«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#110, 2001-06-15 | #111, 2001-06-16 | #112, 2001-06-19


ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՉԷ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

Հունիսի 16-ին ԼՂՀ ներքին գործերի նախարարության մամլո ծառայությունը տարածել էր մի հայտարարություն, որով կոչ էր արվում բնակչությանը ձեռնպահ մնալ Սամվել Բաբայանի պաշտպանության նկատառումներով կազմակերպված ստորագրահավաքից:

Հայտարարության համաձայն, մի խումբ բաբայանամետ անձինք շրջագայելով մարդաշատ վայրերում, խնդրում են քաղաքացիներին ստորագրել իրենց ձեռքի տակ ունեցած այն դիմումը, ըստ որի պիտի փոխվի Սամվել Բաբայանի խափանման միջոցը: Դիմումի մեջ նաեւ նշվում է, որ ստորագրահավաքին քաջատեղյակ են ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունները, ինչպես նաեւ համաձայնեցված է պաշտպանության բանակի հրամանատարական կազմի հետ:

ԼՂՀ ՆԳՆ մամլո ծառայությունն այդ կապակցությամբ իրեն լիազորված է համարում հայտարարել, որ «նման բացատրությունները չեն համապատասխանում իրականությանը, եւ ստորագրահավաքի կազմակերպիչների գործողություններն ամենեւին էլ արտոնված չեն իշխանությունների կողմից»:

Ս. Բաբայանի խափանման միջոցը փոխելը, ըստ հայտարարության, հնարավոր չէ, քանզի դատավճիռը մտած է օրինական ուժի մեջ:

Հայտարարության մեջ նշվում է նաեւ վերջին օրերին քաղաքացիներից ՆԳ մարմինների հերթապահ բաժանմունքներ շարունակաբար ստացվող հեռախոսազանգերի մասին, որոնցով անհանգստություն է հայտնվում «ինչ-որ ներքին թշնամու ոչնչացնելու կոչեր պարունակող թռուցիկների» կապակցությամբ:

Ե. Ա., Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4