Ըստ Ա. Արմենակյանի շահերի ներկայացուցչիՙ հակառակը
Ինչպես պարզ դարձավ «Հոկտեմբերի 27»-ի գործով հունիսի 18-ի դատական նիստում, պետական մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը ամբաստանյալ Ն. Հունանյանի կերպարը ցցուն դարձնելու նպատակով որոշել էր զոհվածներից Արմենակ Արմենակյանի հետ զուգահեռներ անցկացնել: Մեղադրողը չէր մոռացել, որ նախորդ դատական նիստում նման իրավունք էր իրեն վերապահել նաեւ ամբաստանյալ Նաիրի Հունանյանըՙ զուգահեռ անցկացնելով իր եւ Արմենակ Արմենակյանի գրպանի պարունակության միջեւ: «Ի՞նչ ես ուզում ասել դրանով», ամբաստանյալին հարցրեց մեղադրողը:
Ն. Հունանյանն ուղղեց նախորդ դատական նիստում հրապարակած թվերըՙ իր մոտ 1910 դրամ է եղել, Ա. Արմենակյանի մոտՙ 550 դոլարն, 45 հազար դրամ: Այնուհետեւ օգտվելով ընձեռված հնարավորությունից, շարունակեց սեփական «զուգահեռները»ՙ ասելով, որ Արցախում կռվողները սոված են, իսկ մեկը գրպանում օրվա ծախսի համար այդքան փող ուներ: Նրա հաշվարկներովՙ դա հայաստանցի թոշակառուի 7-8 տարվա թոշակն է: «Այսպիսին է մեր անողոք իրականությունը», ասաց ամբաստանյալը: Ավելացրեց, թե համոզված է, որ եթե իր գրպանում այդքան գումար լիներ, նախաքննությունը մեկ հատոր կնվիրեր այդ փաստի ուսումնասիրությանը: Պետական մեղադրողը փորձեց ամբաստանյալից պարզել նաեւ, թե որտեղից նրան այն համոզմունքը, որ նշվածը Ա. Արմենակյանի գրպանի փողն էր:
Ամբաստանյալն իր համոզմունքը հիմնավորեցՙ շարունակելով թվարկել մյուս սպանվածների մոտ եղած գումարները. հոկտեմբերի 27-ին Կ. Դեմիրճյանի գրպանում եղել է 400 դոլար, Յ. Բախշյանի գրպանումՙ 300 դոլար եւ 20 հազար դրամ, Ռ. Միրոյանի գրպանումՙ 900 դոլար եւ 120 հազար դրամ, Լ. Պետրոսյանի մոտՙ 1060 դոլար եւ 24 հազար դրամ, Մ. Քոթանյանի եւ Հ. Աբրահամյանի մոտՙ 50-ական դոլար եւ 15 հազարական դրամ: «Դժվար է ենթադրել, որ նրանք բոլորը խոշոր գնումներ էին կատարելու, երբ ժողովրդի մեծամասնությունը հացի փող չունի, իսկ նրանք, ովքեր կոչված են ժողովրդի կեցությունն ապահովելու, ահա այսպես են ապրում», պատասխանեց ամբաստանյալը:
Այդուհանդերձ, մեղադրող Մարտիրոսյանը որոշել էր մինչեւ վերջ շարունակել իր ընտրած մեղադրական տակտիկան եւ նույն ոճով շարադրեց ասելիքը: «Արմենակյանն իր երկրի տարածքում եկեղեցի էր կառուցել, դուք քարը քարին չեք դրել, մի ծառ գոնե չեք տնկել եւ ոճրագործությունից հետո փորձ եք անում երեւելի տեսքով ներկայանալ հայ ժողովրդին: Ահա թե որտեղ է Արմենակյանը եւ որտեղ եք դուք»: Հաջորդըՙ «Արմենակյանը մինչեւ ԱԺ պատգամավոր լինելը եղել է թաղապետ, համայնքապետ, իմ պատկերացմամբ, որպես վեհ անձնավորություն հրաժարվել է այդ իշխանական լծակներից եւ ընտրվել ԱԺ պատգամավոր, իսկ դուք ոչ ավել, ոչ պակաս երկրի վարչապետ էիք ուզում դառնալ եւ փորձում զավթել նաեւ նախագահի լիազորությունները: Ահա թե ով եք դուք եւ ով է Արմենակյանը»: Հիշյալ տեքստերը կրկնվում էին մի քանի անգամ, որին ի պատասխան ամբաստանյալը նախ հայտնում էր, որ շարադրանքում հարց չի տեսնում, կամՙ հարցն ուղղակի հարցադրում չի պարունակում, այդ իսկ պատճառով կպատասխանի նույն ոճով:
Ամբաստանյալ Հունանյանը հայտնեց, թե շատ հնարավոր է ամեն հայ էլ եկեղեցի կառուցելու ցանկություն ունենա, բայց ցանկությունից բացի մեծ գումարներ են պետք: Գտնում է, որ եկեղեցի կառուցելը մոդայիկ է դարձել, եւ դա 1700 տարվա պատմություն ունի: Ընդամենը այս փոքրիկ հողակտորի վրա 5000-ից ավելի եկեղեցի կա: Ամբաստանյալն ավելացրեց, թե կարծում է, որ Հայաստանում ամեն մեկը լավ գիտիՙ ինչ է նշանակում թաղապետ, եւ այդ պաշտոնից հրաժարվելը անհատական երեւույթ չէ, ուրիշներն էլ են հրաժարվել եւ դարձել պատգամավոր: «Դա մի մասով իրենց ցանկությունն էր, մի մասովՙ Վազգեն Սարգսյանի կամքը եւ որոշումը: Իմ իմանալով, լծակներ չեն կորցնում այդ պաշտոնը թողնելով: Հիմնականում թաղապետ էին «ընտրում» իրենց դրածոյին, որոնք շարունակելու էին կատարել իրենց կամքն ու ցանկությունները, եւ ԱԺ գալով ոչ թե կորցնում էին իրենց լծակները, այլ ավելի ամրապնդում: Ինչ վերաբերում է իմ ԱԺ մտնելուն, եթե Հայաստանում գոնե նվազագույն պայմաններ լինեին հայ ժողովրդի կենսագործունեության ապահովման համար, ապա ոչ ես, ոչ էլ մեկ ուրիշն այդ քայլին չէր գնա, ինչպես այն երկրում, որտեղ իշխանությունները ոչ թե իրենց ժողովրդի դեմ են աշխատում, այլՙ կողմ»:
Այս ոճով հարցուպատասխանը սպառնում էր երկար շարունակվել, եթե մեղադրողին չընդմիջեր Արմենակ Արմենակյանի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Անդրեյանը: Վերջինս նկատելով, որ մեղադրողի հարցադրումները պարզապես հնարավորություն են ստեղծում, որպեսզի ամբաստանյալը հնարավորինս վատաբանի նրա վստահորդին, հայտնեց, թե տպավորություն է ստեղծվում, որ դատարանում ոչ թե քրեական գործի հանգամանքներն են քննվում, այլ մի ուրիշ գործ: Մեղադրողի հարցերը ոչ մի բանով չեն ծառայում այդ նպատակին եւ իբրեւ Արմենակյանի շահերի ներկայացուցիչՙ կոչ արեց ձեռնպահ մնալ նման շարադրանքիցՙ առաջարկելով քննարկել այն հարցերը, որոնք կապված են Արմենակյանի հետ: Մյուս փաստաբանները նույնպես առիթը բաց չթողեցին իրենց դժգոհությունն արտահայտելու, մասնավորապես Մարինե Ջանոյանն անընդունելի համարեց Ա. Արմենակյանի եւ ամբաստանյալ Ն. Հունանյանի միջեւ զուգահեռներ անցկացնելը:
«Ի սկզբանե հարցերը հարց տալու նպատակ չեն հետապնդում, պետք է այնպիսի հարցեր տալ, որոնք ուղղված են գործի հանգամանքների բացահայտմանը», հայտնեց դատապաշտպան Համլետ Ստեփանյանը: Փաստաբան Աշոտ Սարգսյանը կողմ էր Մ. Ջանոյանի այն տեսակետին, որ զուգահեռ չի կարելի անցկացնել «մարդասպանի եւ ազգային հերոսի» միջեւ, սակայն առարկեց փաստաբանների այն տեսակետին, որ այդպիսով անտեղի ժամանակ են վատնում: «Երկրի ապագան այս գործի քննության հետ է կապված, շտապելու ոչինչ չունենք», հայտնեց Ա. Սարգսյանը: Դատապաշտպաններից Մ. Չիլինգարյանը գտնում էր, որ նախաքննության ժամանակ նույնպես «երկրորդական» հարցերի հետեւից են ընկել, այդ պատճառով էլ գործն այս վիճակով են դատարան ներկայացրելՙ ակնարկելով մեղադրողի աշխատաոճը:
Մեղադրող Մարտիրոսյանն ընդդիմացավ կողմերի տեսակետին եւ կոչ արեց զինվել համբերությամբ, որովհետեւ իրենից բացի հարցեր ունեն նաեւ երեք մեղադրողները: «Գուցե հարցեր չեն մնում ձեզ, այլ հարց է», պատասխանեց նա Արմենակյանի շահերի ներկայացուցչին: Այդուհանդերձ, փաստաբան Անդրեյանի դիմադրությունն ազդեցություն ունեցավ, քանի որ դրանից հետո մեղադրողը միանգամից շեղեց մեղադրանքի ուղղությունը եւ ամբաստանյալին առաջարկված հարցաշարով փորձում էր բացահայտել մեկ այլ վարկածՙ Ն. Հունանյանի ու ՊԱԿ-ի միջեւ եղած հնարավոր կապը: Մեղադրողի այս վարկածը դարձյալ զարմացրեց փաստաբաններին, որոնք կրկնում էին նախորդ նիստերից մեկում փաստաբան Մ. Չիլինգարյանի այն հարցադրումը, թե այդքան հարցեր ունենալով, ինչո՞ւ են գործը դատարան ուղարկել:
ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ