Գագիկ Հովհաննիսյանը հաղորդում է Մակեդոնիայից
Ինչպես ես ենթադրում էի «Ազգի» նախորդ համարում, Ռաֆայել Վահանյանը Եվրոպայի առաջնության 10-րդ տուրում կարճատեւ պայքարից հետո ոչ-ոքի խաղաց հոլանդացի Լուկ վան Վելիի հետ եւ գործնականում ապահովեց իր մասնակցությունն աշխարհի առաջնությանը: Ճիշտ է, «խղճի հանգստության» համար ցանկալի է այսօր էլ սեւերով հաշտության կնքել ուկրաինացի Գեորգի Տիմոշենկոյի հետ:
Այժմ Վահանյանը հայ միակ շախմատիստն է, որը Օհրիդում ընթանում է առանց պարտության: Ցավոք, անսպասելի պարտություններ կրեցին մինչ այդ նույնպես անխոցելի Սմբատ Լպուտյանն ու Սերգեյ Մովսիսյանը: Լպուտյանը, որը սովորաբար անվրդով ու շատ կայուն խաղ է ցուցադրում, զարմանալիորեն նյարդայնացավ Սերգեյ Տիվյակովի (Հոլանդիա) հետ պայքարում եւ կարեւոր վրիպում թույլ տվեց: Մովսիսյանը Էմիլ Սուտովսկու (Իսրայել) դեմ ամբողջ պարտիայում ստիպված էր տհաճ եւ անօգուտ պաշտպանությամբ զբաղվել:
Չնայած այս անհաջողություններին, Լպուտյանն ու Մովսիսյանը շարունակում են մեծ հավանականությամբ մնալ բաղձալի ուղեգրերի թեկնածուների շարքում: Շատ հետաքրքիր մենամարտ է այսօր սպասում Սմբատին: Նա հանդիպելու է շախմատային նոր հրաշամանուկիՙ 14-ամյա ուկրաինացի Անդրեյ Վոլոկիտինի հետ, որը Օհրիդում գրոսմայստերի նորմա լրացրեց: Մովսիսյանի մրցակիցն է ռումինացի Լիվիու-Դիտեր Նիսիպեանուն:
Աշխարհամասի առաջնությունում հրաշալի է խաղում Աշոտ Անաստասյանը: Նա գերազանց ոճով պարտության մատնեց բոսնիացի հանրաճանաչ գրոսմայստեր Պրեդրագ Նիկոլիչին: Սա մրցաշարում հայ գրոսմայստերի 5-րդ հաղթանակն էր, եւ նա եւս, Վահանյանի նման, աշխարհի առաջնությունում խաղալու հսկայական հնարավորություններ ունի: Այժմ Աշոտը սեւերով պետք է հանդիպի դժվարին մրցակցիՙ Կոնստանտին Սակաեւի (Ռուսաստան) հետ:
Վլադիմիր Հակոբյանը եւ, մանա-վանդ, Արտաշես Մինասյանն այսօր անառողջ էին: Մինասյանը նույնիսկ, ինչպես ինքը խոստովանեց, մտածում էր չներկայանալ խաղին: Այնուամենայնիվ, նա մենամարտեց հանրահայտ Յաան Էլվեստի (Էստոնիա) հետ, երկար ժամանակ ծանր դիրք ուներ, բայց խաղավերջին նույնիսկ նախաձեռնություն ստացավ, թեեւ պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Հակոբյանը, առանց մեծ արկածների, հաշտություն կնքեց ռուսաստանցի Ալեքսեյ Բեզգոդովի հետ: Ոչ-ոքի ավարտվեց նաեւ Արսեն Եղիազարյանի հանդիպումը ուկրաինացի Վլադիմիր Բակլանի հետ: Հակոբյանը, Մինասյանը, Եղիազարյանն այժմ մրցաշարային նույն իրավիճակում ենՙ «պլյուս մեկ»:
Աշխարհի առաջնության ուղեգրերի համար պայքարը շարունակելու առումով նրանց օդի նման հարկավոր է գոնե մեկ հաղթանակ: 11-րդ տուրում Հակոբյանը խաղում է իսպանացի Խավիեր Մորենոյի, Մինասյանըՙ Արթուր Յուսուպովի (Գերմանիա), Եղիազարյանըՙ Եվգենի Նաերի (Ռուսաստան) հետ:
Կարեն Ասրյանը, որը «պլյուս երկու» ունի, ձգտելով նոր հաղթանակի, միաժամանակ ոչ մի դեպքում չպետք է մեծ ռիսկի գնա: Իտալացի Միշել Գոդենայի հետ հաշտություն կնքելուց հետո նա այժմ պետք է հանդիպի ուկրաինացի Ստանիսլավ Սավչենկոյի հետ:
Արդեն վերջնականապես հոգնած Լեւոն Արոնյանը պարտություն կրեց իսլանդացի Վիկտոր Գունարսոնից: Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի խաղաց իտալացի Բրունո Բելոտիի, Արա Մինասյանըՙ մակեդոնացի Նիկոլա Միտկովի հետ: 11-րդ տուրում Արոնյանի մրցակիցն է ուկրաինացի Միխայիլ Պոդգայեցը, Սարգսյանինըՙ սլովակ Թոմաս Լիկովսկին, Մինասյանինըՙ իսպանացի Մարկ Նարցիսոն:
Տուրի կարեւոր հանդիպումներից են նաեւ վան Վելի-Սուտովսկի, Պոլգար-Տիվյակով պարտիաները:
10 տուրից հետո
1-3. Լ. վան Վելի (Հոլանդիա) - 7,5
Է. Սուտովսկի (Իսրայել) - 7,5
Ս. Տիվյակով (Հոլանդիա) - 7,5
4-12. Ռ. Վահանյան (Հայաստան) - 7
Ա. Անաստասյան (Հայաստան) - 7
13-28. Ս. Լպուտյան (Հայաստան) - 6,5
Ս. Մովսիսյան (Չեխիա) - 6,5
29-57. Կ. Ասրյան (Հայաստան) - 6
58-90. Վ. Հակոբյան (Հայաստան) - 5,5
Արտ. Մինասյան (Հայաստան) - 5,5
Ա. Եղիազարյան (Հայաստան) - 5,5
127-146. Լ. Արոնյան (Հայաստան) - 4,5
147-179. Գ. Սարգսյան (Հայաստան) - 4
Արա Մինասյան (Հայաստան) - 4
Մինչեւ Եվրոպայի առաջնության ավարտը մնում է երեք տուր եւ, իհարկե, անխուսափելի լրացուցիչ մրցախաղեր: