«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#107, 2001-06-12 | #108, 2001-06-13 | #109, 2001-06-14


«ԱՅՍ ՏԱՐԻ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎԵԼՈՒ Է»

Համոզված է Իրանում Հայաստանի դեսպան Գեղամ Ղարիբջանյանը

Պաշտոնական Թեհրանը մի քանի անգամ ակնարկել է, որ Իրան-Հայաստան գազատարի շինարարական աշխատանքների ձգձգման պատճառը հայկական կողմի պատրաստակամության բացակայությունն է: Հայկական կողմի դիրքորոշումը վերոնշյալ խնդրի առիթով պարզելու նպատակով «Ազգը» դիմեց Իրանում Հայաստանի դեսպան Գեղամ Ղարիբջյանին: «Խնդիրը գազի գինն է, բանակցություններ են եղել, ճանապարհներ ենք որոնում, որպեսզի խնդիրը լուծվի: Համոզված եմ, որ այս տարվա մեջ Իրան-Հայաստան գազատարի շինարարությունը սկսվելու է: Նույնիսկ կարող եմ ասել, որ հայկական կողմը սկսել է աշխատանքները, նախագծային որոշ աշխատանքներ առաջ են ընթացել եւ այսօրվա դրությամբ գազատարի առնչությամբ քաղաքական խնդիր երկու կողմերի միջեւ չկա: Խնդիրը զուտ տնտեսական է եւ լուծելի», պարզաբանեց պրն Ղարիբջանյանը:

Իրանական մամուլը Իրան-Հայաստան գազատարի շինարարությանը հաճախ է անդրադառնում, մասնավորապես «Թեհրան թայմս» պաշտոնաթերթը մայիսի 23-ի համարում մի ընդարձակ վերլուծական էր հրապարակել, որտեղ նշում էր, թե ռուսական կողմը, որը ֆինանսական աջակցություն պիտի ցուցաբերեր գազատարի շինարարությանը, կորցրել է հետաքրքրությունը: «Իրանի եւ Հայաստանի քաղաքական ղեկավարությունները գազատարի շինարարությունը սկսելու առումով դրական որոշում կայացրել են: Պիտի նշեմ, որ Իրան-Հայաստան գազատարի կառուցումը ոչ միայն տնտեսական առումով է կարեւոր, այլեւ հեռանկարային քաղաքական առումով», նշեց Իրանում Հայաստանի դեսպանը:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թեհրան

Հ. Գ. Իրանի իշխանություններին մոտ կանգնած մի վստահելի աղբյուրից տեղեկացանք, որ նախագահ Խաթամին «Իրան-Հայաստան» գազատարի ծրագրի ընթացքին հետեւում է անձամբ եւ նույնիսկ մի առիթով ասել է, որ անկախ ամեն ինչից կառուցվելու է:

Հուսանք:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4