Հունիսի 8-9-ը աշխատանքային այցով Լոռու մարզում էր ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Լեմոնը: Դեսպանի աշխատանքային խմբում ընդգրկված էին ԱՄՆ-ի օգնության ծրագրերի կոորդինատոր Ջերրի Օբերնդորֆերը, ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարության (USDA) Հայաստանի գրասենյակի տնօրեն Քրեյգ Ինֆենջերը, ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչ Հարլի Մարթինը, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության ծրագրերի ղեկավար Ջաթինդեր Չիման, դեսպանատան այլ պատասխանատուներ:
Լոռու մարզպետարանում կայացավ խորհրդակցություն, ուր քննարկվեցին հունիսի 5-ին Ծաղկաձորում տեղի ունեցած «Ազգային կոնֆերանսում» ներկայացված Լոռու մարզի զարգացումը խթանող ռազմավարության շրջանակներում միջազգային դոնոր կազմակերպությունների, մասնավորապեսՙ ԱՄՆ-ի ծրագրային ներդրումների հնարավորությունները:
Մարզպետ Հենրիկ Քոչինյանը ներկայացրեց մարզի տնտեսական ներուժը եւ ընդգծեց, որ մարզը ցանկանում է ոչ թե օգնություն հայցողի դերում հանդես գալ, այլ համագործակցել արտասահմանյան ներդնողների հետ:
Այնուհետեւ դեսպանը, մարզպետը եւ նրանց ուղեկցող անձինք ծանոթացան Վանաձորի թիվ 5 համաբուժարանում առողջության առաջնային պահպանման ծրագրի ընթացքին, որն իրականացվում է ամերիկյան միջազգային առողջապահության միության Լոռի եւ Լոս Անջելես համագործակցության շրջանակներում:
Պատվիրակությունն այցելեց նաեւ Վանաձորի «Գլորիա» կարի արտադրական ֆիրմա եւ «Ավտոգենմաշ» ՓԲԸ: «Գլորիա» ֆիրման, ուր աշխատում է շուրջ 400 մարդ, համագործակցում է ամերիկյան «Ամերեքս» ֆիրմայի հետՙ ԱՄՆ առաքելով արտադրանքի 60 տոկոսը, իսկ 40 տոկոսըՙ ԱՊՀ երկրներ:
Նույն օրը ԱՄՆ-ի դեսպանը եւ Լոռու մարզպետը մեկնեցին Թումանյանի տարածաշրջան: Օձուն համայնքում գործում է «Համ» ՍՊԸ-ն, ուր ընտանեկան բիզնեսի հիման վրա ամերիկյան ներդրմամբ հիմնվել է բուսական թեյերի արտադրություն, արտադրանքն առաքվում է ԱՄՆ-ի ռեստորաններ ու հյուրանոցներ:
Դեսպանը եւ նրան ուղեկցող անձինք Ալավերդու «Մանես եւ Վալեքս» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանի հետ քննարկեցին լեռնամետալուրգիայի հեռանկարները մարզում, ապա եղան ձուլման արտադրամասում:
Հունիսի 9-ին պատվիրակության անդամները մեկնեցին Տաշիրի եւ Ստեփանավանի տարածաշրջաններ: Ծանոթացան Տաշիրի «Վիլաժ գրուպ»-ի հոլանդական պանրի գործարանի արտադրությանը, Ստեփանավանի «ԲՀԷՍ պլազմա» ԲԲԸ-ի գործունեությանը, Ամրակիցի փորձնական սերմնաբուծական տնտեսության աշխատանքին, ուր ԱՄՆ-ի գյուղնախարարության տրամադրած ցորենի եւ գարու սերմերից հեկտարից ստացվել է 50-60 ցենտներ բերք:
ԱՄՆ-ի դեսպանը նպատակ ուներ տեղում ծանոթանալ մարզում ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորված կազմակերպությունների ծրագրերի ընթացքին, գնահատել նրանց արդյունավետությունը, ինչպես նաեւ քննարկել համագործակցության հետագա ուղղությունները:
Հունիսի 9-ին պատվիրակությունը վերադարձավ Երեւան:
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ