ՄՈՍԿՎԱ, 18 ՀՈՒՆԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ: Մի քանի շաբաթ առաջ «Գազետա-ՍՆԳ» ինտերնետային թերթը հայտարարել էր Ղարաբաղյան կարգավորման նոր առաջարկների բաց մրցույթ: Ավելի քան հարյուր առաջարկներից լավագույնն է համարվել բաքվեցի Ռզա Սաֆարովի առաջարկը, ըստ որի Հայաստանն ու Ադրբեջանը կպահպանեն իրենց արտաքին սահմաններըՙ Հայաստանըՙ Իրանի, Ադրբեջանըՙ Թուրքիայի հետ, եւ միաժամանակ պետք է տրանսպորտային թունելային միջանցքներ փորել Մեղրիի տարածքով Ադրբեջան-Նախիջեւան, իսկ Լաչինովՙ Հայաստան-Ղարաբաղ, ընդ որում թունելի դրսի մակերեսը համարվում է տվյալ երկրի տարածք, իսկ ներսի մակերեսը պատկանում է հակառակ կողմին:
Երկրորդ մրցանակին է արժանացել լոսանջելեսաբնակ հայ լրագրող Գրիգոր Հակոբյանը, որն առաջարկում է Ղարաբաղի պատկանելության խնդիրը լուծել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջազգային մրցույթ անցկացնելով: Այն էՙ բանակցությունները սառեցնել 10-20 տարով, իսկ այդ ընթացքում Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է փորձեն ստեղծել իրոք իրավական ժողովրդավարական պետություններ, եւ վերջում համեմատել ցուցանիշները ու հաղթողին «պարգեւատրել» Լեռնային Ղարաբաղով: