Ավելի քան 1 ամիս (ապրիլի 28-ից) Էրեբունու թիվ 2 պոլիկլինիկայում անվճար ախտորոշվում են համայնքի առավել անապահով բնակիչները: Նման միջոցառման նախաձեռնությունը պատկանում է ՀՌԱԿ «Էրեբունի» եւ «Կենտրոն» ակումբներին, որոնց եւ Էրեբունիում համայնքապետարանի ջանքերով էլ իրականություն դարձավ: Երեկ այդ բարեգործական ձեռնարկման վերջին օրն էր: Այդ ընթացքում համայնքի 768 բնակիչներ անցան ախտորոշման բոլոր փուլերովՙ էլեկտրակարդիոգրամա, ռենտգեն հետազոտություն, լաբորատոր անալիզներ, աչքի, քիթ-կոկորդի, նյարդային համակարգերի ստուգումներ եւ այլն: Անշահախնդիր աշխատող բուժանձնակազմի համար հատկապես դժվար էր առաջին երկու օրերին, երբ պոլիկլինիկա այցելեցին ավելի քան 300 անձինք: Հետագայում հոսքը կարգավորվեց, օրական հաճախում էին 20-25 հոգի: Լաբորատոր անալիզների համար քիմիական ռեակտիվները, այլ հետազոտությունների համար ժապավենները եւ մյուս նյութերը եւս տրամադրել էին միջոցառման նախաձեռնողները:
Երեկ պոլիկլինիկայի բժիշկների հետ միջոցառման ավարտի եւ մասնագիտական տոնիՙ բուժաշխատողի օրվա կապակցությամբ շնորհավորելու նպատակով հանդիպեցին ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը եւ Էրեբունու համայնքապետ Մհեր Սեդրակյանը:
Բացի ավանդական շնորհավորանքներից, առաջինը ելույթ ունեցած համայնքապետն իր շնորհակալությունը հայտնեց բուժանձնակազմին, նշելով, որ գրեթե բոլոր ախտորոշում անցածները գոհ են եղել ինչպես բժիշկներից, այնպես էլ անվճար ախտորոշումը կազմակերպողներից: ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առթիվ, նշեց, որ նրանք առանց որեւէ շահագրգռության օգտակար եղան համայնքի բնակիչներին: Իսկ որ այդ օգնության կարիքը կա, որեւէ կասկած չի հարուցում, պարզապես մարդիկ նյութական հնարավորություններ չունեն բժշկի դիմելու:
Այնուհետեւ ՀՌԱԿ ատենապետն անդրադարձավ նախօրեին երկրի նախագահի հետ իր հանդիպմանը, ասելով, որ վերջինս, ի հակադրություն այն կարծիքի, որ երկրի ղեկավարները տեղյակ չեն բնակչության վիճակի բոլոր հանգամանքներին, անգամ մանրուքների մասին լիարժեք տեղեկացված էր: Որպեսզի բնակչության ծանր իրավիճակը փոխվի, Ռուբեն Միրզախանյանն անհրաժեշտ համարեց կենտրոնանալ երկրի տնտեսական զարգացման վրա: Դրա համար անհրաժեշտ են ներդրումներ, իսկ ներդրումների համարՙ կայունություն: Սա այն գլխավոր պահանջն է, որ առաջադրում են ներդնողներըՙ տվյալ դեպքում սփյուռքահայ եւ ՌԱԿ անդամ գործարարները:
Ռուբեն Միրզախանյանը համառոտ անդրադարձավ նաեւ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, ասելով, որ դրանք շատ լավ վիճակում են եւ բոլոր հակառակ պնդողները պարզապես ստում են:
Հանդիպման վերջում, շնորհավորանքներից եւ շնորհակալություններից բացի, բուժաշխատողների համար պատրաստված էր հաճելի անակնկալՙ ՀՌԱԿ-ից նրանց տրվեցին նվերներ, իսկ համայնքապետարանիցՙ դրամական խրախուսում:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ