Ցեմենտի շուկայում լարվածությունը թուլացել է, բայց շարունակվում է
Վերջին մեկ ամսվա ընթացքում ցեմենտի տեղական շուկայում ստեղծված լարվածությունը վերջին օրերին մի փոքր թուլացել է: Անցյալ շաբաթ շուկայում ստեղծված տագնապահարույց վիճակին ահազանգող հայտարարությանը հաջորդած 4-5 օրերի ընթացքում վիճակը մի փոքր կարգավորվել է: Համենայն դեպս, մեր ունեցած տվյալներով, շինարարական կազմակերպությունները ստիպված չեն շինարարությունները չկանգնեցնելու համար այսուայնտեղից պարկերով ցեմենտ հայթայթել: ՀՀ շինարարների միության նախագահ Վ. Պողոսյանը տեղեկացրեց, որ այսօր մեկ պարկ ցեմենտի մեծածախ գինը (կամՙ գործարանային) կազմում է 27 հազ. դրամ, ինչը ավելի տանելի է, քան սուր դեֆիցիտի օրերին «թռած» ամենաբարձր գինըՙ 50-60 հազ. դրամ, սակայն անբավարար, քան նախկին գներըՙ երբ մեկ պարկը գործարաններից ձեռք էր բերվում 21-23 հազ. դրամով: Ըստ պրն Պողոսյանի, ստեղծված վիճակը շուկայում անբնական է, քանի որ Հայաստանում երբեք ցեմենտի դեֆիցիտ չի եղել. միշտ էլ առաջարկը երեք անգամ գերազանցել է պահանջարկը: Տեղական շուկան գրեթե հավասարապես կիսում են հայաստանյան երկու գործարաններըՙ վերջերս «Միկա Արմենիայի» կողմից սեփականաշնորհված «Հրազդանցեմենտը» եւ արդեն մոտ մեկ տարի սեփականաշնորհման գործընթացի մեջ գտնվող «Արարատցեմենտը»: Առաջինը, պրն Պողոսյանի վկայությամբ, աստիճանաբար ընկնում է հունի մեջ, եւ ստանձնել է կարեւոր շինարարական (զորօրինակՙ Երեւանի Մայր տաճարի շինարարության) առաջնահերթ մատակարարման գործը, սակայն, ըստ ամենայնի, դեռ ամբողջ հզորությամբ չի աշխատում (կամ չի ուզում աշխատել-Գ. Մ.), իսկ երկրորդըՙ էքսվարչապետ Ա. Սարգսյանի գլխավորած «Արարատի» գործարանը, դեռ շարունակում է պարապուրդը:
Ըստ մեր դիտարկումների, ստեղծված իրավիճակը շուկայում շարունակվող ներքին խմորումներն են, որոնց արդյունքում ցեմենտագործները շարունակում են պաշտպանել իրենց կարծր դիրքերը, սակայն տուժում է սպառողը: Թե ինչքա՞ն կշարունակվի այդ վիճակը, դժվար կանխատեսելի է, համենայն դեպս, առանց երկրորդ գործարանի աշխատանքի ու մրցակցության վերականգնման դժվար է որեւէ դրական միտում սպասելը:
Ինչ վերաբերում է «Արարատցեմենտի» կարգավիճակին, ՀՀ պետեկամուտների նախարարությունից տեղեկացանք, որ օրերս ձեռնարկության մասնավորեցման հայտերի բացման օրը հետաձգվել է (արդեն երրորդ անգամ), այս անգամՙ մինչեւ հուլիսի 2-ը: Գործարանը գնելու առաջարկները հիմա էլ երեքն են (նախկինում կային 5 «մտադիրներ»)ՙ շվեյցարական «Հոլսիմ» ընկերությունը (որն, ի դեպ, նաեւ գնել է Բաքվի ցեմենտի գործարանը), լիբանանյան «Սիմենտը», եւ, ինչպես միշտՙ աշխատավորական կոլեկտիվը (հանձին տնօրեն Ա. Սարգսյանի-Գ. Մ.):
Գ. ՄՈՒՔՈՅԱՆ