«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#107, 2001-06-12 | #108, 2001-06-13 | #109, 2001-06-14


ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ

Հայկական հարցին նվիրված ուշագրավ աշխատություն

Հայկական հարցի պատմագրությունը հարստացավ եւս մեկ ուսումնասիրությամբ: Մեր խոսքը վերջերս Մոսկվայում ռուսերենով լույս տեսած Գասպար Պետրոսյանի «Հայկական հարցը եւ հայ-ռուսական հարաբերությունները 20-րդ դարի սկզբին» ուշագրավ աշխատության մասին է:

Հեղինակը հարուստ փաստական նյութի հիման վրա, որոնց զգալի մասն առաջին անգամ է դրվում գիտական շրջանառության մեջ, բազմակողմանի քննարկում է 20-րդ դարի սկզբին հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստի մեջ Հայկական հարցին առնչվող հետաքրքրություն ներկայացնող մի շարք պրոբլեմներ:

Առաջին հերթին խոսքը 1908 թ. երիտթուրքական հեղափոխության մասին է: Հեղինակը սթափ, առանց զգացմունքների օբյեկտիվորեն գնահատում է երիտթուրքական շարժման էությունը եւ փաստական հարուստ տվյալների միջոցով եզրակացնում, որ այդ շարժումը երբեք չի ունեցել ոչ հեղափոխական եւ ոչ էլ առաջադիմական-դեմոկրատական ուղղություն:

Հանգամանորեն վերլուծելով Օսմանյան կայսրությունում արեւմտահայության ծանր վիճակը, հեղինակը բացահայտում է այն բոլոր շարժառիթները, որոնց պատճառով երիտթուրքերը կարողացան իրականացնել իրենց հրեշավոր ծրագիրըՙ արեւմտահայության տեղահանումն ու ոչնչացումը: Այս առնչությամբ էլ հեղինակը ցույց է տալիս, որ հայ ազգային-քաղաքական ուժերը եւ առաջին հերթին հատկապես Դաշնակցությունը չկարողացան թափանցել երիտթուրքիզմի էության մեջ, հավատացին կեղծ խոստումներին: Ավելինՙ Դաշնակցությունն ավելի հեռուն գնաց եւ համագործակցեց երիտթուրքերի հետ: Ապագա ողբերգական դեպքերը փաստեցին այդ համագործակցության ծանր ու անուղղելի հետեւանքները, որոնք մինչ օրս իրենց զգացնել են տալիս:

Հեղինակը թուրքական սկզբնաղբյուրների միջոցով բացահայտում է Հայկական հարցի պատմությունը կեղծելու գործում թուրքական պատմագրության դիտավորությունները, որոնք ամեն ինչում մեղավոր են համարում Ռուսաստանին, ճնշված ժողովուրդների ազատագրական պայքարին աջակցելու նրա քաղաքականությունը: Հեղինակը բացահայտում է թուրքական պատմագրության այն կեղծիքը, ըստ որի հայերի ու թուրքերի հարաբերությունների սրման համար մեղավոր է եղել Ռուսաստանը:

Աշխատությունում հանգամանորեն քննարկվում են ռուս պատմագրության մեջ հայկական հարցին տրված տեղի ու գնահատականի խնդիրները: Փաստացի նյութի վերլուծության միջոցով ցույց է տրվում, որ ռուսական պատմական գիտությունը վաղուց մշակված ավանդույթ ունի Արեւելյան հարցի բաղկացուցիչ մաս կազմող Հայկական հարցի ուսումնասիրման գործում: Հանգամանորեն անդրադառնալով ռուս նշանավոր պատմաբանների (Ս. Սոլովյով, Մ. Պոկրովսկի, Ե. Տառլե, Վ. Խվոստով եւ ուրիշներ) տեսակետներին, հեղինակն ընդգծում է նրանց մեծ ներդրումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ Հայկական հարցը ճիշտ եւ օբյեկտիվ գնահատելու գործում: Հեղինակին հաջողվել է բացահայտել ռուս պատմագրության դրական վերաբերմունքը առհասարակ Հայկական հարցի, արեւմտահայության ճակատագրի նկատմամբ:

Հեղինակը փաստացի նյութի հիման վրա բացահայտում է արեւմտահայության ռուսական կողմնորոշման շարժառիթները: Այդ կողմնորոշումն աշխատությունում գնահատվում է որպես 20-րդ դարի սկզբի հայ-ռուսական հարաբերությունների ֆինալ:

Աշխատությունում հատուկ ուշադրություն է դարձվում հայ ազգային քաղաքական կուսակցությունների գործունեությանը, նրանց միջեւ հաստատված փոխհարաբերություններին, հատկապես նրանց միջեւ ստեղծված անվստահության, անմիաբանության պատճառներին: Այս առումով հետաքրքրական է 1907 թ. Ամերիկայի հայերին ուղղված անգլիացի խմբագիր Ուիլյամ Ստետի դիմումի մեջբերումը: «Իմ խորհուրդն է, ասել է անգլիացի խմբագիրը, ստեղծել հզոր միություն բոլոր երկրներում ապրող հայերի հետ, եւ հայ ժողովրդին պատրաստել այն հեղափոխությանը, որն անխուսափելիորեն վրա է հասնելու»: Ի պատասխան այն խոսքերի, թե հայ քաղաքական կուսակցություններն իրար ավելի շատ են ատում, քան թուրքերին, Ու. Ստետն ասել է. «Նշանակում է, որ նրանք արժանի են կործանման եւ կկործանվեն»: Իսկապես ճիշտ գտնվեց, դժբախտաբար, անգլիացի գործիչը: Հայ քաղաքական ուժերը արեւմտահայությանը չպատրաստեցին 1908 թ. երիտթուրքական հեղափոխությանը, ինչի մասին արդեն նշել ենք:

Հեղինակն իրավացիորեն եզրակացնում է, թե ինչքան կշահեր արեւմտահայությունը, եթե հայ քաղաքական կուսակցությունները դրսեւորեին զգոնություն, հրաժարվեին միջկուսակցական անհամաձայնություններից, միավորվեին եւ ամբողջ ուժերը տրամադրեին արեւմտահայության համախմբմանը, համաժողովրդական պայքարի կազմակերպմանը:

Ամփոփենք: Գասպար Պետրոսյանի աշխատությունը նկատելի ներդրում է ռուսերենով Հայկական հարցի պատմագրության մեջ, եւ հեղինակին կամենում ենք հաջողությունՙ պրոբլեմի ուսումնասիրությունն ամբողջացնելու գործում:

ՎԼԱԴԻՄԻՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ, Պատմական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4