա դեսպանության գործն էՙ հրավիրելը, բարեխոսելը, որ ժողովուրդը գիտնա, ոգեւորվի: Ծրագիրերը շատ են, բայց հետեւողական, կազմակերպված աշխատանք չկա»: Դրա հետ մեկտեղ պրն Ղազարյանը մտահոգ էր նաեւ Հայաստանից եկող «բացասական լուրերով»: «Շատ կփափագինք գալ Հայաստան, բայց տեղյակ ենք, որ այնտեղ բավական ծանր վիճակ է»: Նա ցավով նշեց նաեւ, որ Բրյուսելը «լեցուն է Հայաստանից եկած երիտասարդներով, տղաներով, աղջիկներով», որոնք գնացել են գաղտնի, ապրում են գաղտնի, կասկածելի, անորոշ կյանքով, մի քանիսը, պրն Ղազարյանի տեղեկություններով, տարբեր պատճառներով արդեն «նստած են»:
Բրյուսելի նորակառույց հայկական եկեղեցու մոտ հավաքված մեր հայրենակիցներն իրենց դժգոհությունը հայտնեցին հայաստանյան հյուրանոցների գներից (որոնք համարժեք չեն սպասարկման որակին), ինչպես նաեւՙ ավիատոմսերից, Հայաստանում գոյություն ունեցող «վատ սովորույթներից», երբ ինչ-որ միջին կարգի պաշտոնյաներ ու ծառայողներ ամեն ինչ անում են դրսից եկածների գրպաններից ավելորդ փողեր կորզելու համար: «Երկու տարի առաջ այցելելով Հայաստան, առաջին տպավորությունս Հայաստանից սա է, երբ իջա «Զվարթնոց» օդակայան, Արգավանդի ճանապարհին պետավտոտեսուչը վարձածս ավտոմեքենան կանգնեցրեց ու կես ժամ շարունակ բառացիորեն զբաղված էր փող մուրալով», ասաց մի հայաստանցի հայ (անունը չուզեց տալ), որը, մոտ 15 տարի առաջ եկել-հաստատվել է Բրյուսելում եւ այլեւս ցանկություն չունի վերադառնալ Հայաստան:
Վերոհիշյալ ամենեւին ոչ հուսադրող կարծիքների շարադրանքը կարելի է երկար շարունակել, իհարկե, ընդունելով, որ դրանք զուրկ չեն սուբյեկտիվիզմի, փաստերն ու երեւույթները եղածից ավելի գորշ ներկայացնելու տարրերից, սակայն դժվար է չհամաձայնել հետեւյալ կարծիքինՙ «Հայաստանում դեռեւս չգիտեն գրավիչ ներկայանալու բիզնեսը»:
ԳԱՅԱՆԵ ՄՈՒՔՈՅԱՆ, Բրյուսել-Երեւան