«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#110, 2001-06-15 | #111, 2001-06-16 | #112, 2001-06-19


ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՄԱԼԹԱՅՈՒՄ

Բաքուն դեմ է ԼՂ խաղաղ կարգավորման մեջ Իրանի մասնակցությանը

Հունիսի 22-24-ը Մալթայում տեղի են ունենալու ղարաբաղյան հակամարտության կարգավորման քննարկումներ, որոնց մասնակցելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան եւ ֆրանսիական համանախագահներ Քերի Քավանոն ու Ֆիլիպ դը Սուրմեյնը, ինչպես նաեւ ՌԴ փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը: Ուշագրավ է, որ ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան համանախագահ Նիկոլայ Գրիբկովի փոխարեն քննարկումներին մասնակցելու է Տրուբնիկովը, որը ներկա է եղել նաեւ ապրիլի 3-7-ը Ֆլորիդայի Քի Վեսթ քաղաքում տեղի ունեցած բանակցություններին: Գրիբկովի փոխարեն Տրուբնիկովի մասնակցությունը կարող է նշանակել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի ոչ միայն ակտիվ դերը, այլեւ դոմինանտությունը: Ակնհայտ է, այն լծակները, որ ունի Մոսկվան ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, չունեն ո՚չ Վաշինգտոնը, առավել եւս ո՚չ Փարիզը:

Մալթայում քննարկումներ անցկացնելու մտահղացումը շաբաթ օրը Սլովենիայի Լյուբլյանա քաղաքում Վլադիմիր Պուտին-Ջորջ Բուշ հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածության արդյունք չէ: Համենայն դեպս, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներն, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաեւ ԼՂ կարգավորման հեռանկարները, իսկ Մալթայում հունիսի 22-24-ը ղարաբաղյան քննարկումներ անցկացնելու մասին տեղեկությունը նախորդեց անմիջապես Պուտին-Բուշ հանդիպմանը: Մինչ այդ, ակնկալվում էր եռանախագահների հանդիպումը Մոսկվայում, որին պետք է մասնակցեր նաեւ իրանական կողմըՙ ի դեմս ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մ. Ֆ. Քոլեյնիի: Մեր ունեցած ոչ պաշտոնական տեղեկություններովՙ մոսկովյան հանդիպումը պարզապես հետաձգվել է:

Ի դեպ, իրանական կողմի ներգրավումը բանակցային գործընթացում առաջացրել է պաշտոնական Բաքվի բացասական վերաբերմունքը: Իրանի փոխարտգործնախարար Ալի Ահանին, որը շաբաթավերջին Բաքու էր ժամանելՙ քննարկելու Կասպիցի իրավական կարգավիճակի խնդիրը, Հեյդար Ալիեւի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է. «ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում իրանական կողմի ներգրավումը պայմանավորված է ԵԱՀԿ ՄԽ խնդրանքով: Իրանական ղեկավարությունը որոշել է որպես պաշտոնական Թեհրանի ներկայացուցչի նշանակել Քոլեյնիին, որովհետեւ վերջինս լավ տեղյակ է պրոբլեմին»:

Ադրբեջանի արտգործնախարար Վ. Գուլիեւը մինչ այդ խիստ կասկածի էր ենթարկել հայկական «Ազգ» օրաթերթի առաջինը տարածած այն տեղեկատվությունը, որ եռանախագահների մոսկովյան հանդիպմանն ակնկալվում է դեսպան Քոլեյնիի մասնակցությունը. «Համոզված եմ, որ համանախագահները չեն ընդունի Քոլեյնիի նշանակումը»:

Ոչ պաշտոնական մակարդակով նաեւ Ադրբեջանն անընդունելի է համարել ԼՂ կարգավորման հարցում Թեհրանի մասնակցությունը, քանի որ «Իրանը Մեղրու միջանցքով օգնում է Հայաստանին եւ Ղարաբաղին»:

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4