ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 15-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 404 տոննա ծիրան, որից 120 տոննանՙ օդանավով: Հիմնական մասը արտահանվել է Ռուսաստան, բայց եւ արդեն 18 տոննա ուղարկվել է Լեհաստան, 5 տոննաՙ Միացյալ Արաբական Էմիրություններ եւ այլ երկրներ:
Ինչպես հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական արտադրության զարգացման գլխավոր վարչության պետ Ալֆրեդ Խաչատրյանը, այս տարի սպասվում է 10-12 հազար տոննա բերք, կամ 2000թ. ստացված ծիրանի բերքի մոտ 30%-ը: Անցյալ տարի արտահանվել է ավելի քան 3 հազար տոննա:
Ա. Խաչատրյանը այս տարբերությունը բացատրեց երկու գործոններով. նախ անցյալ տարվա բերքը ռեկորդային էր, եւ նրա կրկնությունը քիչ հավանական էր, երկրորդՙ խիստ բացասական ազդեցություն թողեցին վաղ գարնանային անձրեւները:
Ինչպես նշեց վարչության պետը, վերամշակող ձեռնարկությունները պատրաստ են մթերելու իրենց հանձնվելիք բերքը: