ԱԺ գարնանային նստաշրջանի վերջին եռօրյայի վերջին օրվա ավարտին խորհրդարանը կիսատ թողեց «Հաստատագրված վեճերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնության քննարկումըՙ կապված ներմուծվող եւ տեղում արտադրվող ծխախոտների հաստատագրված վճարների դրույքաչափերի փոփոխության հետ:
ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային, տնտեսական հարցերով հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել նախագծինՙ փորձելով միաժամանակ ընտրել երկու կողմերի համար ամենաօպտիմալ տարբերակը: Ըստ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանիՙ անհրաժեշտ է խթանել ներքին արտադրողին եւ պաշտպանել նրա շահերը, միաժամանակ երկրի շուկայից չհեռացնել ներմուծողներին, որոնց ներկայությունն էլ ապահովում է շուկայում գների բալանսավորումը: Սակայն Մինասյանը միաժամանակ չմոռացավ հիշեցնել, որ ցանկացած դեպքում, երբ բարձրացվում են գները, հարկերի նվազումից հետո դրանք չեն նվազում: Այդ նպատակով իրենք առաջարկում են միջին տարբերակը, այսինքնՙ ներմուծվող ֆիլտրով մեկ արկղ ծխախոտից որպես հաստատագրված վճար գանձել ոչ թե 120 դոլար, այլՙ 110, իսկ տեղական արտադրության դեպքում թողնել նույնըՙ 80 դոլար:
Արդյոք այս դրույքաչափերն ամենաօպտիմա՞լն են, եւ կառավարությունն ասենք մի քանի օրից դարձյալ դրանք փոփոխելու նախաձեռնություն չի՞ սկսի, քանի որ 1997-ից առ այսօր դրույքաչափերն արդեն փոփոխվել են ուղիղ հինգ անգամ: ՀՀ պետեկամուտների նախարարն այնքան էլ համոզված չէ. «Եթե մենք ասենք, որ սա լիովին օպտիմալ տարբերակ է, այդպես լինել չի կարող: Իրավիճակի փոփոխության հետ փոխվում են նաեւ դրույքաչափերը: Բայց այն ժամանակ, չգիտեմ ով էր ներկայացնողը, եւ չեմ կարող ասելՙ ինչո՞ւ է նախկին դրույքաչափը ամենաօպտիմալը համարվել: Այսօր ստացվում է, որ դա լավագույն տարբերակը չէր: Այս առաջարկվող տարբերակը կառավարությունում երկար քննարկվել է, եւ հանգել ենք եզրակացության, որ սա ոչ թե լավագույնն է, այլ լավագույններից մեկը»:
Նույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, տարվա կեսերին բյուջեում փոփոխություն նախատեսող փոփոխություններ չի կարելի ընդունել, այնինչ առաջարկվող նախագիծը հենց այդպիսին է: Նախկինում կատարված փոփոխությունները եւս բյուջետային տարվա կեսերին են կատարվել, եւ դա արդեն դարձել է պրակտիկա: Սակայն պետեկամուտների նախարարը բացատրեց, թե քանի որ «Գրանդ տոբակո» ձեռնարկությունը չի աշխատում, անհապաղ պետք էր փոփոխություն կատարել:
Ամեն դեպքում, դատելով պատգամավորների ելույթներից, կարելի է եզրակացնել, որ մոտակա ժամանակահատվածում հրավիրվելիք արտահերթ նստաշրջանում նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելու է:
Գ. Ա.